-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115632 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Այդ ինչպե՞ս «համբերատար բանակցող» Սերժ Սարգսյանը բախվեց Ապրիլյան պատերազմին
Այլ Լուրեր

Այդ ինչպե՞ս «համբերատար բանակցող» Սերժ Սարգսյանը բախվեց Ապրիլյան պատերազմին

Երեկ տարածվեց բրիտանական Independent պարբերականին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, որը նախևառաջ ուղղված էր ներքին լսարանին՝ կառավարող ուժին և արտախորհրդարանական ընդդիմությանը։ Սակայն ակնառուն ոչ այնքան Սարգսյանի հարցազրույցն էր, որը նորություն չէ՝ հաշվի առնելով վերջինս ակտիվացումը արդեն տևական ժամանակ, որքան շեշտադրումները՝ իր կառավարման շրջանի, բանակցային գործընթացում իր դերակատարության, թողած ժառանգության և հնարավոր հեռանկարների վերաբերյալ։

Այսպես, խոսելով պատերազմի պատճառների, ընթացիկ իրավիճակի և նախորդող հանգանամանքների մասին՝ Սարգսյանը, ի թիվս այլ իրողությունների, փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և «մաքրագործել» իր անցյալը։ Շեշտադրմամբ, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու է աղետալի հետևանքների, իսկ  շարունակականությունը կենսական նշանակություն պետք է ունենար, Սարգսյանը, փաստացի, փորձում է լեգիտիմացնել իշխանության վերարտադրության իր ծրագիրը՝ չարչրկված «կայունության» թեզը փոխարինելով «բանակցային գործընթացի կենսական նշանակությամբ»։

Ստացվում է, որ երկիրը 10 տարի կառավարած, պետական կառավարման արատները խորացրած և իշխանությունը գրպանած Սարգսյանը, կրկին պնդում է իր իսկ կողմից շրջանառության դրված անփոխարինելության թեզը։ Հեղափոխությունից երկու տարի անց, որը, նախևառաջ, սարգսյանական ռեժիմի վերարտադրության դեմ էր, Սարգսյանը շարունակում է պնդել իր անփոխարինելության առասպելը և «համբերատար բանակցողի» իր կերպարը բերում առաջին պլան։ Եվ ավելին, պնդում, որ պատերազմի պատճառը հենց բանակցությունների ձախողումն էր,  տողատակում ակնարկելով, որ պատերազմից, ըստ այդմ,  հնարավոր էր խուսափել, եթե ինքը և իր իշխանությունը վերարտադրվեին, և բանակցությունները շարունակվեին իր գլխավորությամբ։

Հիշողության կորստի, թե աճպարարության այս դրոշը, սակայն, ի ցույց է դնում Սարգսյանի կառավարման փիլիսոփայության ողջ սնանկությունը և տարածաշրջանային զարգացումների անընկալունակությունը, եթե չասենք պրիմիտիվ մանիպուլյացիան։ Փաստ է, որ ցածր ինտենսիվությամբ հանդերձ 2016թ. Ապրիլյան պատերազմը առանցքային էսկալացիա էր, որը ցույց էր տալիս, որ բանակցությունները փակուղի են հասել, «ստատուս քվոն» կենսունակ չէ և այլընտրանքի՝ պատերազմի առկայությունը դիտարկվում է որպես կոնֆլիկտի լուծման հիմնական գործիք։ Այսինքն ստացվում է, որ Սարգսյանը ինքը իր դերակատարության հետ հակասության մեջ է, ինչպես կարելի է անձնական օգտագործման քարոզչամեքենայով տիրաժավորել «համբերատար բանակցողի» կերպար, բայց ստանալ Ապրիլյան  պատերազմ։

Մյուս և ամենաառանցքային փաստարկը հետևյալն է, արդարացնել ու լեգիտիմացնել իշխանության զավթումը, ավտորիտար ռեժիմի վերարտադրությունը բանակցող անհատի և նրա դերակատարման կարևորությամբ։ Չէ որ խոսքը պետության, պետականության, ինտիտուտների դիմադրողականության,  այլ ոչ թե անհատական հատկանիշների մասին է։ Չէ որ որքան էլ ցանկալի լիներ «փայլուն բանակցող» ունենալ, այնուամենայնիվ եթե դիմացի կողմը տեսնում է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական բալանսը սկսել է տատանվել, ապա հնարավոր չի լինի խուսափել պատերազմից։ Այս դիտանկյունից ընդհանրապես մանկապատանեկան ժանրից է խոսել պատերազմի վերսկսման և բանակցող ղեկավարի դերի մասին՝ դուրս թողնելով ռուս-թուրքական  վերսկսված տարածաշրջանային գերակայության համար մղվող պայքարի անկյունաքարային նշանակությունը այս կոնֆլիկտում։ Չէ որ Էրդողանի գլխավորած Թուրքիայի կայսրական հակումները տարածաշրջանում ամենևին չէին զսպվի Սարգսյանի «համբերատար բանակցողի» կերպարով։ Իսկ հակառակ կարծիքն ունենալն իսկ միամտություն և նեղմտության մասին է միայն խոսում։ 

Ավելին, ստացվում է, որ տրամաբանական է ուրեմն երբեք իշխանություն չփոխել, Հայաստանը սարքել տարածաշրջանային դիկտատուրայի մի նոր բնօրրան՝ պատճառաբանելով բանակցային հիշողությունը և անձերի միջև փոխվստահությունը։ Այս ամենը միգուցե տրամաբանական լիներ, եթե մի պահ վերանայինք ժողովրդավարության ու իշխանության փոփոխելիության առանցքային սկզբունքի գերակայությունից և ինքներս մեզ պահեինք պետականազուրկների տրամաբանության սահմաններում։ Տրամաբանություն, երբ ոչ թե պետությունն է լուծում կոնֆլիկտները, այլ անհատը և ոչ թե պետությունն  է հանուն կարգավորման, այլ պետության առանցքն իսկ ստորադասվում է կարգավորմանը և լեգիտիմացվում պատերազմի վերսկսման հնարավորությամբ։ Այսպիսի իրավիճակներում է, երբ դասականի խոսքերով՝ ստանում ես և՛ անպատվություն և՛ պատերազմ։ Որն էլ, իմիջիայլոց, խոսվում էր միջազգային տարբեր շրջանակների կողմից, այն է, որ այս պատերազմը պետք է լիներ անկախ սարգսյանական ռեժիմի վերարտադրության փաստից՝ 2018-ին ուղղակի հեղափոխություն խառնեց տարածաշրջանային խաղաքարտերը և հետաձգեց այն 2 տարով։

Եվ որպես վերջաբան, ծանծաղամտություն կլիներ կարծել, որ Սարգսյանի  վերարտադրությունը, նրա «համբերատար բանակցողի» կերպարը կարող էին տարածաշրջանային զսպման գործիք լինել ընդդեմ Թուրքիայի օրեցօր սանձարձակ արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ախորժակի։  

Անահիտ Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ

Անի Գրիգորյան

Սերժ Սարգսյանի գրասենյակն այդպես էլ չսովորեց աշխատել լրատվամիջոցների հետ

Սերինե

Սերժ Սարգսյանը շարունակում է տապալել դատական նիստերը․ այս անգամ կորոնավիրուսի կասկածով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին