4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Ադրբեջանը հարկադրված է եղել առաջ գնալ Հայաստանի կողմից առաջ քաշած օրակարգով․ Տաթևիկ Հայրապետյանը «փոքր քայլերի» իրականացման մասին
Գլխավոր Նորություններ

Ադրբեջանը հարկադրված է եղել առաջ գնալ Հայաստանի կողմից առաջ քաշած օրակարգով․ Տաթևիկ Հայրապետյանը «փոքր քայլերի» իրականացման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի ԱԳՆ-ն օրերս հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթաց կա «փոքր քայլերի» իրականացման հետ կապված, որոնց մասին պայմանավորվել էին ԱԳՆ ղեկավարները 2019 թ. ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ` ի լրումն 2019 թ. մարտին Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության և առաջիկա զարգացումների մասին NewArmenia.am-ը զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի հետ:

– Տիկին Հայրապետյան, ի՞նչ կարծիք ունեք ՌԴ ԱԳՆ հայտարարության և այդ «փոքր քայլերի» արդյունավետության մասին:

– Ռուսաստանի արտգործնախարարության արձանագրումը կարևոր է այն տեսանկյունից, որ ինչպես մենք նշել էինք նախորդիվ, մենք բանակցային գործընթացի ենք գնացել մեր առաջ քաշած օրակարգով, որի կարևոր դրույթներից մեկը հենց փոխվստահության մեխանիզմներն են և հումանիտար հնարավոր միջոցառումները, որի շրջանակներում տեղի ունեցան լրագրողների փոխայցերը: Ճիշտ է, դրանք տարբեր մեկնաբանություններ ստացան, նաև ադրբեջանական կողմից, այսպես ասած, քարոզչական նյութեր հրապարակվեցին, այդուհանդերձ, դա կարևոր քայլ է համարվում` հաշվի առնելով վերջին շրջանում նման բան տեղի չէր ունեցել: Ես կարծում եմ` այդ արձանագրությունը կարևոր է և հերթական անգամ ցույց տվեց այն, ինչ մենք պնդում ենք, որ որևէ լուծում չի կարող աշխատել մինչև համապատասխան մթնոլորտ չստեղծվի և անհրաժեշտ է աշխատել այդ մթնոլորտի ուղղությամբ: Առաջիկայում, կարծում եմ, մենք առաջ կգնանք այդ օրակարգով, ինչպես նաև այն խնդիրը, որ մեր առջև դրել ենք`Արցախի վերադարձ բանակցային սեղան և լիարժեք եռակողմ բանակցային ֆորմատի վերականգնման անհրաժեշտություն:

– Այդ «փոքր քայլերն» ինչպե՞ս պետք է շարունակվեն:

– Դա մի քանի գործոնից է կախված: Օրինակ` հայտնի է, որ առաջիկայում սպասվում են արտգործնախարարների հանդիպում, օրը դեռ հստակ նշված չէ, բայց ակնկալիքներ կան: Եթե այդ հանդիպումը տեղի ունենան մինչև Ադրբեջանում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններ (խմբ. Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են փետրվարի 9-ին), դրանք, իհարկե, որոշակիորեն ազդելու են բանակցային գործընթացի վրա, և ոչ միայն ընտրությունները, այլև ներքաղաքական պրոցեսները: Լրագրողների փոխայցերը միանշանակ գնահատական չէին ստացել Ադրբեջանի հասարակության ներսում: Շատեը նույնիսկ նշում էին, թե ինչու են լրագրողներն ընդհանրապես մեկնել Արցախ և այլն: Մեզ հասանելի հրապարակումներից ակնհայտ էր, որ այդ տեսանկյունից քննադատություն է առկա: Եվ Իլհամ Ալիևն իր տարեվերջյան ելույթում նշեց, որ, ըստ էության, ձախողված էր տարին, ամեն դեպքում` բանակցային գործընթացի առումով շատ դժգոհ էին: Դա նշանակում է, որ մեր առաջ քաշած խնդիրներն, ըստ էության, շատ ավելի ընկալելի են եղել և իրենք հարկադրված են եղել առաջ գնալ այդ օրակարգով: Իսկ օրակարգը չի կարող լինել միակողմանի և, եթե մենք առաջարկում ենք խաղաղության դիսկուրս կամ հնարավոր միջոցառումներ, բնականաբար, դա պետք է ընդունելի, ընկալելի և իրագործելի լինի Ադրբեջանի կողմից, հակառակ դեպքում դա ուղղակի չի աշխատելու: Եվ մենք փորձելու ենք առաջ գնալ այդ «փոքր քայլերի» ձևաչափով` որքան հնարավոր է։

– Այսինքն` թե՛ բանակցությունների հետագա ընթացքը, թե՛ որևէ զարգացում պարզ կլինի Ադրբեջանում ընտրություններից հետո՞:

– Ես կարծում եմ` նաև նախընտրական շրջանը որոշակիորեն մեկնաբանությունների հնարավորություն կտա: Օրինակ, ինձ համար հետաքրքիր է, թե որքանով Ղարաբաղյան հարցը կդառնա նախընտրական քարոզչական ժամանակահատվածում քաղաքական ուժերի միջև քննարկվող թեմա: Ես կարծում եմ` դա դառնալու է միանշանակ: Եվ դա ինքնին ցույց կտա, թե ինչ դիսկուրսներ են առկա, ինչ միտումներ են նկատվում և ինչ ուղղությամբ են առաջ գնում: Հետընտրական շրջանում ավելի հստակ կլինի իրադրությունը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որևէ լուրջ փոփոխություն Ադրբեջանը չի պատրաստվում կատարել, ընդամենը երիտասարդանում են խորհրդարանի դեմքերը, սակայն քաղաքականությունը մնալու է գերազանցապես նույնը, եթե ոչ միգուցե ավելի փոքր-ինչ կոշտ`հաշվի առնելով, թե ովքեր են ներգրավվում և միգուցե նրանք կարիք ունեն սկզբնական շրջանում իրենց ավելի կոշտ դիրքորոշումներով կամ ելույթներով հասարակության ներսում այդ համոզմունքը ստեղծել, որ իրենք շարունակելու են նույն ռազմատենչ քաղաքական գծի մեջ մնալ:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչպես են Ադրբեջանում «հայթայթում» «միջազգային դիտորդների». արձագանքում են գերմանացի դիտորդները

Diana Amirkhanyan

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

Diana Amirkhanyan

ԼՂ հարցով մեզ համար ընդունելի տարբերակը դեռ չկա. «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին