-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115843.2 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Ադրբեջանը լոբբինգի համար ծախսում է միլիարդավոր դոլարներ. չի կարող հայկական լոբբինգը ունենալ նույն արդյունքը, ինչ ադրբեջանականը»
Այլ Լուրեր

«Ադրբեջանը լոբբինգի համար ծախսում է միլիարդավոր դոլարներ. չի կարող հայկական լոբբինգը ունենալ նույն արդյունքը, ինչ ադրբեջանականը»

«Դա օբյեկտիվ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստենք, որովհետև եվրոպական, միջազգային կառույցները, որոնք հանդես են գալիս պաշտոնական հայտարարություններով, խոսում են ճանաչված քաղաքների մասին: Իսկ այդ ճանաչված տարածքները հանդիսանում են Ադրբեջանի սուվերեն տարածքներ, ու բնական է, որ Գյանջան, որը Ադրբեջանի սուվերեն տարածքն է, չի կարող եվրոպական կառույցներում գտնվել նույն հարթության վրա, ինչ Ստեփանակերտը։ Ստեփանակերտն ու ընդհանրապես ԼՂԻՄ-ը, միջազգային կառույցները համարում են ռազմական գոտիներ, և ինչ-որ առումով «նորմալ է», որ կարող են ռազմական գործողություններ ընթանալ այդ տարածքներում՝ ըստ նրանց, իսկ Գյանջան պատերազմական գործողություններից դուրս է»,- New Armenia.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Գոռ Մադոյանն՝ անդրադառնալով տեղեկատվական դաշտում հայկական կողմի կատարած աշխատանքին և դրա արդյունքում միջազգային կառույցների և հանրության արձագանքին՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասով։

Մադոյանի համոզմամբ՝ հիմնական խնդիրը Արցախի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված չլինելն է, սակայն այլ հարց է, որ նույն այդ միջազգային կառույցները, ովքեր հանդես են գալիս միակողմանի հայտարարություններով՝ ի պաշտպանություն Ադրբեջանի, նույնկերպ չեն արձագանքում կամ դատապարտում Ադրբեջանին, երբ ռազմական և հետախուզական ԱԹՍ-ները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն են թիրախավորում։ Սա արդեն պետք է լինի ՀՀ Արտաքին գործերի նախարարության ակտիվ աշխատանքի տիրույթում, վստահ է քաղաքական վերլուծաբանը։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ կարծում է, որ հայկական լոբբինգի ներկա վիճակը տարիների վատ աշխատանքի արդյունք է․ «Խնդիրն այն է, որ մենք տարիներ շարունակ չենք կարողացել այդ հիբրիդային պատերազմում ունենալ հաղթանակ, այդ պատճառով էլ մենք ունենք այն,ինչ ունենք հիմա։ Այսինքն՝ ամբողջ աշխարհը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական մարտերի համատեքստում»։ Նա վստահ է, որ մենք չենք կարողացել աշխարհին ցույց տալ, թե Արցախում կատարվողն իրականում ինչ է, իսկ «սա հայ ժողովրդի մի հատվածի ինքնորոշման խնդիրն է, նրա ֆիզիկական գոյության պահպանման խնդիրն է դրված»,- ասաց Նավասարդյանը։

Այս մասով համակարծիք է նաև Գոռ Մադոյանը, նա ևս նշում է, որ ահռելի աշխատանք ունենք անելու՝ աշխարհին ցույց տալու համար, որ խոսքը մարդկանց ինքնորոշման, ֆիզիկական գոյության մասին է։

Բանախոսները ընդգծում են մի շատ կարևոր հանգամանք, որ  Ադրբեջանը լոբբինգի համար ծախսում է միլիարդավոր դոլարներ, և չի կարող հայկական լոբբինգը ունենալ նույն արդյունքը, ինչ ադրբեջանականը։

«Ադրբեջանը և Թուրքիան միլիոններ են ծախսում պրոպագանդիստական բնագավառում, մենք այդ հանարվորությունները չունենք, քանի որ մեր բյուջեն ծախսվել է տարբեր մարդկանց անձնական շահերի համար ապացույցը Մանումենտի ապարանքները»,- ասում է Արման Նավասարդյանը և հավելում, որ մեր դեսպանությունները պետք է կարողանան աշխատանքային այնպիսի գործունեություն ծավալել, որ հնարավորինս կարողանան Հայաստանի շահերը պաշտպանել, բայց Նավասարդյանը կասկածում է, որ մեր դիվանագետներից շատերն ի վիճակի կլինեն այդ աշխատանքները կատարել։

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով էլ՝ ԱԳՆ-ից բացի այս աշխատանքներին պետք է լծված լինեն նաև Ազգային ժողովի պատգամավորները, միջազգային իրենց գործընկերների հետ շփումները պետք է ավելի  ինտենսիվ լինեն։

«Հայկական դիվանագիտությունը և ոչ միայն, կարող էին հենց նույն միջազգային փաստաթղթերի կամ դեկլարացիաների տրամաբանությամբ խոսել մարդկանց կյանքի, գույքի, կրթության իրավունքի և այլնի մասին, որոնք խախտվում են Ադրբեջանի կողմից, իսկ այս իրավունքների խախտումն ամենևին չի դիտարկվում՝ ելնելով այս կամ այն պետության սուվերեն տարածք լինելու հանգամանքով, այսինքն՝ ֆիզիկական ապահովության, կրթության իրավունքը ամենևին չեն ստորադասվում տարածքային ամբողջականության սկզբունքին, որի մասին խոսում է Ադրբեջանը։ Այս առումով միանշանակ թերություններ ունենք, կարող էինք խոսել ՄԱԿ-ի, Եվրոպական միության միակողմանի հայտարարությունների մասին։ ԱԳՆ-ն ավելի ակտիվ քաղաքականություն պետք է վարի, ԱԺ-ի ակտիվ ներգրավվածությունը, օրնիբուն աշխատանքը պետք է հանգեցնեն մեզ համար ցանկալի արդյունքի»,- եզրափակեց Գոռ Մադոյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Նախագահն այս պահին «կամուրջ» պետք է լինի իշխանության և ընդդիմության միջև․ վերլուծաբան

Անի Գրիգորյան

Թրամփի՝ արցախյան հարցը Կոսովոյի հակամարտության տարբերակով լուծելը կարող է նախընտրական տրամադրությունների շոշափման համար լինել․ Գ․ Մադոյան

Նատա Հարությունյան

Քաղաքական կուսակցություն բառակապակցությունը համադրելի չէ Գագիկ Ծառուկյանի հետ․ վերլուծաբանը՝ Գ․ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին