-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115619.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ադրբեջանը չի ընդունում բազային սկզբունքները, որոնցով պետք է սկսվեն բանակցությունները, այդ պատճառով էլ չի պահպանում զինադադարը․ Բենյամին Պողոսյան
Այլ Լուրեր

Ադրբեջանը չի ընդունում բազային սկզբունքները, որոնցով պետք է սկսվեն բանակցությունները, այդ պատճառով էլ չի պահպանում զինադադարը․ Բենյամին Պողոսյան

New Armenia.am— ի զրուցակիցն է քաղաքագետ Բենյամին Պողոսյանը։

Պարո՛ն Պողոսյան, Ադրբեջանը երկրորդ անգամ չպահպանեց հումանիտար զինադադարը։ Բացի այս երկրի ռազմական նկրտումներից, էլ ո՞րն է նման գործելաոճի պատճառը։

-Ռազմական նկրտումները, որոնք դուք էլ նշեցիք, ակնհայտ են, սակայն, խնդիրը միայն ռազմական տրամաբանության մեջ չէ։ Բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած պատերազմ ավարտվում է զինադադարով, որից հետո սկսվում են բանակցություններ, կարևոր չէ դրանք կլինեն արդյունավետ, թե՞ ոչ, բանակցությունները կհաջորդե՞ն  նախորդ պատերազմին, բայց, ամեն դեպքում, բանակցությունները պետք է սկսվեն։ Հիմա խնդիրն այն է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չունեն միատեսակ ընկալում, թե ինչի շուրջ են բանակցելու՝ անկախ դրանց արդյունավետության բնույթից։ Եթե նայում ենք հոկտեմբերի 10-ի երեք արտգործնախարարների հայտարարությունը՝ այնտեղ նշվում էր, որ բանակցությունները պետք է սկսել բազային սկզբունքների հիման վրա՝ հրադադարի ստորագրումից հետո։ Վերջին օրերին տարբեր երկրների կողմից հնչող հայտարարություններում ևս նշվում է բազային սկզբունքների հիման վրա սկսվող բանակցությունների մասին։ Այս վերջին հրադադարը ևս ենթադրում էր, որ բանակցությունները պետք է սկսվեն այդ հիմքով։ Եթե հարցին նայում ենք Ադրբեջանի տեսակետից, և այդ երկրի նախագահն էլ ասում է, որ բանակցությունները պետք է լինեն մի բանի շուրջ` առաջին փուլում հայկական ուժերը պետք է դուրս բերվեն հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրաիլ, Զանգելան, Կուբաթլի, որից հետո Ղարաբաղին տրվում է միջանկյալ կարգավիճակ, հետո հայկական ուժերը դուրս են բերվում նաև Քարվաճառից և Լաչինի մեծ մասից՝ բացառությամբ այն փոքր միջանցքից։ Որից հետո որոշվում է Արցախի կարգավիճակը, բայց Ալիևը շարունակում է պնդել, որ ինչ ձևով էլ Արցախի կարգավիճակը որոշվի, ապա չի կարող լինել որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։ Սա է Ալիևի մեկնաբանությունը բազային սկզբունքների մասին։ Եթե հետևենք միջազգային կարծիքին, ապա վերջին փաստաթուղթը, որը փաստացի գոյություն ունի՝ կազանյան փաստաթուղթն է՝ 2011 թվականի հունիս։ Բնականաբար, մեզ համար էլ այս սկզբունքն է անընդունելի, չմոռանանք նաև, որ մինչև պատերազմի սկսվելը ՀՀ իշխանությունները հայտարարել էին, որ իրենք դեմ են մինչև 2018 թվականի ապրիլը բանակցված որևէ փուլային տարբերակի։ Այսինքն՝ նույնիսկ այն տարբերակը, որը կար Կազանում, որ ենթադրում էր շատ  հեռու ապագայում հանրաքվեի միջոցով Ղարաբաղի կարգավիճակի որոշում, մենք մերժել ենք։

Հիմա ունենք մի վիճակ, երբ կան բազային սկզբունքներ ըստ միջնորդների՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիա, և նրանք պնդում են, որ հնարավոր հրադադարից հետո պետք սկսել բանակցություններ այս սկզբունքների հիման վրա, բայց դրանք հակամարտող կողմերի կողմից չեն ընդունվում։ Եվ, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մերժել են այս փաստաթղթերը, այդ դեպքում հարց է առաջանում՝ հրադադարից հետո ինչի՞ շուրջ պետք է բանակցեն։ Բոլորի համար է հասկանալի, որ, եթե հիմա լինի հրադադար, ապա դա լինելու է ընդմիջում մինչև հաջորդ ռազմական գործողությունները, եթե հաշվի առնենք տարածաշրջանային և գլոբալ անվտանգային փոփոխությունները, ապա այդ նոր պատերազմը կսկսվի ավելի շուտ, քան  2020 թվականի սեպտեմբերը՝ 2016 թվականի ապրիլի համեմատ։

 —Ձեր նշած հանգամանքներից հետո հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու՞ են կողմերը ստորագրում հրադադարի փաստաթուղթ և հետո այն խախտում, մասնավորապես Ադրբեջանը, քանի որ նա է հրադադարի չպահպանողը։

 -Կարելի է ասել, որ չեն ցանկանում մերժել աշխարհի հզորներին։ Ինչու միանգամից մերժել, փչացնել հարաբերությունները, եթե կարելի է գնալ ստորագրել, իսկ հետո հայտարարել, որ խախտել է հակառակորդ կողմը։ Եվ քանի որ անհնար է ռազմական գործողությունների պայմաններում ներդնել հրադադարի խախտման մեխանիզմներ, նույն Ադրբեջանը, չցանկանալով ուղղակիորեն մերժել Ռուսաստանին կամ Ֆրանսիային, չմոռանանք նաև, որ Ադրբեջանի որոշումների վրա մեծ ազդեցություն ունի Թուրքիան, ստորագրում և չի պահպանում հրադադարի պայմանավորվածությունը։

 -Իսկ ստորագրել ու չպահպանել հրադադարը չի՞ սրում հարաբերությունները գերտերությունների հետ, և այդ երկրների համար պա՞րզ է, թե որ կողմն է խախտում հրադադարը։

-Գերտերությունները հստակ գիտեն այդ մասին, որովհետև նրանք ունեն արբանյակային հետախուզման այնպիսի հնարավորություններ, որ հստակ երևում է դա։ Սակայն, այլ բան է ուղղակիորեն մերժել, այլ բան է հայտարարել, որ հակառակորդն է խախտում, մանավանդ, որ ուղղակիորեն ազդելու լծակներ՝ պատերազմական գործողությունների վրա, շատ քիչ երկրներ ունեն կամ շատ քչերը կցանկանան այդ քայլին գնալ։ Որովհետև Ադրբեջանի նկատմամբ ուղղակի պատժիչ գործողություններ նշանակում են երկարաժամկետ կտրվածքով այդ պետության հետ թշնամական հարաբերությունների հաստատում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որին որևէ գերտերություն գոնե հիմա պատրաստ չէ։

-Այսինքն՝ հարաբերությունները հրադադարի փաստաթուղթ ստորոգրել և այդ հրադադարը չպահպանելուց հետո, ըստ էության չեն սրվում գերտերությունների հետ։

-Չեմ կարծում, որ դրանից հետո էական վնաս է հասցվում խախտող կողմին, որովհետև հրապարակային դաշտում ամեն ինչ մնում է «թույլատրելիի» սահմաններում։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի նախագահի կոչը դիվանագիտական դաշտում հավելյալ խնդիրներ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար. քաղաքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին