Գլխավոր » «Այս նախագիծը շատ հատվածական է և չի կարող լուծել ստեղծված ճգնաժամը»․ Արման Բաբաջանյանը դեմ է ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծին
Քաղաքականություն

«Այս նախագիծը շատ հատվածական է և չի կարող լուծել ստեղծված ճգնաժամը»․ Արման Բաբաջանյանը դեմ է ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս շաբաթ խորհրդարանում քննարկվելու է կառավարության ներկայացրած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող անդամներին առաջարկվում է աշխատավարձին հավասարեցված կենսաթոշակ այն դեպքում, եթե նրանք մինչև 2020 թ-ի հունվարի 31-ը հրաժարվեն իրենց պաշտոններից: Թեմայի շուրջ NewArmenia.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

— Պարոն Բաբաջանյան, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Սահմանադրական դատարանի գործող անդամներին առաջարկվող վաղ կենսաթոշակի մասին օրինագծի նկատմամբ, ինչպե՞ս եք քվերակելու:

— Օրինագծին, ամենայն հավանականությամբ, դեմ եմ քվեարկելու, քանի որ չեմ տեսնում դրա միջոցով երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու հնարավորություններ, ինչպես մտածում են նախագծի հեղինակները: Իրականում ես ոչ միայն դեմ չեմ սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանը, այլ վերջին ամիսներին իմ աշխատանքի զգալի մասը նվիրել եմ հենց այդ նպատակի իրագործմանը: Պարզապես համարում եմ, որ այս նախագիծը շատ հատվածական է և չի կարող լուծել ստեղծված ճգնաժամը: Նախ՝ մենք որևէ երաշխիք չունենք, որ ՍԴ գործող այն անդամները, որոնց պատճառով էլ, ըստ էության, առաջացել է սահմանադրական ճգնաժամը, կօգտվեն այդ օրենքի ընձեռած հնարավորությունից ու, հանուն կիենսաթոշակի, հրաժարական կտան: Բացի այդ, ինչ է լինելու այն դեպքում, երբ այդ ռեժիմից օգտվեն, ասենք, մեկ կամ երկու դատավորներ, սակայն մյուսները շարունակեն պաշտոնավարել: Սրանք հարցեր են, որոնց կառավարության ներկայացրած օրինագիծը չի պատասխանում: Ամեն ինչ, ըստ էության, թողնված է Սահմանադրական դատարանի գործող անդամների բարի կամքին: Դա իռացիոնալ մոտեցում է, քանի որ եթե բարի կամքի գործոնը գործեր, ապա այդ դատավորներն այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո, հանրային վերաբերմունքի ու ճնշման ներքո հրաժարական ներկայացրած կլինեին, ինչը տեղի չի ունեցել:

— Դուք նշում եք, որ այս օրինագծով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվելու: Այդ դեպքում ո՞րն է այդ ճգնաժամի հաղթահարման ճանապարհը՝ Ձեր կարծիքով:

— Ես այդ ճանապարհը ցույց եմ տվել Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծով, որով առաջարկվում է իրավաքաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի անցած մեկուկես տասնամյակների գործունեությանը, ՍԴ-ի կողմից կայացված հակասահմանադրական, ապօրինի վճիռներին՝ հատկապես ընտրական վեճերի վերաբերյալ: Դա որոշակիորեն կդառնա նաև Սահմանադրական դատարանի նախկին, գործող ու ամենակարևորն՝ ապագա անդամների լյուստրացիայի գործիք, ինչի միջոցով կբացահայտվեն նախորդ տարիներին կայացված վճիռների ժամանակ ՍԴ անդամների ստվերային կապերն ու շարժառիթները: Անցած մեկուկես տասնամյակների ընթացքում Սահմանադրական դատարանը, որի անդամներ են եղել գործող դատավորների մեծ մասը, մասնակից ու հանցակից է եղել իշխանության ապօրինի զավթմանը, իշխանության բռնազավթմանը: Հենց Սահմանադրական դատարանի վճիռներով են լեգիտիմացվել այն բոլոր կեղծված ընտրությունները, որոնց ընթացքում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, սպանություններ, քաղաքական գործիչների հետապնդումներ և այլն: Սահմանադրական դատարանը խաղացել է հանցավոր իշխանությունների ծխածածկույթի, սահմանադրականացման ցուցանակի դեր: Այդ մասին անցած շաբաթ հանգամանորեն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը՝ էմպիրիկ տվյալների, վերլուծական շատ հարուստ նյութի միջոցով ցույց տալով, թե ինչպես է սկսած 2003 թվականի՝ ընտրացուցակների հրապարկումն արգելող Սահմանադրական դատարանի որոշումից հետո, իշխանությունն ընտրությունների ժամանակ հավելագրել ավելի քան 400 հազար ձայն: Նույնը տեղի է ունեցել նաև 2005 և 2015 թվականների սահմանադրական փոփոխությունների հանրաքվեների ընթացքում: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի գործող դատավորների զգալի մասը հանցակից է եղել ծանրագույն հանցագործության՝ իշխանության բռնազավթման իրականացմանը: Իսկ մենք այդ ամենին գնահատական տալու փոխարեն, փաստորեն, առաջարկում ենք հանցագործության մասնակիցներին մի բան էլ կենսաթոշակ նշանակել: Դա մեղմ ասած, լուրջ չէ:  

— Փաստորեն Դուք առաջարկում եք քրեական պատասխանատվությա՞ն ենթարկել Սահմանադրական դատարանի այն անդամներին, որոնք մասնակցություն են ունեցել նախորդ ընտրությունների հետ կապված վճիռների կայացմանը:

— Խնդիրն անձերին քրեական պատասխանատվության ենթարկելը չէ, թեև բացառված չէ, որ դրա անհրաժեշտությունը ևս ծագի: Բայց ավելի կարևոր է, որպեսզի նոր Հայաստանում իշխանության առաջնային մանդատ կրող մարմինը՝ Ազգային ժողովը, իրավաքաղաքական գնահատական տա Հայաստանում մեկուկես տասնամյակ ժողովրդավարության բռնաբարմանը, այլասերմանը մասնակցած Սահմանադրական դատարանին: Դա, ըստ էության, մեր՝ նոր Հայաստանի օրենսդիրներիս պարտքն է ժողովրդավարությանը, այն ժողովրդավարությանը, որի շնորհիվ մենք մանդատ ենք ստացել ներկայացնելու մեր հասարակությանը: Դա է երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամի հաղթահարման արմատական, համակարգային ճանապարհը: Իսկ կառավարության ներկայացրած նախագծով մենք ոչ թե, պատկերավոր ասած, բուժելու ենք առաջացած վերքը՝ սահմանադրական վերքը, այլ լավագույն դեպքում գուցե ժամանակավոր ցավազրկելու ենք այն: Մինչդեռ մեզ անհրաժեշտ է բուժել, այսինքն՝ մեկառմիշտ լուծել սահմանադրական ճգնաժամի խնդիրը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին