1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » «Ադրբեջանի բռնապետի անբռնազբոս պահվածքին ամերիկյան արձագանքը կարող է լինել մի քանի ուղղությամբ». Արսեն Խառատյան
Հարցազրույցներ

«Ադրբեջանի բռնապետի անբռնազբոս պահվածքին ամերիկյան արձագանքը կարող է լինել մի քանի ուղղությամբ». Արսեն Խառատյան

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը:

-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն իսկ հիասթափություն է հայտնել ԱՄՆ-ում Հայաստանի և Արդրբեջանի միջև կնքված 3-րդ հրադադարի տապալման առթիվ: Ո՞րը կարող է լինել ամերիկյան վարչակազմի պատասխանը իր հետ պայմանավորվածությունը չհարգող Ադրբեջանին:

— Ադրբեջանի բռնապետի անբռնազբոս պահվածքին ամերիկյան արձագանքը կարող է լինել մի քանի ուղղությամբ: Կարճաժամկետ առումով դա կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ դեռեւս 90-ականներից կիրառվող ռազմական աջակցության սահմանափակումները խորացնելը: Միջնաժամկետում` հույս ունենք տեսնել իր եւ իր շրջապատի ամերիկյան ֆինանսական միջոցների սառեցման տեսքով, այսպես կոչված Մագնիտսկու որոշման (Magnitsky act) ադրբեջանական տարբերակով, դե իսկ առավելագույն լուծումը, որի ուղղությամբ ինտենսիվորեն աշխատվում է` Արցախի ճանաչումն է:

— Իսկ այս պահին հնարավո՞ր են ամերիկյան պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ, որոնց դեմ հոխորտում էր Էրդողանը:  

-Հոկտեմբերի 24-25-ին, մինչ ամերիկյան միջնորդությամբ բանակցություններ էին ընթանում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հնարավոր հրադադարի շուրջ, Վաշինգտոնը երկու ուղերձ հղեց. նախ` հայտարարեց, որ Թուրքիայում գործող իր դիվանագիտական առաքելությունները ժամանակավորապես դադարեցնում են այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը, ապա` եւ՛ Թուրքիայում. եւ՛ Ադրբեջանում հակաամերիկյան ահաբեկչության մասին ահազանգ հնչեց: Թուրքիայի նկատմամբ հնարավոր լուրջ պատժամիջոցների առիթը, սակայն, ոչ թե արցախյան հարցում Էրդողանի քրթմնջոցն է լինելու, այլ ռուսական հակաօդային Ս-400 համակարգերի տեղակայումն ու դրանց հնարավոր գործարկումը, ինչի մասին արդեն իսկ լուրեր են տարածվում: Սա նաեւ բխում է Մոսկվայի շահերից, մասնավորապես ՆԱՏՕ-ում ներքին խժդժությունները խորացնելու տեսանկյունից, դե իսկ Թուրքիայի տարածքից ամերիկյան ռազմական ներկայության տեղափոխումը հունապատկան միջերկրածովյան տարածք արդեն իսկ ընթացքի մեջ է: Այսուհանդերձ, ամերիկահայությունն այս պահին աշխատում է նաեւ ոչ միայն ամերիկյան, այլեւ միջազգային ֆինանսական կառույցների հետ, Թուրքիան եւ Ադրբեջանը որպես ահաբեկչություն ֆինանսավորող երկրների ապացուցողական հիմքերով, եւ այս առումով հաջողությունը կարող է շատ ավելի լուրջ հետեւանքներ ունենալ:

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ու Սենատ ներկայացված Արցախի ճանաչման բանաձևերը ընդունման ի՞նչ շանսեր ունեն, և դրանք որքանո՞վ կարող են նպաստել, որ ԱՄՆ-ը ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես, օրինակ, եղավ Կոսովոյի դեպքում:

-Ամերիկյան օրենսդիրի կողմից Արցախի ճանաչման հնարավորությունը, թերեւս, ամենաիրատեսականն է լինելու առաջիկայում, սակայն այս առումով շատ բան է կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն մարտի դաշտում: Պետք է հաշվի առնել նաեւ, որ ԱՄՆ-ում նախընտրական շրջան է մինչեւ նոյեմբերի 3-ը, եւ նոր Կոնգրեսը գործի կանցնի ամիսներ անց, սակայն նահանգային մակարդակում ակտիվ աշխատանքների պակաս չկա, եւ առաջիկա օրերին այս ուղղությամբ եւս նորություններ կարող են լինել: Չի բացառվում նաեւ գործադիրի կողմից հնարավոր ազդակների առկայությունը, բայց առաջ չընկնենք: Մի բան այլեւս աներկբա է բոլորի համար. այս պատերազմը սկսել են թուրքերն ու ադրբեջանցիները, եւ որոշ ժամանակավոր հաջողություններից արբած՝ ճոռոմախոսում են: Թող խոսեն, այդպես ավելի շատ կսխալվեն ու իրենց մոտալուտ վախճանը կմոտեցնեն:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Բայդենի նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ քաղաքականությունը առնվազն կանխատեսելի կլինի. Արսեն Խառատյան

Անի Գրիգորյան

Ժամանակն է խոսել հայ-ադրբեջանական սահմանի իրական մոնիտորինգի մասին` չբացառելով ԵՄ-ի ներգրավումը. Արսեն Խառատյան

Նատա Հարությունյան

«Ալ Ջազիրայի» որոշումն է եղել հենց Արսեն Խառատյանին հրավիրել բանավեճին. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին