8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Ադրբեջանը երբեք չի դառնալու ժողովրդավար, սա պետք է նկատի ունենանք․ Թևան Պողոսյան
Գլխավոր Նորություններ

Ադրբեջանը երբեք չի դառնալու ժողովրդավար, սա պետք է նկատի ունենանք․ Թևան Պողոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը հաղթել է, և նոր գումարման Միլի Մեջլիսում կունենա 125 մանդատից 69-ը։ Ըստ մամուլում տարածվող տեղեկության՝ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով։

NewArmenia.am-ը զրուցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի հետ։

-Պրն Պողոսյան, նախորդ տարի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու կարգադրություն ստորագրեց։ Նախորդ խորհրդարանում կա՞ր ընդդիմություն, եթե ոչ, ապա ինչու՞ Ալիևը որոշեց ցրել այն։

-Ադրբեջանում ընդդիմադիր ինստիտուտներ չկան։ Խոսքը նրա մասին է արդյո՞ք Ադրբեջանում որևէ պետական ինստիտուտներ ունեն ինչ-որ ընդդիմադիր երևույթներ՝ ոչ՝ չկան, արդյո՞ք խորհրդարանում կա լուրջ ընդդիմություն՝ չկա։ Ինչ վարքագծով է կյանքը շարունակվելու՝ ձևական, կամ մի գուցե արտախորհրդարանական բաներ կլինեն՝ կյանքը ցույց կտա։ 125 պատգամավորի մեջ երեք կամ հինգ ընդդիմադիր պատգամավորները ի՞նչ դեր են խաղում։

Ալիևը տրանսֆորմացիայի խնդիր է ունեցել՝ իշխանության փոխանցման, նաև կուտակված բողոքի տրամադրությանը փորձել է լուծում տալ արտախորհրդարանական ընտրություններով։ Որ չհասունանա մի վիճակ, որ անպայման ինչ-որ պայթյուն լինի, հետևաբար փորձել է արտահերթ ընտրությունների քայլին գնալ, որ հետո մարդիկ բողոքեն, թե ինչ-որ բան վատ է, ասի ձեր ընտրած խորհրդարանն է։ Ինչքան էլ ասեն, որ հարուստ երկիր են, Ադրբեջանում սոցիալական վիճակը այնպես չի որ փայլատակում է։

-Ըստ Ձեզ ինչ ուղի կyնտրի Ադրբեջանը, ինչ ակնկալիքներ ունենանք նոր խորհրդարանից

-Ադրբեջանը ոնց ավտորիտար գնացել է, տենց ավտորիտար էլ գնալու է միշտ, կառավարվելու է «թագավորով»՝ այսօր Ալևն է, վաղը կարող է տիկին Փաշաևան լինի, իրենց կառավարման տեսակն է դա։ Ժողովրդավարություն ասվածը որքան Թուրքիայում է աշխատում՝ նույնիսկ այդքան զարգացումներով՝ աշխարհի հետ խառնվելով, եվրոպական երկրների հետ շփվելով, փորձելով այդքան եվրոպական ինտեգրում անցնել, գտնվելով եվրոպական տնտեսական գոտու մեջ, գտնվելով ՆԱՏՕ-ի կազմի մեջ, այնքան էլ Ադրբեջանը կդառնա ժողովրդավարական բոլոր այդ ամեն ինչով անցնելով։ Այս երևույթը մենք պետք է միշտ նկատի ունենանք, որ Ադրբեջանը երբեք չի դառնալու ժողովրդավար։

-Հունվարի 29-ին Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը բավական երկար տևեց և շարունակվեց հունվարի 30-ին։ Հաշվի առնելով բանակցությունների այդ երկար տևողությունը` կարո՞ղ ենք ենթադրել, որ քննարկում է եղել բանակցությունների սեղանին դրված հստակ նախագծի շուրջ։

-Մենք կարող ենք պատկերացնել, որ այնտեղ նստած են առնվազն վեց հոգի մարդ, ամեն մեկը իր կարծիքը տասից տասնհինգ րոպե նույն թեմայի շուրջ արտահայտի այդ ժամանակը կլրանա։ Իսկ կարծիքները տարբեր են եղել, օրինակ հումանիտար ծրագրեր, որոնք կօգնեն իրավիճակի հոգեբանական ձգվածությունը թուլացնել,  օրինակ արդյոք նորից պետք է կրկնել լրագրողների փոխայցերը, թե այլ բան պետք է անել։ Դրանից հետո խոսում էին, թե ինչ պետք է հիմքում ծառայի ապագա քննարկումներում, Ադրբեջանը փորձում էր շեշտադրում անել, որ մենք անպայման  Հելսինկյան վերջնական ակտի խնդիրը բարձրաձայնենք, հայկական կողմն էլ բացահայտեց, որ մենք քննարկել ենք Արցախի հանրապետության վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Հաշվի առնելով, որ Մամեդյարովի կյանքը ընդմիշտ չի, հնարավոր է որպես գնացող ԱԳ նախարար փորձել է նոր խորհրդարանում ցույց տալ, որ լավ բանակցող է, որպեսզի շարունակի պաշտոնավարել։ 

Ըստ իս՝ բանակցային գործընթացն այնքանով է կարևոր, որը կարող է ձևավորել աշխարհում հայկական տեսակետները ներկայացնելն ու առաջ տանելը։ Հարցի լուծումը այլ տեղ է կայանում, մենք ունենք տնային անելու, և դա պետք է այնքան որակով անել, որ բանակցային սեղանի վրա ինչ-որ թղթեր գալ գնալով հարցի վրա ներազդեցություն չունենա։ Մենք պետք է կարողանանք մեր տնտեսությունը հզորացնենք, մեր ազգային ոգին ամուր պահենք, միասնական լինենք, զարկ տանք գիտությանը, ռազմարդյունաբերությանը, որտեղ, որ հայկական զինվորը պինդ կանգնած է լինելու ժամանակակից զինատեսակներով և դրա հետ միասին իր թիկունքում զգալու է ազգային միասնությունը, այդ բոլոր տարածքները լինելու են հայկական։

 Տարբեր փաթեթներ եկել գնացել են, տարբեր դիվանագետներ եկել գնացել են, ինձ համար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե 30 տարվա այլ առնվազն հարյուր մեկ տարվա պատմություն ունիё սկսած 1918թ-ից․։ Դա մեր ազգային անվտանգության համար մեկ խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք անպայման լուծել։ ՀՀ-ն Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորն է, Արցախի հանրապետությունն էլ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, ինչքան կանգուն երկուսը կմնան, ինչքան կհզորանան, այնքան հայության անվտանգության հարցը լուծված է լինելու, բանալին մեր ձեռքում է հայանպաստ լուծման համար։

-Նախորդ տարի նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայց, կարո՞ղ ենք համարել այդ քայլը դրական տեղաշարժ։

-Ցանակացած քայլ, որ մշակվում է նպատակ է դրվում, թե ինչին այն պետք է օգտակար լինի, որն է արդյունքը։ Այս առաջին այցի հետ կապված կա արդյունք, որ հայ լրագրողները Ադրբեջանից եկել են և ճշմարտությունն են գրել, իսկ Ադրբեջանի լրագրողները Հայաստանից գնալուց հետո, գրել են այն ինչ իրենց գրել տվել են, կարող էին չգալ ՀՀ, այդ նույնը գրեին տային իրենց ձեռքը։ Նշանակում է այստեղ կա խնդիր։ Երկրորդը՝ արդյո՞ք իրենց գրած նյութերը նպաստել են, որ դիսկուրսը փոխվի, թե օրինակ իրենց գրած խնդիրները, որ հայերը սոված են, տնտեսությունը վատ վիճակում է, քիչ է մնացել՝ հայերը կվերանան՝ նման բաները որևէ դրական արդյունք չեն կարող ունենալ։ Բայց այս գաղափարի մեջ կա նաև դրական երևույթ՝ այս այցը չի պլանավորվել  մի այլ կողմից, բացի երեք կողմերն իրար հետ քննարկելուց, փաստորեն մեր բանակցող ու կազմակերպող կողմերը եղել են ՀՀ ԱԳ նախարարությունը, Արցախի հանրապետության ԱԳ նախարարությունը և Ադրբեջանի հանրապետության նախագահական աշխատակազմը։ Սա առաջին անգամ է և սա դրական է, եթե հետագա այցերը կսկսեն սենց կազմակերպվել և կսկսեն գիտակցել, որ կարողանան դեպի արդյունք տանել, և այդ արդյունքը կտեսնենք, որ դրական է՝ իմաստ կլինի, եթե ոչ՝ ապա այս երեսուն տարվա մեջ ունեցել ենք տարբեր փոխայցեր միջազգային դոնորների կողմից կազմակերպված, բայց ունենք այն ինչ-որ այսօր ունենք։ Մեր ունեցած արդյունքը այդքան էլ դրական չէ։

-Ադրբեջանը հաճախ է հայտարարում տարածքային ամբողջականության մասին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին։ Նախորդ տարի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ հրապարակային հրավեր ուղղեց Մեհրիբան Ալիևային՝ գալ Ղարաբաղ և իրականացնել վերջինիս երազանքը՝ Ղարաբաղում մուղամ լսել։ Ինչպե՞ս եք դիտարկում այս քայլը։  

-Հրավերի խնդրում որևէ պրոբլեմ չեմ տեսնում։ Իմ ընկալմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ։ Որևէ վատ բան չեմ տեսնում, երբ որևէ մեկը ցանկանում է որևէ արտասահամանցի հրավիրել՝ գա Արցախի Հանրապետությունը տեսնի։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին. Փաշինյանը` Սումգայիթի մասին

Աշխեն

Ինչպես են Ադրբեջանում «հայթայթում» «միջազգային դիտորդների». արձագանքում են գերմանացի դիտորդները

Diana Amirkhanyan

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին