7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108185.6 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ԱԱՏՄ-ն՝ մեկ տարի առաջ և այսօր․ կայացել է տեսչական մարմնի երկրորդ տարեկան ժողովը
Այլ Լուրեր

ԱԱՏՄ-ն՝ մեկ տարի առաջ և այսօր․ կայացել է տեսչական մարմնի երկրորդ տարեկան ժողովը

Կայացել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երկրորդ տարեկան ժողովը: Բացօթյա հավաքի ընթացքում ամփոփվել են տեսչականի ղեկավար Հակոբ Ավագյանի պաշտոնավարման մեկ տարում արձանագրված հիմնական ձեռքբերումները, խնդիրները, անելիքները։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Պետք է արձանագրել, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Հակոբ Ավագյանի նշանակվելուց հետո ԱԱՏՄ-ում տեղի ունեցող փոփոխությունների տեմպն ակնառու է։ Ըստ էության, պետք է ամեն ինչ անել, որ այս միտումը պահպանվի։ Այն, որ տեսչական այս մարմինն իր առաջ այդքան բարձր նշաձող է սահմանել, ինքնին դրական է։ Առանձնահատուկ ուզում եմ նշել ԱԱՏՄ անկյունաքարային դերը կորոնավիրուսի հաղթահարման մեծածավալ աշխատանքում»,-իր խոսքում շեշտել է Էդուարդ Աղաջանյանը։

Նա շնորհակալություն է հայտնել տեսչականի ղեկավարին եւ իր թիմին` անձնվեր աշխատանքի համար։ «Այդ աշխատանքն ակնառու է, անձամբ եմ դրան ականատես եղել»,-շեշտել է Աղաջանյանը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը կարեւորել է աշխատանքների հաշվետվողականության ԱԱՏՄ այս մոտեցումն ու իր հերթին շեշտել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մեծ դերը վերահսկողական աշխատանքներում։

«Ընդգծել, որ տեսչականում փոփոխություններն ակնառու են, դեռ չի նշանակում, որ պիտի բավարարվենք այդքանով։ Դա հետագա առաջընթացի եւ զարգացումների հիմք պետք է լինի։ Շատ աշխատանք կա անելու։ Սրանք դեռ առաջին քայլն են տեսչական գործառույթների բարելավման ուղղությամբ։ Անձամբ էլ խոստանում եմ ջանք չխնայել նաեւ տեսչականների գործունեությանն առնչվող իրավական ակտերի հետագա կարգավորումների հարցում»,-ընդգծել է Ասոյանը։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանգամանորեն խոսել է տեսչականում առկա եւ այս ընթացքում արդյունավետ լուծում ստացած մի շարք խնդիրների ու ձեռքբերումների մասին։

Վերջինների շարքում, մասնավորապես, ներկայացվել է, որ ԱԱՏՄ-ն առաջին անգամ ունեցել է տարեկան աշխատանքային ծրագիր, իր վերահսկողական գործառույթներում առաջին անգամ այս տարի սկսել է առաջնորդվել ստուգումների տարեկան ծրագրով։ Վերջինի մասով մշակվել եւ կառավարության կողմից հաստատվել են ստուգաթերթեր։

2019 թ. տարեվերջին ԱԱՏՄ խնայված միջոցներով կառավարության որոշմամբ ձեռք է բերվել նոր աշխատանքային գույք և համակարգչային տեխնիկա։ Բարելավվել են աշխատանքային պայմանները։ Փոխարինվել է խիստ հնամաշ գույքն ու հին տեխնիկան, ընթացքի մեջ է մյուս մասի արդիականացումը։ Համալրվել է ավտոպարկը՝ ապահովելով մարզային տարածքային կենտրոնների եւ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի օպերատիվ աշխատանքը։

ԱԱՏՄ տարածքային 3 կենտրոնները տեղակայվում են պետական շենքերում՝ խնայալով վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։ ԱԱՏՄ գլխամասն ու Երևանի տարածքային կենտրոնը կմեկտեղվեն նոր շենքում։ Կբարելավվեն շենքային պայմանները, խիտ տեղակայված մեծ աշխատակազմը կունենա աշխատանքային հարմարավետ պայմաններ։

Ամբողջացվել են մի շարք ներքին կանոնակարգեր, աշխատակազմը համալրվել է։ Սկսել են գործել տեսչականի նոր կայքն ու շուրջօրյա թեժ գիծը։

Ամփոփ անդրադարձ է կատարվել համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանին եւ ողջ երկրով մեկ տարվող ԱԱՏՄ լայնածավալ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին։

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ վերահսկողական եւ կանխարգելիչ աշխատանքներում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, արդյունավետ աշխատանքի, ջանքերի եւ սրտացավ մոտեցման համար ԱԱՏՄ մի շարք աշխատողներ արժանացել են ԱԱՏՄ ղեկավարի շնորհակալագրին։ Եւս 5 աշխատակից խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին