Գլխավոր » ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիային
Աշխարհ

ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիային

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիային: Այդ մասին, «ТАСС» լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:

Նման հայտարարություն ամերիկյան կողմն արել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի` նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ կայացած զրույցից հետո:

«Թուրքիան իր վաղուց ծրագրած օպերացիան իրականացնելու համար մոտակա ժամերին առաջ է ընթանալու դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ: ԱՄՆ զինված ուժերը չեն աջակցի կամ էլ մասնակցություն չեն ունենա օպերացիային»,- հայտարարել է Գրիշեմը: Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան ռազմական ուժերը այլևս չեն գտնվի օպերացիայի անցկացման վայրին մոտ:

Վերջին ամիսներին Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Անկարան պատրաստվել է Սիրիայում օպերացիային, և զորքերը այնտեղ կուղարկվեն մոտ ժամանակներս: Հոկտեմբերի սկզբին Էրդողանը նաև հայտարարել էր, որ անվտանգության գոտու ստեղծման պլանը սիրիացիների` հայրենիք վերադառնալու համար ամենատրամաբանական ու խելամիտ որոշումն է:

Արաբա-քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմավորումը սպառնացել է Թուրքիային «տոտալ պատերազմով» այն դեպքում, եթե երկիրը սկսի անցկացնել ռազմական օպերացիա Սիրիայի հյուսիսում: Նման հայտարարությամբ է հանդես եկել կազմավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին: Նրա խոսքերով՝ քրդերն ամեն ինչ անում են, որպեսզի տարածաշրջանում պահպանվի անդորրը: Ինչպես հաղորդում «РИА Новости»-ն՝ նրանք պատրաստ են կանխել ցանկացած ոչ արտոնված հարձակում Թուրքիայի կողմից:

ԱՄՆ-ը, հրաժարվելով մասնակցել Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական ուժերի օպերացիային, փաստորեն, դրանով իսկ ազատ է  արձակում Անկարայի ձեռքերը: Նման կարծիք է հայտնել Մոսկվայի պետական համալսարանի Ֆրանկլին Ռուզվելտի անվան ԱՄՆ-ի ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Յուրի Ռոգուլևը: Ըստ փորձագետի՝ Վաշինգտոնը մանևրում է Թուրքիայի հետ հարաբերություններում: Մի կողմից, նրանց հարաբերություններում այլ երկրներից զենքի գնման հարցում բավականին լարվածություն է  առաջանում, կան հակասություններ նաև Սիրիայի, ինչպես նաև քրդերի հարցում: Բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ամերիկացիներն այդ երկրում ունեն խոշորագույն ռազմական բազաներ, և նման դաշնակցին Վաշինգտոնը չի ցանկանում կորցնել:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին