Գլխավոր » ԱԺ հանձնաժողովը մի քանի նախագծերի տվել է դրական ու բացասական եզրակացություններ
Իրավունք

ԱԺ հանձնաժողովը մի քանի նախագծերի տվել է դրական ու բացասական եզրակացություններ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել ու եզրակացություններ է տվել մի շարք նախագծերի: Քննարկվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը նշել է, որ այս պահին գործում է ծառայության 12 տեսակ եւ իրենց նպատակն է ունենալ մեկ միասնական հարթակ: Ըստ նրա՝ ապագայում նախատեսվում է ունենալ զինվորական եւ քաղաքացիական ծառայություններ: Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են նախաձեռնության անհրաժեշտությունը: Օրենսդրական փաթեթը ստացել է  դրական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից  օրենքների նախագծերի փաթեթին: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ? հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը: Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ նախագծով խտրականություն է դրվում մյուս դատարանների հանդեպ եւ միտում կա՝ անձից ազատվելու: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով քննադատությանը, նշել է, որ նախագիծը անձից ազատվելու նպատակ չի հետապնդում. խոսքը կառույցի նկատմամբ վստահության բացակայության մասին է: Նա ընդգծել է, որ ՍԴ-ն լինելով ապաքաղաքական մարմին՝ իր որոշման ձեւաչափում կատարում է քաղաքական շեշտադրումներ, պատասխանում է մի օրակարգի, որը զուտ քաղաքական է:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ բացասական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին