-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ԱԱԾ-ն ոչ թե Վ. Մանուկյանով, այլ պարտության քարոզ տանող ամբողջ ցանցով պետք է զբաղվի. սա հեղաշրջման կոչ է. Տեր-Աբրահամյան. «ՀԺ»
թերթերի տեսություն

ԱԱԾ-ն ոչ թե Վ. Մանուկյանով, այլ պարտության քարոզ տանող ամբողջ ցանցով պետք է զբաղվի. սա հեղաշրջման կոչ է. Տեր-Աբրահամյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ինչպե՞ս կարելի է այն հերոսական դիմադրությունը, որն այսօր վարում է հայ ժողովուրդը, կոչել ամոթալի էջ». ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ նկատեց քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Հայտարարելով, որ մենք այժմ ապրում ենք մեր պատմության ամոթալի եւ կործանարար էջերից մեկը, երբ վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, Վազգեն Մանուկյանը ընդգծել էր՝ միակ փրկությունը գործող Կառավարության հրաժարականն է, իշխանությունը բանակին փոխանցումը, որից հետո նաեւ Պաշտպանության կոմիտեի ձեւավորումը:

Պարսավանքի այն արշավին, որ համացանցում հետեւեց Մանուկյանի եւ նրան միացած նախկին իշխանությունների մի քանի ներկայացուցիչների այս հայտարարությանը, հավանաբար միացան շատերը: Իսկ թե իրականում որն էր հայտարարության նպատակը՝ տարածված հայտարարությամբ պարզաբանեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբը.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ  զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից»:

Պարոն Տեր-Աբրահամյան, Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ մենք այժմ ապրում ենք մեր պատմության ամոթալի եւ կործանարար էջերից մեկը, վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը եւ հայության ապագան, ուստի այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը: Խնդրում եմ ձեր կարծիքն ասել այս հայտարարության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ կան հայտարարությանը որոշ միացողներ:

Նախ՝ ինչպե՞ս կարելի է այն հերոսական դիմադրությունը, որն այսօր վարում է հայ ժողովուրդը, կոչել ամոթալի էջ։ Պատկերացնո՞ւմ եք, 1918-ին, երբ թուրքերը Երեւանի դռանն էին հասել, մեկը դիմադրության կոչ անելու փոխարեն խոսեր ամոթալի էջերի մասին։ Պատկերացնո՞ւմ եք, 1992-ի ամռանը, երբ թուրքը Գանձասարի դռանն էր հասել, Վազգեն Սարգսյանը, որի նահատակման տարելիցն է այսօր, ոչ թե մահապարտների խումբ կազմելու կոչ աներ, այլ խոսեր ամոթալի էջերի մասին։ Չշարունակենք՝ ամեն բան պարզ է ինքնին։

Հիմա հայտարարության բուն իմաստի մասին։  Նախ՝ այն հակասահմանադրական է եւ հակաօրինական։ Առաջին, որովհետեւ փաստացի ռազմական հեղաշրջման կոչ է անում, որը մեր բանակը բնականաբար ի սպառ մերժեց արդեն։

Երկրորդ՝ կոչ է անում Հայաստանի օրինական, ընտրված Կառավարության հրաժարական, եւ Կառավարության փոխարինում Սահմանադրությամբ չնախատեսված մի ինչ-որ մարմնով՝ ՊՊԿ-ով։  Այսքանն ինքին արդեն հակապետական, հակաօրինական արարք է։

Անհնար է պատկերացնել, բայց փաստ է, որ նման հակասահմանադրական կոչով հանդես է գալիս Հայաստանի հիմնադիրներից մեկը։

Իսկ եթե հաշվի առնենք, որ հեղաշրջման կոչ է արվում պատերազմի օրոք, բանակին կոչ է արվում դուրս գալ գերագույն գլխավոր հրամանատարի դեմ, այսինքն՝ պղծել բուն իսկ բանակի, զինվորի երդման, հավատարմության գաղափարը, ապա հակաօրինականից բացի տեղափոխվում ենք նաեւ հակաբարոյական, հակազգային դաշտ։

Ընդ որում՝ օրենքով նաեւ սահմանված է, որ բանակը դուրս է քաղաքականությունից, ուրեմն օրենքի եւս մեկ խախտում ունենք այստեղ։

Համացանցում կային պնդումներ, որ հեղաշրջման այս փորձի հետեւում կանգնած են այլ մարդիկ, սա Վազգեն Մանուկյանի անձնական նախաձեռնությունը չէ: Ո՞ւմ նախաձեռնությունը կարող է լինել:

Այս կոչի մեջ կային այսպես ասած փոքրիկ խորամանկություններ։ Առաջին հայացքից խոսվում է իշխանությունը բանակին փոխանցելու մասին։ Իրականում սրանից անմիջապես հետո ասում է, որ բանակը պետք է կազմավորի պաշտպանության կոմիտե՝ մի անհասկանալի մարմին, որի իբր անհրաժեշտության մասին արդեն առնվազն կես ամիս է խոսում են տարբեր քաղաքական խմբակների տեսակետներն արտահայտող «խոսափողները»։ Այսինքն՝ իրականում ոչ թե բանակին է անցնում իշխանություն, այլ այդ կոմիտեին։ Ինչ-որ քաղաքական մարմնի, ոչ սահմանադրական, որի կազմի մասին բան չի ասվում։  Բացի այն, որ սա պետական կարգի տապալման ծրագիր է, պարզ է, որ այս Կոմիտեի կազմում պետք է լինեն ինչ- որ քաղաքական գործիչներ։ Ովքեր՝ Մանուկյանը համեստորեն լռում է։ Գուցե ինքն իրեն էլ է այդտեղ տեսնում։ Բայց հաստատապես միայն ինքը չի ենթադրվում, եւ հաստատապես ինքը չէր լինելու այդտեղ գլխավոր դեմքը։ Նա ընդամենը միտք բարձրաձայնողն էր։ Պարզ է, նույնիսկ ոզնուն, որ այդ Կոմիտեի կազմում իրենք ենթադրում են Հայաստանի նախկին իշխող խմբերի այլեւայլ ներկայացուցիչների։  Հիշեցնեմ, որ ժամանակին 1992-ին Ղարաբաղում ստեղծվել էր Պետական պաշտպանության կոմիտե, որի նախագահը Քոչարյանն էր։ Մեր դեպքում, կարծում եմ, այդ անունը յուրահատուկ կոդ է՝ Քոչարյանին կամ նրա խամաճիկներից մեկին իշխանության բերելու։ Պարզ է, դա մի ձեւական բան է, անուն, որ չասեն՝ իշխանությունը պետք է զիջես այսինչ քաղաքական ուժերին, որ ժողովորդի առաջ լրիվ խայտառակ չլինեն։ Սա արդեն ամբողջը վերածում է զավեշտի՝ պատերազմի ժամանակ նրանք վերջնագիր են ներկայացնում պետությանը, որ իշխանությունը հանձնի ինչ- որ քաղաքական ֆիգուրի, որի անունը նույնիսկ ամաչում են ասել, որ ժողովուրդն ավելի եւս չվրդովվի։ Ու իրենց կարծիքով սա պետք է չհասկացվեր։

Մյուս խորամանկությունը կապված է այդ Կոմիտեի գործառույթների հետ։

Տեսեք, չի ասում, գիտեք, ստեղծում ենք Կոմիտե, որն այս օրհասական պահին պետք է վարի մեր ժողովորդի հերոսական պայքարը, կազմակերպի դիմադրություն, տանի մեզ դեպի հաղթանակ։ Նրանք սարսափում են հաղթանակ բառից։ Չէ, որ նրանց համար սա ոչ թե հերոսական պայքարի, այլ ամոթալի դրվագ է։ Ու այնքան սարսափած են, որ նույնիսկ ձեւի համար, թեկուզ ավելի շատ ազնիվ քյարփինջ խաբելու համար, նույնիսկ այդ տեքստում չեն ներառել այդ ամենը՝ պայքար, հաղթանակ եւ այլն։ Այլ գրում են ինչ-որ պատերազմի հետ կապված գործողությունների մասին։ Պատերազմի հետ կապված գործողությունն ի՞նչ է։ Ամաչո՞ւմ եք ասել՝ վարել հայ ժողովորդի դիմադրությունը, պայքարը, տանել նրան դեպի հաղթանակ։

Բայց էդ գործողությունը զուտ բառեր են։ Կոնկրետը կոչի վերջում  է։ Գնալու բանակցությունների շահագրգիռ պետությունների հետ։ Թվում է ինչ վատ բան է՝ բանակցել։ Վատ բան չէ, բայց այստեղ դա է նշված որպես միակ կոնկրետ, քիչ թե շատ պարզ նպատակ։ Ոչ թե պայքար, որը չկա, այլ ինչ որ բանակցություններ։ Ո՞ւմ հետ, ինչ բանակցություններ! Սա դարձել է ոմանց իդեա ֆիքսը, զառանցանքը։ Իբր ներկա կառավարությունը չի կարողանում բանակցել, թողեք մենք բանակցենք։ Ոչ պաշտոնական, ոչ հրապարակային մակարդակում այս միտքն անընդհատ պտտացնում են բավականին տարբեր քաղաքական շրջաններ, թե իբր, այս կառավարությունը չի կարողանում բանակցել, եւ պետք է այդ լիազորությունները տալ ազգի փրկիչներից մեկին։ Նամակներ, հանդիպումներ, քննարկումներ են այդ թեմայով կազմակերպում։ Սա էլ այս կոչի մյուս խորամանկությունը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին