23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Ամենաուշը սեպտեմբերին Տիկնիկային թատրոնը կբացի իր դռները․ Ռուբեն Բաբայան
Այլ Լուրեր

Ամենաուշը սեպտեմբերին Տիկնիկային թատրոնը կբացի իր դռները․ Ռուբեն Բաբայան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

-Պարետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարեց թատրոնների, թանգարանների կիսագործունեությունը հնարավոր դարձնելու մասին։ Պարո՛ն Բաբայան, այս ընթացքում թատրոնը ի՞նչ վնասներ կրեց, և ի՞նչ բնույթի էին դրանք։

-Բարդ հարց եք տալիս։ Կարծում եմ, մի քանի մասի կարելի է բաժանել։ Ֆինանսական, զուտ մասնագիտական, քանի որ երկար ժամանակ չխաղալով, մասնագիտական անձնակազմը մարզավիճակը կորցնում է։Մեր թատրոնը ուներ պլանավորված երեք միջազգային փառատոնի մասնակցություն և մեկ հյուրախաղ Կանադայում։ Կառավարության և պարետատան առջև մենք միշտ բարձրացրել ենք աշխատանքները վերսկսելու հարցը և որպես հիմնական փաստարկ ներկայացնում էինք այն, որ երկար ժամանակ հանրությանը հեռու պահելով մշակույթից՝ ստանում ենք այն, ինչ որ ունենք այսօր։ Նկատի ունեմ բևեռացված հասարակություն, որովհետև հանդուրժողականությունն ու մարդասիրությունը հենց արվեստի ոլորտն է, և եթե չկա արվեստ ու մշակույթ, շատ արագ այդ բացը լրացվում է լրիվ հակառակ երևույթներով։ Աշխատանքները վերսկսելու երկու տարբերակ էինք ներկայացրել, որոնք կարող էին զուգահեռ լինել, դրանք բացօթյա և շենքային տարբերակով իրականացվող ներկայացումներն էին։ Այս ճանապարհով շատ-շատ երկրներ վերսկսում են թատրոնների գործունեությունը։

 -Իսկ այս ընթացքը Դուք օգտագործեցի՞ք ոլորտում նորամուծություններ անելու համար։

-Այս ընթացքում մենք սկսեցինք ցուցադրել մեր ներկայացումները նաև օնլայն, մեր դերասանները սկսեցին ելույթ ունենալ օնլայն, սկսեցինք բեմադրություններ անել օնլայն՝ համաշխարհային տարբեր դրամատուրգիայից փոքր տեսարաններ։ Մենք իրականացրեցինք մեծ ծրագիր՝ մոտ 20 հաղորդում և դա արեցինք նախարարության օժանդակությամբ։ Այդ ծրագրերը նայեցին մոտավորապես 400,000 հանդիսական, ընդ որում, ոչ միայն Հայստանում, այլև ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։Այս ամեն ինչը շատ լավ է, իհարկե, բայց երբևիցե օնլայն հաղորդումները չեն կարող փոխարինել կենդանի թատրոնին, որովհետև հանդիսատեսը թատրոնում ևս դառնում է ստեղծագործական գործընթացի անդամ, ինչը շատ կարևոր է։ Այնուամենայնիվ, սա շատ կարևոր քայլ էր, կարծում եմ, մենք կշարունակենք այս օնլայն հաղորդումները, որովհետև դրանք արդեն կրում են կրթամշակութային բնույթ, և այս պարագայում աշխարհագրական ընդլայնումը շատ կարևոր է։ Այս ձեռքբերումը նաև եղավ շնորհիվ այս վիրուսի։

-Այսինքն՝ բնականոն աշխատանքներին անցնելուց հետո էլ, Դուք շարունակելո՞ւ եք առցանց թատրոնը։

-Այստեղ որակի հարց էլ կա։ Քանի որ պատրաստված չէինք, մենք հիմնականում մեր պատրաստի տեսագրություններն ենք ցուցադրել։ Բայց դա մշակույթի առանձին ոլորտ է, և փորձը ցույց տվեց, որ հանդիսատեսին դա հետաքրքիր է։ Ավելի զարգացած երկրներում այդ դիտումներն արվում են վճարովի, այդքան մեծ գումար չէ, բայց կարևոր բաղադրիչ է, որովհետև յուրաքանչյուր մարդ պարտավոր է վճարել արվեստի համար։

-Ձեր խոսքում արդեն նշեցիք, որ ի սկզբանե դիմել եք կառավարությանն ու պարետատանը՝ կանոնների պահպանմամբ վերսկսելու թատրոնի գործունեությունը։

-Երեկ նամակ ենք ուղարկել պարետատուն, թե ինչպիսի կանոններ մենք կարող ենք պահպանել՝ ներկայացնելով համապատասխան առաջարկները։

-Փաստորեն, սպասում եք պարետատան արձագանքի՞ն։

-Այո՛, ներկայացրել ենք մեր առաջարկները, մշտական կապի մեջ ենք եղել թատրոնների տնօրեններով պարետատան հետ և շատ ուրախ եմ, որ եկավ այս պահը։ Կարծում եմ, ամենաուշը սեպտեմբերին կբացենք մեր դռները, չնայած, առաջարկել ենք, որ օգոստոսին սկսենք բացօթյա ներկայացումները, իսկ սեպտեմբերից նաև փակ տարածքում, հիմա սպասենք պարետատան թույլտվությանը։

 Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին