12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Այն, որ մեծ թվով երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ, չի հանգեցնում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը. Մինասյան
Այլ Լուրեր

Այն, որ մեծ թվով երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ, չի հանգեցնում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը. Մինասյան

ԵՄ 27 անդամ պետություններ և ԱՄՆ-ն չեն ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ, սակայն Լուկաշենկոյին շարունակում է աջակցել իր ամենակարևոր դաշնակիցը՝ Ռուսաստանը։ Այս մասին գրում է «Բի-Բի-Սի»-ն։    

NewArmenia.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ կանխատեսելի էր այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությամբ Բելառուսի քաղաքական ճգնաժամը թևակոխելու է նոր փուլ, ինչը և տեղի ունեցավ․ «Արևմտյան մի շարք երկրներ, որոնք աջակցություն են ցուցաբերում բելառուսական ընդդիմությանը, բնականաբար պետք է ստեղծված նոր իրավիճակում արտահայտեին իրենց դիրքորոշումը, ինչը և տեղի է ունենում»։

Քաղաքագետը, կարևորելով Լուկաշենկոյին որպես լեգիտիմ նախագահ չճանաչող երկրների հետագա քայլերը, նշեց, որ շատ է խոսվում հնարավոր պատժամիջոցների մասին, սակայն այդ պատժամիջոցների ընդունումը լուրջ խոչընդոտների է բախվում, և Եվրամիությունը մինչ օրս՝ ավելի քան մեկ ամիս, չի կարողանում սահմանել պատժամիջոցներ․

«Ընդ որում՝ այդ պատժամիջոցները վերաբերում են միայն Բելառուսի բարձրաստիճան 30-40 պաշտոնյաների։ Այդ պատժամիջոցների արդյունավետության հետ կապված ևս շատ վերապահումներ են հնչում, մասնավորապես այն հանգամանքը, որ նույն բելառուսական էլիտայի շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ գտնվել են նմանատիպ պատժամիջոցների տակ, բացի այդ, նրանցից շատերն իրավունք չունեն անգամ հաշիվներ ունենալ եվրոպական բանկերում, հետևաբար, եթե անգամ այդ պատժամիջոցներն ընդունվեն, հազիվ թե դա կարող է լինել էական հարված բելառուսական իշխանություններին»,-ասաց նա։

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում այն երկրները, որոնք աջակցություն են ցուցաբերում բելառուսական ընդդիմությանը, չունեն բավարար ազդեցության լծակներ Բելառուսի ներկայիս իշխանությունների վրա, և դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով․ «Բնականաբար, քաղաքական ճգնաժամը դեռևս կպահպանվի, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան բողոքի ակցիաները, և արդյոք կհաջողվի ներբելառուսական երկխոսություն հաստատել, թե ոչ»։

Քաղաքագետն այս համատեքստում հիշատակեց մեկ այլ նմանատիպ նախադեպի մասին, երբ մեծ թվով երկրներ չեն ճանաչում երկրի ղեկավարին և նշեց, որ խոսքը վերաբերում է Վենեսուելային․ «Եվ փաստացի այժմ էլ մեծ թվով երկրներ հայտարարում են, որ չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ, և այդ առումով իրավիճակը կրկնվում է։ Ինչպես ցույց է տալիս վենեսուելական փորձը, նման ռազմավարությունը չի հանգեցնում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, և տվյալ ճգնաժամը կարող է միմիայն երկարաձգվել, և այս իրավիճակում առավել գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ, սակայն ինչպես նշեցի, այս պահին Արևմուտքի ազդեցության լծակները նմանատիպ երկխոսություն մեկնարկելու համար սահմանափակ են»։

Հարցին՝ Ռուսաստանը թիկո՞ւնք է կանգնում Բելառուսին ընդդեմ Արևմուտքի՝ Նարեկ Մինասյանը նշեց, որ թեպետ Ռուսաստանը իր դիրքորոշումը հստակեցրել և աջակցություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանը ևս շահագրռված է քաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ, սակայն հարց է՝ արդյո՞ք Լուկաշենկոն կպահպանի իր իշխանությունը քաղաքական ճգնաժամի հաղթահարման որևէ սցենարի պարագայում․ «Դա մի փոքր ավելի բարդ խնդիր է, որովհետև ստեղծված իրավիճակում ՌԴ-ն ունի առավել խորքային ռազմավարական շահեր, քան զուտ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության պահպանումն է։ Խնդիրը վերաբերում է ընդհանրապես Բելառուսի արտաքին քաղաքական կողմնորոշմանը, Բելառուսի ժողովրդի ռուսամետ կամ հակառուս տրամադրություններին, և ՌԴ-ի կողմից Լուկաշենկոյին աջակցություն հայտնելը կարճաժամկետ նպատակներ հետապնդող քայլ է, քանի դեռ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Բելառուսում իրավիճակի հստակեցման դեպքում ՌԴ-ի դիրքորոշման մեջ մենք ականատես կլինենք փոփոխությունների։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Նատա Հարությունյան

Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում Է Բելառուսի նախագահի ընտրություններում

Նատա Հարությունյան

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին