Գլխավոր » «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը կտրուկ քայլերի է դիմում. Կառավարության առջև ժամկետ դրվեց
Քաղաքականություն

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը կտրուկ քայլերի է դիմում. Կառավարության առջև ժամկետ դրվեց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով իրականացրեց քայլերթ: Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միացան նաև սարի պահապանները, որոնք երթով հասան մինչև Զորավար Անդրանիկի արձանի մոտ։

Առաջին երթուղին մեկնարկեց հենց այստեղից և անցավ Տիգրան Մեծ փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով` հասնելով Ազատության հրապարակ: Երկրորդ երթուղին մեկնարկեց Բաղրամյան մետրոյի հարակից տարածքից` անցնելով Բաղրամյան փողոցով, Ֆրանսիայի հրապարակով, Սայաթ-Նովա փողոցով` հասնելով Ազատության հրապարակ: Իսկ երրորդ երթուղու սկզբնակետը Քաղաքապետարանի հարակից տարածքն էր, որտեղից ակտիվիստներն անցան Գ.Լուսավորիչ փողոցով, Մաշտոցի պողոտայով` երթն ավարտելով Ազատության հրապարակում:

Բոլոր 3 ուղղություններից երթը մեկնարկեց գրեթե միաժամանակ, հնչում էին միևնույն կոչերն ու պահանջները` «Ամուլսարն` առանց հանքի», «Հանքին դեմ ես, սիգնալ տուր», «Մենք ենք տերը մեր երկրի» և այլն։ Երթի ողջ ընթացքում նրանք ունեին սարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտող ցուցապաստառներ, կանաչ փուչիկներ` «Ամուլսարը հանք չի դառնա» գրություններով։ Երթն ուղեկցվում եր ոստիկանական ուժերի կողմից։

Ի դեպ, երթի մասնակիցները ՀՀ կառավարությանը ներկայացրել են 5 պահանջ.

1. Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական։

2․ Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումն ու համեմատումն այն անհատների խմբի պահանջի հետ, ովքեր անմիջական շահառու են, և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից:

3. Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական պետական եզրակացությունը` հենվելով արդեն իսկ բացահայտված թերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ իրենց փաստաթղթերում անտեսված են եղել բնապահպանական բազմաթիվ գործոններ։

4․ Ուսումնասիրել նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը։

5․ Պահանջել «Լիդիան» ընկերությունից՝ դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանն արդեն հասցված վնասները։

«Լիդիան» ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է, քանի որ՝

ա․ պատշաճ կերպով չի ապահովվել հասարակության մասնակցությունը կարևորագույն այս որոշման ընդունման գործընթացին, ինչը թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային կոնվենցիայի խախտում է,

բ․ խախտված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները,

գ․ խախտվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների դրույթները:

Երթը եզրափակվեց Ազատության հրապարակում: Այստեղ էին նաև հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, որոնք սատարում էին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությանը` նախկին պատգամավոր Անահիտ Բախշյան, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հայկ Մարտիրոսյան, Անդրեաս Ղուկասյան, «Սասնա ծռեր» -ի անդամ Պավլիկ Մանուկյան և այլք։

Նախաձեռնության անդամներն, Ազատության հրապարակում եզարափակելով երթը, հայտարարեցին` թվարկված պահանջների իրականացման համար ակնկալում են կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում։ «Ջերմուկի մեր հայրենակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ, դասադուլներ և բողոքի խաղաղ այլ ակցիաներ են իրականացնելու։

Հորդորում ենք ձեզ օր առաջ լուծել այս խնդիրը, և դրանով իսկ կանխել թե՛ Ջերմուկում, թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի այլ հատվածներում սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները։ Եկեք հեռատես լինենք, և երկիրը չտանենք նոր ցնցումների, միևնույն է Ամուլսարում հանք ոչ մի պարագայում չի՛ բացվելու»,- ևս մեկ անգամ ընդգծեցին նրանք։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Վարչապետը Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգել այն խնդիրները, որ նշված են «Էլարդ»-ի զեկույցում, շարունակվելու է նաև հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նա խնդրել էր բնապահպաններին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչև ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին