-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ալիևը խոսում է մի բանի մասին, որից հետո այլևս բանակցելու տեղ չի մնում. Արցախի նախագահի խոսնակ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ալիևը խոսում է մի բանի մասին, որից հետո այլևս բանակցելու տեղ չի մնում. Արցախի նախագահի խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները երեկ ՏԱՍՍ-ին առանձին-առանձին տված հարցազրույցների ժամանակ հայտարարել են, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։ Դրանից հետո վարչապետ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է գումարել, հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, ինչպես նաև հանդիպել Արցախի նախկին նախագահների` Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ:

NewArmenia.am-ը զրուցեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, Արցախում ի՞նչ ակնկալիք կա Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից:

-Այս պահին միակ ակնկալիքը ռազմական գործողությունների դադարեցումն է և Մոսկվայում ձեռք բերված հումանիտար զինադադարի պայմանների կատարումը:

-Ադրբեջանն արդեն 2 անգամ համաձայնել է հումանիտար զինադադարին և 2 անգամ էլ դրժել է պայմանավորվածությունը՝ ավելի համառ մարտեր է մղելով դրանից անմիջապես հետո: Այս հանդիպման պայմանավորվածությունը կարո՞ղ է տարբերվել նախորդներից:  

-Գիտեք ինչ, յուրաքանչյուր քաղաքական հանդիպում որոշակի հույս է ներշնչում: Եթե 1 կամ 2 անգամ պայմանավորվածությունները չեն կատարվել, չի նշանակում, որ 3-րդ կամ 4-րդ անգամ պետք չէ հանդիպել: Ես կարծում եմ, որ միշտ էլ խաղաղությունը, զինադադարը գերադասելի են պատերազմական գործողություններից և անկախ, թե այդ պայմանավորվածությունները որքանով են կատարվել կամ որքանով են պահպանվել, պետք է շարունակել ջանքեր գործադրել: Խնդիրը միանշանակ պետք է լուծում ստանա քաղաքական դաշտում, և պետք է իրականացնել բոլոր ջանքերը քաղաքական դաշտում լուծում ստանալու համար:

-Ալիևը երեկ հայտարարել է, թե միշտ պատրատ է բանակցել «կոնստրուկտիվ բանակցությունների ձևաչափով»: Նաև բացատրել է, թե դա ինչ է՝ հայկական կողմից «օկուպացված» տարածքների վերադարձ, բանակցություններ ԼՂ ապագա կարգավիճակի շուրջ, փախստականների վերադարձ Շուշի և ԼՂ և այլն:

— Դա արդեն նշանակում է, որ կոնստրուկտիվ որևէ էլեմենտ իր հայտարարության մեջ չկա: Ալիևը խոսում է մի բանի մասին, որից հետո այլևս բանակցելու տեղ չի մնում: Էսօր մենք տեսնում ենք նաև Ադրբեջանի իշխանության ծավալապաշտական նկրտումները՝ մասնավորապես հակամարտությունը ուժային տարբերակով լուծելու որոշումը: Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունը որևէ կերպ պատրաստ չէ հակամարտության խաղաղ լուծմանը, և իրենց հայտարարությունները որևէ արժեք ու նշանակություն չունեցող հայտարարություններ են: Արցախի պաշտպանության բանակը այսօր շարունակում է պայքարել և պայքարելու է մինչև վերջ: Եվ մենք համոզված ենք, որ Ադրբեջանի կողմից ծավալված գործողությունները ստանալու են արժանի հակահարված՝ անկախ այս պահին ստեղծված իրավիճակից: Մեր ժողովրդի տրամադրվածությունը բավական սթափ ու առողջ է, մարդիկ շատ լավ են պատկերացնում իրավիճակը: Նման իրավիճակ մենք ունեցել ենք 1992 թվականին, սակայն հետագան ցույց է տվել, որ ՊԲ-ն, հայ ժողովրդի վճռականությունն ու միասնականությունը ի վիճակի է հակառակորդին իր տեղը ցույց տալ և հզոր հաղթանակ տանել: Եվ մենք կրկին դա ցույց ենք տալու, ես դրանում համոզված եմ:

— Պարոն Պողոսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, Դուք Արցախում տեղյա՞կ եք՝ ինչի շուրջ են այդ հանդիպումները:

— Մենք բոլոր հանդիպումների մասին տեղեկացված ենք, գիտենք՝ ինչ են քննարկում, ինչ են խոսում: Պարոն Փաշինյանն ու պարոն Հարությունյանը մշտապես իրար հետ կապի մեջ են: Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ այս պահին մեզ անհրաժեշտ է ազգային համախմբվածություն, և համոզված եմ՝ այդ համախմբվածության շնորհիվ մենք կարողանալու ենք կրկին հաղթանակ տոնել մեր մարտի դաշտում:

— Իսկ հիմա ի՞նչ իրավիճակ է ռազմի դաշտում:

— Ռազմի դաշտում այս պահի դրությամբ մենք ամբողջ ճակատով, բացի հարավային թևից, ունենք հիմնականում կայուն վիճակ, հակառակորդի բոլոր հարձակումները հայկական բանակը հաջողությամբ կասեցնում է: Իսկ հարավային թևում՝ Իշխանաձոր, Կովսական, Միջնավան հատվածում ընթանում են ծանր մարտեր: Ուզում եմ կրկին դիմել մեր ժողովրդին, որ յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունն այս պատերազմին շատ կարևոր նշանակություն ունի, ու կասկած չունենաք, որ միասին հաղթելու ենք ու քշենք թշնամուն մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրից:

Մարինե Խառատյան    

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը

Նատա Հարությունյան

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՀՀ ՊՆ

Նատա Հարությունյան

Փնտրվում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին