Գլխավոր » «Այդ մարդկանց օրագրի մեջ պետք է 2 նշանակել և ուղարկել տուն»․Ինչո՞ւ իշխանությունը մտափոխվեց ու մերժեց ԼՀ նախագիծը
Քաղաքականություն

«Այդ մարդկանց օրագրի մեջ պետք է 2 նշանակել և ուղարկել տուն»․Ինչո՞ւ իշխանությունը մտափոխվեց ու մերժեց ԼՀ նախագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել վարչապետին Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ղեկավարների նշանակել համակարգից դուրս այն անձանց շրջանակից, որոնք բավարարում են պատգամավորին ներկայացվող պահանջներին, երեկ տարօրինակ կերպով մերժվել է խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Տարօրինակությունն այն է, որ իշխանական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացրել նախագիծը, որով ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական էին դարձվում։ Այժմ «Իմ քայլը» առաջարկվող կարգավորումներում ռիսկեր և Սահմանադրության հետ անհամապատասխաննություններ է տեսնում։

NewArmenia.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ ոստիկանության և ԱԱԾ-ի հետ կապված իրենք վաղուց առանձին մոտեցում ունեին։

«Առաջին՝ պետք է ապահովվի իրավապահ համակարգի մարմինների անկախությունը քաղաքական իշխանությունից, որ նրանք գործեն բացարձակապես որպես պետական մարմիններ, օրենքով սահմանված գործառույթների մեջ պետք է ընդգրկվի ընթացիկ օպերատիվ հաշվետվության ներկայացումը գործադիր իշխանությանը, որովհետև գործադիրն է իրականացնում անվտանգության քաղաքականությունը։ Պետք է նաև անմիջական պատասխանատվություն լինի հանցագործությունների կանխման իրավակարգերի համար։ Այսինքն՝ այդ կառույցները չպետք է դառնան քաղաքական իշխանության գործիքը՝ ըստ օրվա իշխանության քաղաքական նպատակների։ Դրա ապահովման մյուս կարևոր ինստիտուտը կլիներ, եթե ապահովվեր որպես պետական մարմիների՝ նրանց ղեկավարների նշանակման հաստատումը ԱԺ-ի կողմից։ Եթե նույնիսկ կառավարությունը կամ վարչապետն է նշանակում նրանց, այդ նշանակումն ուժի մեջ մտներ միայն այն դեպքում, եթե հաստատվեր ԱԺ կողմից։ Դա վերաբերում է նաև քննչական մարմինների՝ ՀՔԾ-ի, ՔԿ-ի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին, որոնք ևս պարբերական հաշվետվություն պետք է ներկայացնեն ԱԺ-ում»,- ասաց Ա․Սաքունցը։

Ըստ նրա՝ այդ կառույցների բյուջետավորումը կատարում է ԱԺ-ն և այն պետք է գնահատի նաև նրանց գործունեության արդյունավետությունը, ֆինանսավորման ծավալները, ահրաժեշտ փոփոխությունները։ Ա․Սաքունցի կարծիքով՝ այս առումով իրավապահ մարմինների ղեկավարները չպետք է միայն մի կողմից նշանակվեն։

«Շատ կարևոր է այստեղ անկախության ապահովումը։ Եթե նայենք ժողովրդավար պետությունների փորձը, ապա կտեսնենք, որ իրենք էլ են ունեցել խնդիրներ, և լուծել են այս ճանապարհով՝ ԱԺ-ի հաստատումով։ Իսկ դրա իրականացման համար պետք է անպայման սահմանադրական մոտեցումները փոխվեն»,- ասաց Ա․Սաքունցը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնները պետք է լինեն քաղաքական։ Պնդմանը, թե այդ մարմինները քաղաքականություն իրականացնողներ են, ոչ թե քաղաքականություն մշակողներ, Ռ․Մեհրաբյանը հակադարձեց․»Քաղաքականություն իրականացնողը պետք է լինի նաև քաղաքական պաշտոնյա, հատկապես հիմա, երբ ակնհայտ է, որ այդ կառույցները ենթակա են արմատական բարեփոխոխման։ Նաև ակնհայտ է, որ իրենք իրենց բարեփոխելու ներքին ռեսուրս այդ կառույցները սպառել են և չունեն։ Հետևապես, պետք է քաղաքական թիմի գործուն միջամտություն այս խնդիրը լուծելու համար, իսկ դա նշանակում է, որ այդ պաշտոնները պետք է լինեն քաղաքական»։

«Իսկ եթե կան մարդիկ, որ ԱԺ հանձնաժողովում լուծում չեն գտնում, ապա պետք է այդ մարդկանց օրագրի մեջ 2 նշանակել և ուղարկել տուն, իսկ հանձնաժողով նոր մարդիկ գտնել ու բերել, որոնք լուծում կգտնեն»,- ասաց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ փետրվարին ավարտվում է ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման ժամկետը և պետք է արվեն արդեն վերջնական նշանակումներ, բայց եթե օրենքում չի արվում այդ փոփոխությունը, ապա կարելի է ֆիքսել, որ իշխանությունը, փաստորեն, այդ կառույցներում բարեփոխման ծրագիր չունի, ինչը խիստ ցավալի է և վտանգավոր․ «Չբարեփոխված, առանցքային նշանակություն ունեցող կառույցներով իշխանությունների բարեփոխումների ծրագիրը երկրում մեծ ռիսկի տակ է»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին