-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116105.6 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Այս աղետաբեր շրջապտույտից մեզ դուրս բերելու համար իշխանությունը չունի ռեսուրս․ Անի Սամսոնյան
Հարցազրույցներ

Այս աղետաբեր շրջապտույտից մեզ դուրս բերելու համար իշխանությունը չունի ռեսուրս․ Անի Սամսոնյան

New Armenia. am- ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

-Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ չմասնակցեց վարչապետի հետ հանդիպմանը և իրեն հետաքրքրող հարցերը չուղղեց հենց Նիկոլ Փաշինյանին։

-Մեզ հրավեր է եղել վարչապետի հետ հանդիպման, կրկնում եմ՝ հանդիպման, դա նիստ չի եղել։ Մենք նշել ենք, որ ունենք մեկ օրակարգ՝ վարչապետի հրաժարականը, եթե պատրաստ եք այդ օրակարգը քննարկել, մենք կգանք, եթե այլ օրակարգ եք առաջարկում, մենք ձեզ հետ քննարկելու ոչ մի բան չունենք։ Ըստ երևույթին, երեկ ինչ որ կատարվում էր նիստերի դահլիճում, ապօրինի էր, որովհետև իշխող խմբակցության հարցուպատասխանը վարչապետի հետ որևէ ձևաչափի մեջ չէր տեղավորվում։ Եվ հետո, դա ի՞նչ հարցուպատասխան էր, այսինքն՝ մարդիկ սպասում էին, որ մենք պետք է շոուի՞ մասնակցեինք։

-Ստացվում է, որ երկու կողմդ էլ չեք զիջում, և ԱԺ հերթական քառօրյան մեկնարկել է, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունն էլ չի մասնակցում այդ նիստին։ Իշխանությունը մտադիր չէ հրաժարական տալ, ԱԺ-ն շարունակում է աշխատանքը գրեթե դատարկ դահլիճով, այս ամենը նորմա՞լ եք համարում։ Հետաքրքիր է, Ձեր հետագա աշխատանքային գործընթացը ինչպե՞ս եք պատկերացնում։

-Եթե նայեք քառօրյայի օրակարգը, կտեսնեք, որ այնտեղ որևէ հարց չկա, որն առնչվում է այս իրավիճակին և որը բխում է հանրային պահանջից։ Այսօր հանրային պահանջ է քննարկել այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, և հասկանալ՝ դա արդյոք իրավաչափ էր, թե ոչ, քննարկել դրա հետևանքները։ Երկրորդը՝ հրաժարականի պահանջը, որը մեր գործընկերների համար դարձյալ քննարկման առարկա չէ։ Նրանք շարունակում են այնպես, ասես երկրում ոչ մի բան չի եղել, կարծես թե պատերազմ չի եղել, կարծես թե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես իրենք էին սիրում լուսանկարները տարածել և գրառում անել, կապիտուլյացիայի ակտ չի ստորագրել և մեր գլխին աղետաբեր ամպեր չի կուտակել։ Այսինքն՝ սա ադեկվատ վարքագիծ չէ իրողություններին, և մենք իսկապես համարում ենք, որ անհնար է լուրջ դեմքով այս իրավիճակում քննարկել այլ օրակարգ։

-ՀՀ նախագահի ուղերձի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։

-Ըստ էության, նախագահը ծանոթացել է մեր առաջարկած ճանապարհային քարտեզին, և կարծում եմ, որ շատ մեծ տարբերություններ չկան մեր և նախագահի առաջարկի միջև։ Մենք, իհարկե, ավելի մանրամասն էինք գրել, թե ինչպես ենք պատկերացնում հետագան, բայց նախագահը ևս պահանջում է վարչապետի հրաժարականը և առաջարկում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, մենք ասում  ենք՝ անցումային կառավարություն, նախագահը ընտրել է ավելի ականջահաճո բառեր։

-Իսկ նմանատիպ կառավարություն ստեղծելու նախադրյալներ Դուք այս պահին տեսնո՞ւմ եք։

-Այս պահին չեմ տեսնում, որ կառավարությունը հասկացել և սթափ գնահատել է իր գործողությունների և իր վարած քաղաքականության հետևանքները, և կառավարության համար այսօր կա մեկ օրակարգ՝ ամեն գնով մնալ իշխանության, բայց մենք համարում ենք, որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Մենք 2020 թվականի ընթացքում կարողացանք կոնկրետ ցուցանիշներով չափել այս կառավարության հնարավորությունները և մենք հասկանում ենք, որ այլևս նա չունի ռեսուրս, որ կարողանա մեզ այս աղետաբեր շրջապտույտից դուրս բերի։

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում հանգամանքին, որ իշխանական թիմը ոմանք լքում են կամ հեռացվում են աշխատանքից։

-Այսօր մարդիկ են լքում զբաղեցրած պաշտոնները, որոնք ունեցել են ոչ հրապարակային դերակատարում և ավելի նվազ դերակատարում որոշումների կայացման հարցում, քան այն մարդիկ, ովքեր շարունակում են կառչած մնալ աթոռից, միայն նախարարը, որը ցուցաբերեց արժանապատվություն և որոշեց, որ ճիշտը հեռանալն է՝ արտգործնախարարն էր, մնացածի դեպքում չեմ տեսնում մի կաթիլ պատասխանատվության զգացում եղածի նկատմամբ, հակառակը՝ մեկը մյուսի վրա է պատասխանատվությունը գցում, փորձելով սրբագրել իրենց քաղաքականությունը։ Ինձ համար տարօրինակ է, երբ Անվտանգության խորհրդի գրասենյակից վարչության պետ է դուրս գալիս, բայց մնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը տապալել է ամբողջ անվտանգության ռազմավարությունը Հայաստանում բոլոր առումներով։ Տապալված կառավարություն է, պետք է արժանապատվություն ցուցաբերի և հեռանա։

-Դուք նշում եք, որ հեռացողները ունեն պատասխանատվություն, բայց նրանք, ովքեր չեն լքում իշխող թիմին, նշում են, որ մնում են որպեսզի կրեն պատասխանատվություն։ Հիմա մնացողնե՞րը, թե՞ գնացողներն ունեն պատասխանատվության զգացում։

-Նրանք պետք է պատասխանատվություն կրեն, բայց իրենք չեն կարող լինել արդյունավետ՝ պատասխանատվություն կրելով հանդերձ, դա սխալ է, բոլոր տապալված կառավարությունները հեռանում են՝ դաշտը թողնելով նրանց, ովքեր կարող են արդյունավետ կառավարել երկիրը և վերացնել հետևանքները։ Այս կառավարությունը արդեն պարտվողի հոգեբանություն ունի, և այս հոգեբանությամբ չեն կարող գեներացնել նոր արդյունքներ։

-Եթե իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները շարունակվեն այս կերպ, ձեր հետագա անելիքները որո՞նք են լինելու։

-Այդ մասին դեռ քննարկում չենք արել, բայց, եթե շարունակեցին աշխատել այսպես, չեմ կարծում, որ կլինի կառուցողական միջավայր որևէ բան իրականացնելու համար, որովհետև, նորից եմ ասում, տապալված կառավարության հետ դու որևէ հարց, մարտավարություն այլևս չունես քննարկելու, այս մարդիկ սպառված են, և իրենք պետք է հասկանան, որ պետք է հեռանան։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Պետրոս Ղազարյանը ներողություն չի խնդրի Անի Սամսոնյանից

Սերինե

Անի Սամսոնյանը Պետրոս Ղազարյանից պահանջում է ներողություն խնդրել

Անի Գրիգորյան

Արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու մասին մեր հայտարարությունը չի մնացել թղթի վրա․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին