6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108985.6 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » «Այս պահին կոնֆլիկտի գոտում խաղաղապահներ տեղակայելու հարց օրակարգում չկա»․ Հովհաննես Հովհաննիսյան
Այլ Լուրեր

«Այս պահին կոնֆլիկտի գոտում խաղաղապահներ տեղակայելու հարց օրակարգում չկա»․ Հովհաննես Հովհաննիսյան

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը

-ՌԴ Պետդումայի «Արդար Հայաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն այսօր հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում, հնարավոր է, ռուսական խաղաղապահներ տեղակայվեն։ Ո՞ր դեպքում դա տեղի կունենա։

-Ես չեմ կարծում, թե այս պահին նման քննարկումներ են տեղի ունենում։ Մեր ԱԳՆ-ն և համապատասխան մարմիններն անընդհատ կապի մեջ են թե’ ռուս, թե’ այլ երկրների իրենց գործընկերների հետ, նաև ԱԺ մեր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և մեր բոլոր այն պատգամավորները, որոնք ընդգրկված են տարբեր միջազգային կառույցներում, կապի մեջ են իրենց գործընկերների հետ։ Հիմա տարբեր քննարկումներ են ընթանում, և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Ռազմական գործողություններ են ընթանում ինտենսիվ։ Երբ նման հարց քննարկելու անհրաժեշտություն լինի, կամ նման հարց լինի օրակարգում, ապա այդ մասին կհայտարարվի։

-Ինչո՞ւ ռուսներին չի լքում այն միտքը, որ կոնֆլիկտի գոտում պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն։

-Յուրաքանչյուր պետություն, ինչպես ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը, ունեն իրենց շահերը։ Մենք պետք է հետամուտ լինենք մեր շահին և յուրաքանչյուր քայլ, որ անում ենք, պետք է բխի մեր շահերից և մեր ազգային օրակարգից, այլ տարբերակ չկա։ Տեսնում ենք նաև Թուրքիայի ակտիվությունն այսօր։ նա էլ իր շահերն ունի տարածաշրջանում երկարատև կտրվածքով, երկարաժամկետ միգուցե կտրվածքով, թուրանական կտրվածքով, մեր հարևան Իրանն ունի իր շահերը։ Իսկ մենք բնականաբար ամեն ինչին պետք է նայենք ՀՀ շահի տեսանկյունից, և այն քայլերի տեսանկյունից, որոնք մեզ կարող են օգուտ բերել։ Այս պահին պատերազմ է, տեսնում եք, մենք կռվում ենք մեր ամբողջ ռեսուրսներով։ Ամբողջ հարցն է միավորվել Ղարաբաղի հարցի շուրջ, չկան տարաձայնություններ, չկան ներքին հարցեր, չկան ներքին քննարկումներ, կա ընդամենը մեկ օրակարգ և դա մեր Հայրենիքի պաշտպանությունն է։

-2016-ին ռուսները մեծ դեր ունեցան, որ Ապրիլյան պատերազմը դադարեցվի։ Այսօր ինչո՞ւ նրանք «ձայն չեն հանում»։

-Ես չեմ կարող ասել, թե ձայն չեն հանում։ Որովհետև թե ՌԴ նախագահի մամուլի խոսնակի մակարդակով, թե Դմիտրի Մեդվեդևի մակարդակով, այսօր նաև ՌԴ Պետդումայի քվեարկության տեսքով կրակի դադարեցման կոչեր հնչել են, բայց առավել գործնական քայլերի հետ կապված այս պահին ես տեղեկություններ չունեմ, նաև հանդիպումների և այլնի հետ կապված, ինքս իրավասու չեմ այդ հարցերին պատասխանելու։

-Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է անել այսօր Մինսկի խումբը։

-Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։ Շատ կարևոր է, որ մենք հայտարարել ենք և շարունակում ենք հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ Մինսկի խմբի ձևաչափը լավագույն ձևաչափն է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Բոլոր պատգամավորները և միջազգային կառույցները միանշանակ շեշտում են այն հանգամանքը, որ այս հարցի լուծումը ռազմական ճանապարհով չի կարող լինել, և դա կարելի է ասել, որ ուղղակիորեն ուղղված է Ադրբեջանին, որովհետև թե 2016-ին, թե հիմա ռազմական ճանապարհով խնդիրը լուծել փորձում է Ադրբեջանը։ Խնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի, և դա ցույց են տալիս երկու օրվա մարտերը։ Որևէ կերպ ռազմական ճանապարհով հարց լուծել չի կարող լինել, որովհետև այստեղ դրված չէ տարածքի խնդիր, ինչպես Թուրքիայի նախագահը կամ ԱԳ նախարարն են ասում։ Սա ազգի գոյապահպանության խնդիր է, մեր ազգի հետագայի և գոյամարտի խնդիր է։ Եթե իրենց համար դա ինչ-որ անհայտ տարածք է այդ Ղարաբաղը, ապա Հայաստանում և Արցախում բնակվողների համար Արցախն իրենց տունն է, իրենց հայրենիքն է, որտեղ իրենց պապերի գերեզմաններն են, իրենց եկեղեցիներն են, իրենց ինքնությունն է։ Իրավիճակն այսօր այլ է, մենք կռվում ենք լրիվ այլ նպատակի համար, նրանք կռվում են այլ նպատակի համար։

-Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ իրենք կռվում են միանգամից երկու պետության՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ինչո՞ւ այս հայտարարությունն աշխարհին լսելի չէ։

-Ես չեմ կարծում, որ դա լսելի չէ աշխարհին, գուցե այն չափով լսելի չէ, որ չափով մենք ենք պատկերացնում։ Որովհետև եվրոպական տարբեր երկրների խորհրդարանում, մասնավորապես Հոլանդիայում կամ Գերմանիայում կոչեր են հնչում Թուրքիային ՆԱՏՕ-ից վռնդելու, թուրքական ագրեսիան կանխելու հետ կապված, ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը երրորդ կողմի չմիջամտելու հետ կապված, ռուսական հայտարարությունը երրորդ կողմի չխառնվելու հետ կապված, ուղղակորեն ուղղված են Թուրքիային։ Եվ պարզ է, որ գերտերությունները, նաև մեր բարեկամ Իրանը շատ լավ հասկանում են, որ Թուրքիայի դերի բարձրացումն այս տարածաշրջանում հղի են անկանխատեսելի հետևանքներով, և որևէ կերպ անթույլատրելի է Թուրքիային թողնել, որպեսզի իր արևելյան սահմանում կատարի այն դերը, որը կատարում է Սիրիայում, Լիբիայում, Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների պարագայում։ Այսինքն, ապակառուցողական դեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«Այսօր, ցավոք սրտի, չկա Հայաստանում նման ընդդիմադիր ուժ կամ բևեռ, որը քայլ կգցի «Իմ քայլի» հետ»․ Հովհաննես Հովհաննիսյան

Նատա Հարությունյան

«ՍԴ-ի համար վահեգրիգորյաններ գտնելը բավականին դժվար է»․ Հովհաննես Հովհաննիսյան

Անի Գրիգորյան

Չընդունված դիմորդների համար նոր տեղեր չեն իջեցվի, բայց նախարարությունը խնդրի լուծման եղանակներ է փնտրում․ Հովհաննես Հովհաննիսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին