-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115923.2 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Այս պահին չեմ համարում իրատեսական, որ ՄԱԿ-ը խաղաղապահ մանդատ տա Ռուսաստանին». Ռուբեն Մեհրաբյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Այս պահին չեմ համարում իրատեսական, որ ՄԱԿ-ը խաղաղապահ մանդատ տա Ռուսաստանին». Ռուբեն Մեհրաբյան

Այսօր երեկոյան ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ փակ նիստ է հրավիրել՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը: Նշենք, որ սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել էր Արցախում սկսված ռազմական գործողությունները՝ կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և առարկայական բանակցություններ սկսել առանց նախապայմանների: Այս կոչը, սակայն, ոչ մի ազդեցություն չունեցավ, քանի որ Ադրբեջանը խախտեց հրադադարի բոլոր պայմանավորվածությունները: 

NewArmenia.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: 

  
-Պարոն Մեհրաբյան, ի՞նչ կարող ենք ակնկալել ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստից՝ հատկապես, որ նախորդ նիստի կոչը արդյունք չունեցավ:

-Կարծում եմ՝ այս նիստը պայմանավորված է նրանով, որ հումանիտար զինադադարի 2 փորձ մատնվեց անհաջողության: Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև գոյություն ունի պատկերացումների ամբողջական համընկնում, թե ինչ պետք է արվի Արցախի հետ կապված: Դրա մասին խոսել են և ԱՄՆ-ը Վաշինգտոնում, երբ Ռոբերտ Օբրայենը և Նիկոլայ Պատրուշևը կոնտակտներ են ունեցել, այդ մասին խոսել են Մոսկվայում, ամենաուշագրավը ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անտոնովի հայտարարությունն է, դրա մասին խոսել են Փարիզում: Այդ իմաստով այստեղ կոնսենսուսն ամբողջական է: Իսկ Թուրքիային տարածաշրջանից հեռու պահելու հարցում ուղղակի բացարձակ կոնսենսուս կա: 

-Իսկ կոնկրետ քայլեր հնարավո՞ր են այս նիստից հետո, բացի հայտարարություն անելուց: 

— Այդ կոնկրետ քայլերի մասին, իմ կարծիքով, պետք է հենց խոսեն այդ փակ քննարկման ժամանակ, թե ինչ կարող են անել, որովհետև, ինչպես տեսնում ենք, եթե մինչև սեպտեմբերի 26-ը Ադրբեջանը կարող էր շատ բան թելադրել Թուրքիային, ապա պատերազմի առաջին օրվանից Ադրբեջանն իր քաղաքական բոլոր հնարավորությունները բազմապատկել է զրոյի: Այս պահին Ադրբեջանն ուղղակի վերածվել է Թուրքիայի պատանդի, Թուրքիայի բաշիբոզուկ պետության: Մենք տեսնում ենք, որ Էրդողանը պատրաստ է շարունակել պատերազմը մինչև վերջին ադրբեջանցին, և դրա դեմ Ալիևը ոչինչ չի կարող անել: Այս իրավիճակը կարծում եմ կքննարկեն, ինչ- որ քայլեր կմշակեն և կներկայացնեն միջազգային հանրությանը: Դա հաղոջված կլինի, թե ոչ, չեմ կարող հիմա ասել: 

— ՄԱԿ-ի խաղաղարար նախկին փորձը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն կարող է լինել միջամտությունը: 

— Էստեղ ակնհայտ է մի բան՝ խաղաղության ամենակարճ ճանապարհը Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է: Որովհետ միակ արդարացումը, որ Ադրբեջանն ունի այս պատերազմը շարունակելու համար, դա այն է, թե իբր ինքը կռվում է իր տարածքում: Հետևապես միջազգային ճանաչումը նրան կզրկի այդ արդարացումից: Պատերազմական գործողությունները Բաքվի կողմից ամբողջությամբ կդելեգիտիմացվեն: 

— Իսկ Արցախի անկախության հարցի քննարկում հնարավոր համարո՞ւմ եք ՄԱԿ-ի ԱԽ նիստում: 

— Ես չեմ բացառում, բայց եկեք սպասենք, թե ինչ կլինի: Չեմ ուզում զբաղվել պայծառատեսությամբ: 

— Արցախում խաղաղապահների տեղակայման հնարավորության քննարկում հնարավո՞ր է: 

— Խաղաղապահների դեպքում պահանջվելու է կոնսենսուս: Այդքան էլ հեշտ բան չէ: Երկրորդ՝ դա ահռելի ծախսատար գործ է: Համաշխարհային տնտեսության այս անկման պարագայում մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե ով է իր վրա այդ ծախսը վերցնելու: Երկրորդ՝ այնտեղ խաղաղապահ ուժ արդեն իսկ կա, և դա Արցախի պաշտպանության բանակն է, որը հիմա զբաղված է խաղաղություն պարտադրելով պատերազմ պարտադրած հակառակորդին: Այնպես որ, այստեղ խաղաղապահի խնդիր չէ, այլ պատերազմն դելգիտիմացնելու: 

— Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է հրադադարի պահպանման համար ռազմական դիտորդներ տեղակայելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու ցանկության մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՄԱԿ-ը նման մանդատ տա Ռուսաստանին: 

 — Ես դա չեմ համարում այս պահին իրատեսական: Դա պետք է անցնի մի քանի կոնսենսուսներով, որպեսզի դառնա որոշում, գումարած դրան՝ նաև ահռելի ծախս է: Նախ՝ պետք է լինի կոնսենսուս Մինսկի խմբի Եռանախագահների միջև, հետո՝ տարածաշրջանային հարևանների, և 3-րդ՝ կողմերի միջև: Ընդ որում, այդ 3-ն իրար հետ վերցրած: Այնպես որ մենք դեռ շատ հեռու ենք այդ փուլից, և ես չեմ կարծում, թե հիմա դրա մասին խոսելը իմաստ ունի: 

— Իսկ առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք Արցախի անկախության ճանաչում: 

— Կարծում եմ՝ պաշտոնական Երևանը իր գործընկերների հետ հենց այդ հարցը պետք է դարձնի առաջնահերթ, որ Երևանի կողմից Արցախի ճանաչումը ժամերի ընթացքում կրկնվի մեր միջազգային գործընկերների կողմից: Ընդ որում, տարբեր մայրցամաքներում: Դրանք կարող են լինել մի շարք եվրոպական երկրներ, մի շարք ամերիկյան երկրներ: Կարծում եմ՝ ճիշտ տեղին և ճիշտ ժամանակին այդ քայլը պետք է արվի: Դրա մասին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է «Կոմերսանտին» տված հարցազրուցում ասել, որ եթե Ադրբեջանն այլևս չի ուզում բանակցել, մեզ մնում է այդ քայլը: 

— Թուրքիայի նախագահը Մինկսի խմբի համանախագահ երկրներին մեղադրեց Հայաստանին զենք վաճառելու մեջ, և միայն ռուսական կողմից պատասխան եղավ: Համարժե՞ք էր պատասխանը: 

— Էրդողանն իրեն պահում է ծաղրածուի պես՝ հիմար-հիմար խոսելով: Բոլորն էլ գիտեն, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն Հայաստանին զենք չեն տալիս: Դրա համար նրանք նույնիսկ հարկ չհամարեցին դրան պատասխանել: Իսկ քանի որ զենքի մատակարարը Ռուսաստանն է և դա գաղտնիք չէ, արվում է միջազգային պայմանագրով, Ռուսաստանն էլ արժանացրեց համապատասխան արձագանգի:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին