-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116099.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Ազգային համաձայնության կառավարությո՞ւն, թե՞ նախագահ սպիտակ ձիու վրա
Գլխավոր Նորություններ

Ազգային համաձայնության կառավարությո՞ւն, թե՞ նախագահ սպիտակ ձիու վրա

Հայաստանի քաղաքական կյանքը կանգ է առել սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմով։ Պատերազմի 45 օրերը և հետպատերազմյան ընթացքը, արտակարգ դրությունը և ռազմական իրավիճակը բնականորեն և օրինաչափորեն կաթվածահար են արել պետությունը՝ որպես քաղաքական օրգանիզմ։

Ցավալի պարտությունը և տարածքների կորուստը լեգիտիմ հարցեր և հրաժարականի պահանջներ են առաջացրել խորհրդարական իշխող ուժի, կառավարության և անձամբ վարչապետի նկատմամբ։ Այս իրավիճակում «նախկինների» սանձազերծած պետական կառավարական շենքերի գրավումը, հետո նաև ցույցերը և հանրահավաքները էլ ավելի են խորացնում երկրում ստեղծված անկայուն իրավիճակը և հասարակական խորացող հուսալքությունը։ Քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտաները և շարքային քաղաքացիները, ըստ էության, ստիպված են մերժել թե՛ մեկ, և թե՛ մյուս կողմին և փորձել որոշակի չարյաց փոքրագույն կամ ոսկե միջին գտնել այս քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար։

Քաղաքական ուժերի բևեռացման, անհանդուրժողականության և բռնության կոչերի ֆոնին ահա, առաջ է գալիս նախագահի ինստիտուտի՝ որպես հանրային համերաշխության ապահովման կարևոր գրավական։ Այո, հենց նախագահի ինստիտուտի՝ որպես ավանդաբար ուղիղ ժողովրդավարության հիմնասյան և նաև Արմեն Սարգսյանի բոլորի կողմից ընդունելի միջնորդի կամ արբիտրի դերն է դառնում այդ ոսկե միջինը։ Այն Արմեն Սարգսյանի, որ համաձայնել էր սարգսյանական  սահմանադրության «անգլիական թագուհու» պաշտոնին, իսկ հեղափոխության  օրերին հաջողությամբ լեգիտիմություն ձեռք բերեց իշխանության խաղաղ անցմանը աջակցելու համար։ Այսպիսի տրամաբանությամբ է ահա կառուցվել նախագահ Սարգսյանի ուղերձը-կոչը՝ «…կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»։ 

Փաստացի բոլոր կողմերն էլ հասկանում են, որ քաղաքական առումով պետական ինստիտուտների վերակենդանացման, նոր արյուն տալու համար արտահերթ ընտրությունները այլընտրանք չունեն։ Ինչպես և այլընտրանք չունի կառավարության կազմի ամբողջական կամ գրեթե ամբողջական փոփոխությունը, ընդ որում, որի ծիծեռնակներն են արդեն ԱԳՆ և սպասվելիք ՊՆ նախարարի հրաժարականները։ Բայց այստեղ շատ կարևոր հարց է ոչ այնքան բոլորի կողմից ընդունելի արտահերթ ընտրությունների սկզբունքը, որքան դետալները։ Քանի որ սատանան, ինչպես գիտենք, մանրուքներում է։ Մյուս կողմից հասկանալի չէ նաև «Ազգային համաձայնության կառավարություն» եզրը, որը պատասխանների փոխարեն բազմաթիվ հարցեր է ստեղծում։ Ո՞վ կամ ովքե՞ր են ձևավորելու այդ կառավարությունը, ո՞վ կամ ովքե՞ր են որոշելու կամ գնահատելու այդ կառավարությունը «ազգային համաձայնության», թե «անհամաձայնության» կառավարություն է, իսկ ինչն է խանգարելու այդ կառավարության ամրապնդվել և սեփական խաղը առաջ տանել։ Վերջապես ով է գլխավորելու այդ կառավարությունը, և արդյոք այդ անձը իրավո՞ւնք է ունենալու մասնակցել սպասվելիք արտահերթ ընտրություններին։ Ահա այս և այլ հարցերն են, որ նախագահի ուղերձի դրական ու ցանկալի տրամաբանությամբ իսկ բազմաթիվ խութեր և խոչընդոտներ են առաջ բերում։

Եվ վերջին ու ամենաառանցքային հարցը, արդյո՞ք նախագահը այդ բոլոր գործընթացներում կշարունակի, այսպես կոչված, արբիտրի կամ մեդիատորի դեր կատարել, թե՞ ինչ որ պահի ուղղակի կամ անուղղակի կներգրավվի ակտիվ քաղաքական պայքարին և սպասվող ճամբարավորմանը։ Եվ սպիտակ ձիու վրա կմտնի ներքաղաքական դաշտ որպես հայրենիքի փրկիչ, լավագույն բանակցող ու կայունության երաշխավոր։

Անահիտ Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

Անի Գրիգորյան

Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Նատա Հարությունյան

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հորդանան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին