19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան. Իտալիայում Հայաստանի դեսպան
Այլ Լուրեր

Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան. Իտալիայում Հայաստանի դեսպան

 Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված է եղել: «Adnkronos»-ին տված հարցազրույցում նշել է Հռոմում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը վերջին ժամերին երկու նախկին խորհրդային երկրների միջև բախումների վերաբերյալ:

«Մենք նախազգուշացրել էինք միջազգային հանրությանը, որ Բաքվի բռնապետությունը նոր սադրանք է պատրաստում Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն) դեմ» և «համապատասխան արձագանքի բացակայության պարագայում այս հարձակումն անակնկալ չէր: Այս ագրեսիան նախապես ծրագրված է եղել, և ադրբեջանական կողմի` «հակահարվածի» մասին ցանկացած հղում միանգամայն կեղծ է»,- նշել է դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Ըստ դեսպանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հարձակմանը տարիներ շարունակ նախորդել են ռազմատենչ հռետորաբանությունը և ադրբեջանական ղեկավարության կողմից ատելություն սերմանող ելույթները, որոնցից վերջինը` արված նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, լի էր ատելությամբ և պարունակում էր հայ ժողովրդի դեմ հստակ ցեղասպան մտադրություններ»:

Համբարձումյանբ ընդգծում է, որ Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիային նախորդել են Ադրբեջանի և Թուրքիայի լայնամասշտաբ զորավարժությունները, որոնցում ներգրավված են եղել հազարավոր զինվորականներ, հարյուրավոր ռազմատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ, ներառյալ՝ ԱԹՍ-ներ: Մտահոգիչ էր այն փաստը, որ զորավարժություններից հետո թուրք զինվորականներն ու ռազմական տեխնիկան մնացին տեղակայված Ադրբեջանում:

«Ադրբեջանը երբեք չի թաքցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի միջոցով լուծելու և շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության բարձր աստիճանի պահպանման իր ռազմավարական նպատակը»: Համբարձումյանի համար այն փաստը, որ Ադրբեջանը չի հետևել համավարակի բռնկումից հետո համընդհանուր զինադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին, վկայում է պատերազմին պատրաստվելու նրա վճռական մտադրության մասին:

«Իրոք,- շարունակում է դեսպանը,- վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար, այն պարագայում, երբ այդ գումարը կարող էր ուղղվել իր ժողովրդի բարեկեցությանը, և այժմ եկել է այդ ծախսերն արդարացնելու ժամանակը»: Դեսպանը նշում է, որ «Տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահը (Իլհամ Ալիևը) հրապարակայնորեն դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (որը ներառում է Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ այդպիսով բացահայտորեն գնալով պատերազմի»:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և վերահաստատել, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մեր տարածաշրջանում շահագրգիռ կողմերից ակնկալում ենք ավելի վճռական դիրքորոշում՝ հորդորելու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության վերականգման և պահպանմանն համար՝ կանխելու անսպասելի հետևանքները»,- ընդգծեց դեսպանը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր պատմական հողի վրա խաղաղ կյանքի և սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի:

«Հայաստանը գնահատում է իտալական իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք արտահայտել են իրենց աջակցությունը և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները: Իտալիայի կառավարությունը քաջատեղյակ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, և հույս ունենք, որ Իտալիան իր հայտարարություններում և գործողություններում կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն)»,- ավելացնում է դեսպանը:

«Հավաստի տեղեկություններ կան, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օգտագործվել են նաև օտարերկրյա վարձկաններ ժամանած Սիրիայի այն հատվածներից, որոնք վերահսկվում են թուրքական զինված ուժերի կողմից»,- նշել է Ծովինար Համբարձումյանը «Adnkronos»-ին՝ մեղադրելով Թուրքիային Կովկասի տարածաշրջանի համար հակամարտությունում Ադրբեջանին ուղղակիորեն սատարելու մեջ:

«Ներկայիս հարձակման ժամանակ,- հաստատում է դեսպանը,- ոչ միայն թուրքական արտադրության ԱԹՍ-ներ են գործի դրվել, այլև շփման գծի մոտակայքում նկատվել են նաև թուրքական F16 կործանիչներ»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին