Գլխավոր » Ադրբեջանի իշխանությունները անոնսավորել են Ռուսաստանի հետ զենքի նոր գործարքը
Աշխարհ

Ադրբեջանի իշխանությունները անոնսավորել են Ռուսաստանի հետ զենքի նոր գործարքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ գտնվել է Բաքվի և Մոսկվայի միջև բանակցությունների օրակարգում, և դա կշարունակվի, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` պատասխանելով «Коммерсантъ» պարբերականի հարցին: Իսկ հարցը հնչել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում, ադրբեջանական դիվանագետը անոնսավորել է Ռուսաստանի հետ զենքի հնարավոր նոր գործարքը:
«Կան որոշակի հետաքրքիր մտահղացումներ: Հենց որ այդ գործարքը կայանա, մենք տեղեկատվություն կտրամադրենք լրատվամիջոցներին»,-ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում, կոչ էր արել դաշինքի անդամ երկրներին զենք չվաճառել Ադրբեջանին: Այդ կոչը ակնհայտորեն վերաբերում էր հենց Ռուսաստանին, քանի որ հենց նա է Ադրբեջանի հետ ակտիվորեն զարգացնում համագործակցությունը ռազմատեխնիկական բնագավառում: 2003 թվականից սկսած` Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարման պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար: Մոսկվան Բաքվին մատակաարրել է տանկեր, զրահամեքենաներ, ուղղաթիռներ, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Սակայն նոր պայմանագրերի մասին վերջին տարիներին չէր հաղորդվում:

Սերգեյ Լավրովը նույնպես, մեկնաբանելով «Ъ»-ի հարցը, հաստատել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է: Եվ դա իրենք իրականացնում ենք միջազգային իրավունքի, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի օրենսդրության նորմերին համապատասխան: Ըստ Լավրովի, հաշվի է առնված նաև տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությունը, ինչը կարևոր է կայունությունը պահպանելու համար:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի ռազմական ներուժը ավելի բարձր է գնահատվում, քան Հայաստանինը: Միևնույն ժամանակ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որը երաշխավորում է իր անդամների հավաքական պաշտպանություն հնարավոր արտաքին հարձակումներից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին