-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Արցախի ինքնորոշման հարցով բանաձևի ընդունման շանսերը բավական բարձր են. Սուրեն Սարգսյան
Գլխավոր Նորություններ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Արցախի ինքնորոշման հարցով բանաձևի ընդունման շանսերը բավական բարձր են. Սուրեն Սարգսյան

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և 30 կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, ներկայացրել են բանաձևի նախագիծ, որում կոչ է արվում «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: Նույնանման բանաձև է ներկայացրել Սենատի սենատոր Բոբ Մենենդենսը: Բացի դա, նա նաև ներկայացրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին դադարեցնելու մասին բանաձև:

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևի ընդունման շանսերը ինչպե՞ս կգնահատեք:

-Ընդունվելու շանսերը, կարծում եմ, բավականին բարձր են, մանավանդ որ մոտ 30 կոնգրեսականներ 2 կուսակցություններից էլ միացել են այդ նախաձեռնությանը: Բավականին ակտիվ աշխատանք է տարվում մեր համայնքի և լոբբիստական կառույցների կողմից: 2 առանձին բանաձևեր են ներկայացվել Ներկայացուցիչների պալատում և Սենատում համարյա նույնանման: Մեկը` սենատոր Բոբ Մենենդենսի ներկայացրածը վերաբերում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներին, իսկ Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացվածը՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:

-Ընդունման ի՞նչ ժամկետների մասին կարող է խոսք լինել:

— Էստեղ ժամկետների խնդիր չկա, որովհետև ժամկետները իրականում կարող են շատ տարբեր լինել: Հնարավոր է՝ դա լինի այս տարվա վերջին, հնարավոր է՝ մնա մյուս տարի: Գիտեք, որ նոյեմբերի 3-ին Սենատում և ներկայացուցչների պալատում ընտրություններ են: Էնպես որ, պատկերացրեք` բոլորի մոտ ինչ լարված գրաֆիկ և իրավիճակ է, հստակ ժամկետներ հիմա նշելը շատ դժվար է:

— Իսկ այս պատերազմական փուլում նման բանաձևերի ներկայացումը և կոնգրեսականների կոչերը, որ ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ազդեցություն կարո՞ղ են ունենալ:

— Կարծում եմ` որևէ բան ազդեցություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության վրա: Շարունակում են անել այն, ինչ անում են: Տեսնում ենք, որ հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերում, հետո խախտում են այդ պայմանավորվածությունը: Երաշխիք չկա, որ սա ինչ-որ ազդեցություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վրա: Բայց սա կարող է դառնալ շատ լավ քաղաքական և իրավական նախադեպ նաև այլ պետությունների, պառլամենտների համար, ինչը, իհարկե, կարևոր է:

— Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ միասնաբար կգործի և կօգնի կարգավորման գործընթացին: Սա ի՞նչ հետևանք կունենա:

— Էստեղ ընդհանուր առմամբ 2 կողմի դիքորոշումներն ու շահերը, կարծես, համընկնում են: Մոսկովյան հանդիպումներից առաջ Վաշինգտոնն էր աջակցում Մոսկվայի նախաձեռնությանը: Հիմա էլ հակառակն է: Պուտինն էլ այդ մասին ասեց: Կարծես Փարիզի, Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, որ հրադադարը պետք է հաստատել:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ նախագահի պահվածքը և դիրքորոշումը Արցախյան պատերազմի այս օրերին: 

— Միացյալ Նահանգների նախագահը որևէ դիրքորոշում, որպես այդպիսին, չի հայտնել: Միակ դիրքորոշումը եղել է որպես Մինսկի խմբի համանախագահ նրա ստորագրած նամակը 3 նախագահների հետ համատեղ: Նա 2 անգամ է ընդամենը խոսել խնդրի մասին. առաջինը՝ Սպիտակ տան բրիֆինգի ժամանակ, երբ հայտարարեց, որ իրենք ինչ- որ բան անում են: Եվ 2-րդ անգամ ընտրողների հետ նախընտրական հանդիպման ժամանակ, որտեղ նույնպես ասաց, որ մենք փորձում ենք ինչ-որ բան անել՝ չնայած մի քանի խոսք շռայլեց հայերի մասին: Ըստ էության, որևէ լուրջ հայտարարություն ԱՄՆ նախագահի մասով չի եղել:

— ՀՀ ԱԳ նախարարն այսօր հանդիպումներ է ունենում ԱՄՆ պետքարտուղարի հետ, նույնանման հանդիպումներ է ունենալու նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ:

— Ակնկալիք կարող էինք ունենալ, եթե ԱՄՆ-ն ուժեղ ճնշում գործադրեր Ադրբեջանի վրա՝ հրադադար հաստատելու համար ու այդ ճնշումը ավելի ուժեղ լիներ, քան Մոսկվայից և Փարիզից եկող ճնշումը: Բայց ես չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեն Միացյալ նահանգները կամ ինչ ճնշում պիտի կիրառեն Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները: Կարծում եմ` առանձնապես մեծ սպասելիք ունենալ պետք չէ:

-Ասել է թե՝ բացառո՞ւմ եք որևէ նոր համաձայնություն հրադարադրի շուրջ:

— Միգուցե ինչ-որ հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, որը որ Ադրբեջանը, կարծում եմ, Թուրքիայի աջակցությամբ կխախտի:

— Իսկ ԱՄՆ-ի ինչո՞ւ որևէ կերպ չի կիրառում հրադադարի կայացմանը խոչընդոտող Թուրքիայի վրա ազդեցության լծակները:

— Ես չեմ էլ կարծում, որ ԱՄՆ-ը լուրջ լծակներ ունի Թուրքիայի վրա: Վերջին 10-ամյակում տեսել ենք, թե Թուրքիան իրեն ինչպես է դրսևորում, և ինչպես են հակասում իրար թուրք-ամերիկյան շահերը՝ սկսած Մերձավոր Արևելքից մինչև Միջերկրական ծով, Լիբիա և այլն: Էս խնդիրներում ամերիկացիներն ու թուրքերը շատ լուրջ հակասություն ունեն և Թուրքիան շարունակում է իր քաղաքական գիծն այնպես, ինչպես որ անում էր:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին