-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115612.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել. Սուրեն Սահակյան. «ՀԺ»
թերթերի տեսություն

Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել. Սուրեն Սահակյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Վարչապետի հետ հանդիպումներին մասնակցած «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպումներին՝ ասաց, որ դրա մասին խոսելը ժամանակավրեպ է: Փոխարենը, անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրադրությանը՝ Սահակյանը վստահեցրեց, որ այն բարենպաստ է հայկական կողմի համար:

Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

— Պարոն Սահակյան, վերջին 5 օրվա մեջ 2 անգամ ՀՀ վարչապետը անվտանգության խորհրդի նիստ անցկացրեց, վերջին 7 օրվա մեջ 2 անգամ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում ունեցավ, որոնց մասնակցել եք նաեւ դուք: Այսօր վարչապետը հանդիպել է նաեւ Արցախի նախկին նախագահների հետ: Հանդիպումների ինտենսիվությունից ոմանք անհանգստանում են, ոմանք տրամադրություններ տարածում, թե ուրեմն ինչ-որ հարցում որոշում կայացնելու կարիք կա, եթե նա խորհրդակցություններ է անցկացնում: Վարչապետի հետ հանդիպումների արդյունքում գնահատելով իրավիճակը՝ կարո՞ղ եք ասել՝ կա՞ ինչ-որ մտահոգիչ հարց:

— Անկախ նրանից, թե ինչ է խոսվել այդ հանդիպումներում, որի բովանդակությունը ես, իհարկե, չեմ կարող բացահայտել, դա այս պահին ժամանակավրեպ է, այսինքն իմաստ չունի դրա մասին խոսել: Փոխարենը այդ քաղաքական ուժերը կարող են կենտրոնանալ մեր հաղթանակի վրա եւ խուճապային տրամադրություն չտարածել: Անկախ նրանից, թե ինչ կմտածեն քաղաքական ուժերը, այդ թվում կառավարող ուժը, այս պրոցեսները զարգանալու են իրենց տրամաբանության համաձայն: Այսինքն անկախ նրանից՝ Ալիեւը իրեն հաղթած ճանաչի կամ հայկական կողմը իրեն պարտված ճանաչի, մեկ է՝ իրավիճակը զարգանալու է այնպես, ինչպես ռազմի դաշտը թելադրում է: Այնպես որ քննարկումները էական նշանակություն չեն կարող ունենալ ռազմադաշտի այն իրավիճակի վրա, որը ստեղծվել է եւ շարունակելու է ստեղծվել, որովհետեւ այս պատերազմի ժամանակ  Թուրքիան, Ադրբեջանը եւ նաեւ Հայաստանը շատ մեծ խաղադրույքներ են դրել սեղանին եւ պատերազմը չի կանգնելու, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը պարտվի:

— Կարո՞ղ եք ասել, թե ինչու եք ժամանակավրեպ համարում վարչապետի հետ հանդիպման շուրջ քննարկումները:

— Ոչ:

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն առաջարկներին, որ պետք է պարբերաբար հրապարակել հայկական կողմի ունեցած տարածքային հաջողությունների ու անհաջողությունների մասին, որ հետո որեւէ մեկի համար դա անակընկալ չլինի:

— Ես այստեղ համաձայն եմ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որ ժամանակակից պատերազմներում իմաստ չունի ասել՝ այս քաղաքը մերն է, կամ մերը չի: Որովհետեւ քաղաքները կամ շրջանները, օրինակ Ջեբրայիլի շրջանը կարող է օրը 3 անգամ ձեռքից ձեռք անցնել: Եվ հանրության շրջանում, որը տեղյակ չէ ռազմական գիտությունից եւ ժամանակակից պատերազմների տրամաբանությունից, այդ տեղեկությունը կարող է բերել չափազանց մեծ ոգեւորությունների կամ անտեղի հիասթափությունների առիթ հանդիսանալ: Այսինքն այն, որ մենք ժամանակին Լելե Թեփեն գրավել էինք այս պատերազմի ընթացքում, եւ հիմա մեր զորքերը չկան այնտեղ, դա դեռ չի նշանակում, որ վաղը մենք Լելե Թեփեում չենք լինելու: Այսինքն ասել, որ Լելե Թեփեն այլեւս մերը չէ՝ դա ոչ մի բանի մասին է, ասել, որ Լելե Թեփեն մերն է, դա նույնպես ոչ մի բանի մասին է:

— Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը 13 կուսակցությունների կողմից արված առաջարկին՝ ձեւավորել օպերատիվ շտաբ եւ դրան որոշումներ ընդունելու իրավասություններով օժտել։

— Ես կարծում եմ, որ պատերազմի ժամանակ, ամենաթեժ մարտերի ժամանակ խոսել ռազմաքաղաքական ղեկավարության անվստահության մասին (իսկ այդ հայտարարությունը ըստ էության այդպիսի հայտարարություն էր), դա չի կարող ոչ մի լավ բան հուշել մեր բանակին: Այսինքն հրամանատարության փոփոխությունը, որ ակնկալվում էր, եւ կասկածները նախկին կառավարիչների նկատմամբ, չի կարող որեւէ կերպ լավ ազդեցություն ունենալ մեր բանակի մարտունակության վրա: Հակառակը կարող է լինել:

— Այսօր առավոտից համացանցում պարտվողական տրամադրությունները շատացել էին՝ կապված սահմանի մի հատվածում մեր զորքի նահանջի հետ: Երեկոյան տրամադրությունները փոխվեցին՝ ՊՆ-ի կողմից հրապարակված տեղեկությունները հաշվի առնելով: Այս տրամադրությունների փոփոխման արանքում հաճախ նույնիսկ կոչեր են հնչում փակել համացանցը, թույլ չտալ պարտվողական տրամադրություններ տարածել եւ այլն: Այս տրամադրությունները իրո՞ք այդքան մեծ ազդեցություն ունեն զինվորների, բանակի մարտունակության վրա, թե՞ մի քիչ չափազանցեցվում է:

— Ես կարծում եմ, որ ցանկացած դրսեւորում, որ ազդում է մեր վճռականության վրա, դա իհարկե խանգարում է, բայց միեւնուն ժամանակ չեմ գտնում, որ կարիք կա սոցցանցերը փակել: Պետք է ուղղակի ճիշտ ինֆորմացիան տրամադրել, եւ պետք է վստահել բանակի զինվորին, ղեկավարությանը, որովհետեւ այնտեղ ամեն ինչ արվում է, որ մենք հաղթանակ տոնենք: Իհարկե այդ ընթացքում լինում են բացթողումներ: Չկա ոչ մի բանակ, որտեղ բացթողումներ չլինեն, այդպիսին է նաեւ ադրբեջանական բանակը: Եվ ես կարող եմ ասել, որ այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, երբ քիչ կորուստներով, մասնագիտական աշխատանքով  (այսինքն հրետանի, հակաօդային պաշտպանության միջոցներ) կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները: Իհարկե դրանք վերաբերում են եւ զինտեխնիկայի մնացուկներին, որոնցից շատ քիչ է մնացել, մի 20 տոկոս, եւ կարող ենք նույնը ասել մարդուժի մասին: Այսինքն հիմա մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հակահարձակման դիմելու դեպքում նա փախուստի կդիմի:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին