21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107321.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ադրբեջանն ինքն իր մահախոսականն է
Գլխավոր Նորություններ

Ադրբեջանն ինքն իր մահախոսականն է

Միջազգային հանրության տեսակետից այս պատերազմում Ադրբեջանը գրեթե հավասարեցվում է «Իսլամական պետությանը»: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Ադրբեջան այցելելուց՝ Covid 19-ի ու ահաբեկչական վտանգների պատճառով:

Ի՞նչ է սա նշանակում: Եկեք այս նախադասությունը համեմատենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան զգուշացման հետ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել երկրի ներսում ոչ էական ճանապարհորդությունից: Ահա ամբողջը, ավելի ճիշտ այդ հայտարարության ամենասուր հատվածը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացնում է հեռու մնալ այն կետերից, որոնք ադրբեջանա-թուրքական բանակի թիրախն են: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նաև հորդորում է՝ մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի մարզ: ԱՄՆ դեսպանատունը հորդորում  է ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական նորությունների հաղորդումներին:

Ադրբեջանն այսպիսով ճանաչվում է մի երկիր, որտեղ հնարավոր են ահաբեկչական վտանգներ: Որովհետև այդ երկիրն օգտվում է ահաբեկչության ծառայություններից, այդ երկիրը գրկաբաց է ահաբեկչության առաջ: Փաստացի այս երկիրը միջազգային ահաբեկչությունը դարձնում է պատերազմի մաս: Ահա Թուրքիայի մատուցած ծառայությունները Ադրբեջանին: Այսինքն, Հայաստանը կռվում է ոչ թե սոսկ երկու պետության դեմ, Հայաստանը կռվում է միջազգային ահաբեկչության ու այն հովանավորող տարբեր երկրների դեմ:

Միջազգային ահաբեկչությունը հայրենիք չունի, որովհետև հայրենիքները նվաճողական նպատակներ չունեն, նրանք պաշտպանում են իրենց հողը: Երբ ահաբեկչությունը գալիս է բեմի առաջամաս, բոլորին հասկանալի է դառնում, որ նրա թիրախը պաշտպանում է իր հողը:

Ահա թե ինչ ծառայություններ է մատուցում Թուրքիան Ադրբեջանին: Սրա համար նույնիսկ Մինսկի խումբ պետք չէ: Վաղը Ադրբեջանը պետք է պատասխանի այն հարցին, որ եթե Արցախն իր հողն է, սիրիա-պակիստանա-աղվանական ահաբեկիչներն ինչ գործ ունեին քո բանակում: Ավելին, Սիրիայի ու Իրաքի օրինակով մենք գիտենք, որ որտեղ՝ ահաբեկիչներ, այնտեղ՝ ցեղասպանություն:

Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նկատի չունի, որ ահաբեկիչներն ահաբեկչություն են իրականացնելու Ադրբեջանում, նա նկատի ունի, որ Ադրբեջանը մի երկիր է, որ օգտվում է ահաբեկչության ծառայություններից: Հետևաբար առաջիկայում Ադրբեջանը դեռ դրա համար պիտի պատասխան տա սկզբից Մինսկի խմբին, հետո միջազգային հանրությանը:

Բայց Ադրբեջանը որոշել է այս անգամ վերջնականապես լուծել Արցախի հարցը, այսինքն, վերջին կռիվ է տալիս, որտեղ միջոցների առջև խտրականություն դրված չէ: Այսինքն, Արցախը կգրավեմ, կվերջացնեմ, հետո պատասխան կտամ, թե ինչ գործ ունեին ահաբեկիչներն իմ բանակում, հնարավոր է նաև պատասխան տալու կարիք չի լինի, քանզի հաղթողներին չեն դատում: Ու բացի դրանից էլ ինչի՞ շուրջ պիտի լինեն բանակցությունները, եթե այլևս չկա Արցախի հարց: Ահա ինչու է այս պատերազմը դառնում նաև մեր վերջին կռիվը: Ու հենց սա նկատի ունի նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը հասնում է առաջնագիծ: Ի վերջո ինչո՞վ է ահաբեկիչը տարբերվում զինվորից՝ նա չունի Հայրենիք, նա չունի հակառակորդ, նա սպանում է ավելի հաճույքով, քան անձամբ ապրում է: Այս պատերազմում Ադրբեջանը դարձավ ինքն իր մահախոսականը:

Մհեր Արշակյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին