30 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90812.8 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմը. ՀՀ դեսպանը՝ Լիտվայի հանրային ռադիոյին
Քաղաքականություն

Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմը. ՀՀ դեսպանը՝ Լիտվայի հանրային ռադիոյին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս առաջարկել են Լեռնային Ղարաբաղում ևհայ-ադրբեջանական սահմանին կիրառել հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ, որոնք Հայաստանը ողջունել է, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի կապակցությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես գալով մեկնաբանություններով։ 

Մեկնաբանություններին անդրադարձել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Մկրտչյանը Լիտվայի հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է, որ հաջող բանակցություններ կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ կողմերը որոշեն հետապնդել նույն նպատակները։ «Յուրաքանչյուր հակամարտության մեջ, եթե դու ընտրում ես ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը, չես կարող առաջընթաց ակնկալել բանակցություններում։ Մենք հավատում ենք, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած լուծումների հիման վրա, որոնք Հայաստանը ողջունել է, իսկ Ադրբեջանը միշտ այս կամ այն պատճառաբանությամբ մերժել: Մեկ այլ պատճառ է Ադրբեջանից կողմից նավթադոլարներից ստացված եկամուտներով մեծ քանակի ռազմական սպառազինության ձեռքբերումը։ Սա երկրում ստեղծել է մոլորեցնող պատկեր, որ Ադրբեջանի ղեկավարներն այս հակամարտությունը կարող են լուծել ռազմական ճանապարհով: Ժամանակն է, որ բոլորը, բայց հատկապես սա վերաբերում է Ադրբեջանին, հասկանան, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նա նշում է, որ Հայաստանի տնտեսությունը տուժում է նաև Թուրքիայի գործողություններից. «Իհարկե պետք է նշեմ, որ Թուրքիայի դերն այս հարցում շատ ապակառուցողական է: 1994 թվականից ի վեր նրանց հռետորաբանությունն այս անգամ աննախադեպ ձևով ագրեսիվ էր՝ ի տարբերություն միջազգային հանրության այլ անդամբերի, ներառյալ՝ Լիտվայի, որոնք հակամարտությունը խաղաղ լուծելու և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված հրադադարը հարգելու կոչեր են անում: Չնայած այս կոչերին՝ Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում: Սա լուրջ վտանգ է պարունակում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թիրախավորում է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները և սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը: Սա աննախադեպ սպառնալիք է, որը նման է միջուկային ահաբեկչության», — ասում է դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ըստ դեսպան Մկրտչյանի՝ կարևոր է ոչ միայն հրադադարի պահպանման և միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը, այլ նաև միջազգային դիտորդներին սահմանի երկու կողմեր և Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլատրումը. «Մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորման մասին, բայց մարդիկ կարող են ասել՝ ինչպե՞ս կարող ենք հավաստիորեն տեղեկանալ այդ մասին, եթե չկան անկախ դիտորդներ, որոնք դա կհաստատեն: Ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ գոյություն չունի հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող նման մեխանիզմներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս առաջարկել են այն, որը Հայաստանը ողջունել է: 2016թ․ ապրիլյան ռազմական գործողություններից հետ առաջարկը կրկնվեց: Հայաստանը միշտ սատարել է դրան, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է», — ասում է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ըստ աղբյուրի՝ ռեպորտաժի ընթացքում մեկնաբանություններով են հանդես եկել նաև քաղաքագետ Դովիլե Յակնիունաիտեն (Վիլնյուսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտ), և Լիտվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Մահիր Համզաևը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին