33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82006.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Ադրբեջանը փորձում է ցույց տալ հանրությանը, որ հեղափոխության ճանապարհը նախընտրելի չէ․ քաղաքագետ
Գլխավոր Նորություններ

Ադրբեջանը փորձում է ցույց տալ հանրությանը, որ հեղափոխության ճանապարհը նախընտրելի չէ․ քաղաքագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 25-ի Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ ելույթը մեծ աղմուկ բարձրացրեց հայկական մամուլում և համացանցում։ 

Այս հայտարարությունն ուղե՞րձ էր հայկական կողմին, թե՞ Ադրբեջանի իշխանության հերթական քաղաքական հակահայ քարոզն էր։ Արդյո՞ք նման հայտարարությունները բացասական են անդրադառնում Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացում։ Այս հարցերի շուրջ NewArmenia.am-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։

-Պրն Մինասյան, այս հայտարարությունը Ալիևի կողմից ուղղե՞րձ էր հայկական կողմին, որ Արցախի հարցի խաղաղ կարգավորմանն առնչվող երկխոսությունները հետին պլան են մղվում, թե՞ հերթական հակահայ քաղաքական հայտարարություն էր։

-Կարծում եմ տվյալ հայտարարությունը զուտ քաղաքական հայտարարություն է, այն չպետք է դիտարկել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում, սակայն անշուշտ տվյալ հայտարարությունը և տվյալ հռետորաբանությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից չեն կարող բացասաբար չազդել բանակցային գործընթացի միջավայրի վրա։ Հետևաբար սա կարևոր նրբություն է։ Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա սա Ադրբեջանի կողմից Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արժեզրկմանն էր ուղղված, և կարծում եմ առաջին հերթին սա ինչ-որ առումով սեփական հանրության համար էր նախատեսված։ Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանում ևս մեծացել է փոփոխությունների պահանջը հանրության շրջանում, և բնականաբար վերջին շրջանի սոցիալ տնտեսական խնդիրները, որոնց բախվում է Ադրբեջանը՝ դրանք ավելի են մեծանում հանրային դժգոհությունն իշխող ռեժիմի նկատմամբ, և բնականաբար Ադրբեջանի իշխանությունները կանխազգալով հնարավոր խնդիրները փորձում են հնարավորինս կանխել դրանց տարածումը՝ մի կողմից հետապնդումների ենթարկելով բոլոր այլախոհներին՝ այդ թվում օգտագործելով նաև համավարակի պայմանների պահպանման պատրվակը, միևնույն ժամանակ փորձում են նաև գաղափարական դաշտում արժեզրկել հեղափոխությունը, բարեփոխումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, որպեսզի ցույց տան սեփական հանրությանը, թե իբր նման ճանապարհը նախընտրելի չէ։ Հետևաբար հենց այս նպատակն է հետապնդում Ադրբեջանի հանրապետությունը։ Միևնույն ժամանակ նման հայտարարություններով ադրբեջանական կողմը փորձում է նաև օգտվել Հայաստանում առկա ներքաղաքական հակասություններից, փորձում են սրել Հայաստանում առկա բաժանարար գծերը, սակայն սա երկրորդական նպատակներից է, որովհետև հիմնական նպատակը սեփական հանրությունն էր։

-Դուք նշեցիք, որ Ալիևի այս քաղաքական հայտարարությունն ազդեցություն կունենա Արցախի հարցի բանակացությունների ընթացքում։ Ի՞նչ ազդեցության մասին է խոսքը։

-Վերջին ամիսներին զուգահեռաբար նրան, որ Ադրբեջանի տնտեսությունը բախվել է որոշ խնդիրների, ինչպես հայտնի է, դրան զուգահեռ մենք  տեսնում ենք Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանության ակտիվացում։ Ամիսներ առաջ, երբ տեղի ունեցավ նավթի համաշխարհային գների աննախադեպ պատմական անկում, ինչի արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն տուժեց և մինչև օրս շարունակում է վնասներ կրել, միևնույն ժամանակ կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանի տնտեսության կրած վնասները՝ ստեղծել են մի իրավիճակ, որ ադրբեջանական իշխանությունները ստիպված են հնարավորինս փոխել հանրային դիսկուրսը, և այդ նպատակով կրկին ակտիվացրել է հակահայ հայտարարությունները՝ փորձում են բորբոքել թշնամու  կերպարը, փորձում են տվյալ թեմայի հիման վրա ապահովել հանրային կոնսոլիդացիա իրենց շուրջ։ Եվ այս ֆոնին վերջին ամիսներին մենք տեսնում ենք տարբեր մակարդակի բավական ռազմատենչ հայտարարություններ։ Վերջին օրինակներից մեկը՝ Զաքիր Հասանովի հարցազրույցն էր,  բացի այդ Իլհամ Ալիևի հայտնի հայտարարությունն էր: Տվյալ հայտարարություններն ըստ էության ինչ-որ առումով նաև սադրիչ շեշտադրումներ են պարունակում, որոնք ուղղված են մեծացնելու թշնամությունը հակամարտող կողմերի միջև, դրանք որոշակիորեն ուժի սպառնալիքներ են պարունակում և բնականաբար նման հայտարարություններն ու նման սադրանքները մեծացնում են լարվածությունը՝ այդ թվում նաև բանակցային գործընթացի համատեքստում։ Հետևաբար քանի դեռ Ադրբեջանը շարունակում է նման սադրիչ գործելաոճը, բանակցային գործընթացից մեծ ակնկալիքներ մենք չենք կարող ունենալ։ Գաղտնիք չէ, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի առավելապաշտությունը և ռազմատենչ հռետորաբանությունը հանդիսանում է բանակցային գործընթացի էական խոչընդոտներ։ Այս մասին հայտարարվել է տարբեր առիթներով ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից։ Եվ կարծում եմ այս մոտեցումը բավական հիմնավոր է, որովհետև չեն կարող ակնկալել արդյունավետ բովանդակային բանակցություններ, քանի դեռ դիմացի կողմը ուժի սպառնալիքի լեզվով է խոսում, քանի դեռ դիմացի կողմը հրահրում է թշնամություն, ատելության խոսք է քարոզում և նման պայմաններում ի՞նչ արդյունավետ բանակցությունների մասին կարելի է խոսել։

-Մեր իշխանությունը Ալիևի այս հայտարարությանը կարծես համարժեք պատասխան չտվեց, որը կարող էր վերաբերեր Ադրբեջանի իշխանության գործելաոճին։ Հակահարվածը եղավ այն, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Ալիևին, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն էլ պատասխանեց Սերժ Սարգսյանին։ Ճի՞շտ քաղաքականություն վարվեց։

-Այդքան էլ համակարծիք չեմ այդ մոտեցման հետ։ Նախ և առաջ պետք է արձանագրել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից եղավ համարժեք պատասխան։ Բացի այդ, դեռ ավելի վաղ, քան Ալիևի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ անդրադարձ էր կատարել նաև Ադրբեջանին և այս ամենը պետք է դիտարկել ամբողջականության մեջ, և կարծում եմ հայկական կողմի արձագանքը բավարար էր։ Միևնույն ժամանակ ինչպես նշեցի սա ինչ-որ առումով նաև Ադրբեջանի կողմից սեփական հանրությանն ուղղված քարոզչական մեսիջներ պարունակող հայտարարություն էր և չեմ կարծում, որ պետք է մտնել ադրբեջանական խաղի մեջ և գնալ շարունակական՝ հայտարարությանը հայտարարությամբ պատասխանելու անվերջ շղթայով։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը

Սերինե

ԼՂ հիմնահարց. ի՞նչու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց 2009թ. փաստաթուղթը

Սերինե

Հայաստանը տարածաշրջանում խաղաղության երաշխիքը հանդիսացող ամենակարևոր խաղացողն է․ Ավիգդոր Էսկին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին