Գլխավոր » Ամենամեծ հաջողությունը կարելի է համարել, երկրների ղեկավարների ընդգրկվածությունը․ Արամ Մանուկյանը՝ ԵԱՏՄ նիստի մասին
Տնտեսություն և Բիզնես

Ամենամեծ հաջողությունը կարելի է համարել, երկրների ղեկավարների ընդգրկվածությունը․ Արամ Մանուկյանը՝ ԵԱՏՄ նիստի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ես կարծում եմ՝ միջոցառումը հաջողված էր, իհարկե բավականին չար լեզուներ կային, որ անհաջողություններ էին ակնկալում, բայց ամենամեծ հաջողությունը կարելի է համարել, երկրների ղեկավարերի ընդգրկվածությունը»,-newarmenia.am-ի հետ զրույցում խոսելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքի մասին՝ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։ ։

Նա նշեց, որ չի հիշում, որ երբևէ այդքան երկրի նախագահ միաժամանակ լինեին Հայաստանում։ Նա լավատեսական է համարում այն, որ միջոցառմանն ընդգրկված էին ոչ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ, մասնավորապես հաճելի անակնկալ էր Սինգապուրի վարչապետի ներկայությունը և ստորագրված փաստաթուղթը՝ ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու վերաբերյալ։

«Դա կարելի է համարել և՛ ԵԱՏՄ հաջողությունը, և՛ Հայաստանի հաջողությունը։ Իսկապես դա գովելի քայլ էր։ Նշանակալից էր Իրանի նախագահի շատ ջերմ ներկայությունը և ընդհանուր մթնոլորտը, որ տիրում էր միջոցառման շրջանակներում։ Ազատ տնտեսական գոտու ստեղծումը շատ հնարավորություններ կտա։ Հայաստանը կարող է դառնալ ամբողջապես միջանցիկ, տարանցիկ ճանապարհ։ Մանավանդ՝ հիմա մշակում են նաև նույնանման փաստաթուղթ Իրանի հետ։ Եվ եթե այդ փաստաթուղթը կյանքի կոչվի, ապա ինքնստինքյան կստացվի հյուսիս-հարավ տարանցիկ ուղի՝ Եվրասիական տնտեսական միության և հարավի հզոր երկրների միջև, որը Հայաստանին լուրջ միջանցքի հնարավորություն կտա։ Վիետնամի հետ էլ կան այդպիսի աշխատանքներ»,- ասաց Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով, եթե հայկական դիվանագիտությունը մի քիչ ավելի ճկուն աշխատի, ապա այս ծրագրի մեջ Չինաստանն էլ կընդգրկվի, իսկ Չինաստանը շահագրգռված է տարանցիկ խնդիրները լուծելու, մասնավորապես մեկ գոտի, մեկ ճանապարհ, չինական ծրագիրը հզոր տնտեսական հեռանկարներ է իր մեջ պարունակում, տասնյակ միլիարդավոր դոլարների նախաձեռնություններ կան և Հայաստանը ոչ լիարժեք, բայց այդ կառույցի աշխատանքներին մասնակցում է։ Նա նշեց, որ այդ ծրագրում կան նաև բուհական, համալսարանական ծրագրեր, տուրիստական ծրագրեր և ճանապարհների ծրագրեր։

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ եթե Հայաստանը կարողանա ներգրավվել նաև այդ ծրագրերում, ապա կստացվի աշխատելու լրջագույն մեծ դաշտ, Հնդկաստան, Վիետնամ, Իրան, Չինաստան, Սինգապուր և այդ ամբողջ տարածաշրջանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ Եվրասիական տնտեսական գոտի և դա շատ լավ է։

«Զգացվում էր, որ այդ միջոցառումն այնքան լավ էր կազմակերպված, որ մթնոլորտը շատ թեթև էր, ազատ էր։ Դիվանագիտականից մի քայլ առաջ, ավելի թեթև մթնոլորտ էր տիրում համաժողովի ընթացքում։ Դա հուսադրող է։ Ինձ համար շատ կարևոր էր Ռուսաստանի ղեկավարի վերաբերմունքը, մասնավորապես ես մի փոքր հասցրել եմ հետևել ռուսական մամուլին, որտեղ արձագանքները բավականաչափ տարբերվում էին մինչ այս եղած գնահատականներին։ Ես լրիվ սուբկեյտիվ կարծիք կարող եմ արտահայտել, բայց  միջազգային հանրությունը, Եվրասիական տնտեսական միության երկրներն ընդունեցին հայկական իշխանությունները որպես լեգիտիմ գործընկեր, որի հետ կարելի է աշխատել։ Սա լրիվ սուբկեյտիվ է։ Ինձ մոտ տպավորությունն այն էր, որ մթնոլորոտը լրիվ աշխատանքային էր, բարեկամական էր և մի բառ էլ ավելացնեմ հեռանկարային էր»,- ասաց Արամ Մանուկյանը։

Մեր այն հարցին, որ շատ է  քննարկվել նաև վարչապետի սելֆին հրավիրյալ երկրների ղեկավարների հետ և մասնավորևապես քննարկվում էր այն, որ այդ նկարում Վլադիմիր Պուտինը չի ժպտում, արդյոք դրանից կարելի է լուրջ ենթադրություններ անել համաժողովի մասին, Արամ Մանուկյանն ասաց, որ դա մի քիչ լուրջ չի, քանի որ  Պուտինի հետ հանդիպումը, հանդիպումների երկարությունը և արձագանքները, և իր գնահատականներն իրենց մասին արդեն իսկ  ասում են։

«Ե՛վ Թումոյում գնահատականը, և՛ օդանավակայանում գնահատականը, և՛ ռուսական մամուլում գնահատականները դրական տեղաշարժ էին։ Ես չեմ ասում, թե բոլոր հանգույցները լուծվել են, բոլոր խութերը վերացած են, դրանք կան, բայց որ գոնե դրական առաջընթաց կա, ես դա տեսնում եմ։ Եվ այդ բոլոր հայտարարությունները, կապված նաև Ռոբերտ Քոչարյանի հետ գոնե այդ մասով ի չիք դարձան։ Հիմա ես մի քիչ ավելի հանգիստ եմ, քան երկու ամիս առաջ, գոնե հայ-ռուսական հարաբերությունների առումով»,-իր խոսքն այսպես եզրափակեց Արամ Մանուկյանը։         

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին