21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107324.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Այս պատերազմը գուցե վերջինն է նաև Ռուսաստանի համար
Կարևոր

Այս պատերազմը գուցե վերջինն է նաև Ռուսաստանի համար

Արցախյան նոր գոյամարտը վարչապետը համարեց քաղաքակրթական։ Դա պատահական չէր։ Այս պատերազմը հենց հակամարտող կողմերի քաղաքակրթական որակների բախումն է ցույց տալիս։

Պարսկաստանի հարավում գտնվող Թավրիզ քաղաքում օրերս  ակտիվացել են պանթյուրքիստները, որոնք հաջակցություն Ադրբեջանի հոկտեմբերի 1-ին հայտարարում էին, թե ռուսը, պարսիկը, հայը Ադրբեջանի թշնամին են։ Հակառուսականությունը թուրքական նոր հիվանդություն չէ, այն էթնիկ հիվանդություն է, որը դժվար է քողարկել նույնիսկ քաղաքական շահերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում ադրբեջանցիների ուշացող հաղթանակն այդ հիվանդությունը կրկին եկել է առաջին պլան։ Նրանք կասկածում են, թե ռուսներն են իրենց խանգարում հաղթել հայերին։

Թուրքերի ատելությունը հասկանալի է, ժամանակին իրենք կայսրություն են եղել, ու հիմա չկա այդ կայսրությունը․ ռուսները պակաս դեր չունեն դրա փլուզման գործում։ Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, միշտ են եղել պանթյուրքիստների կոկորդին։ Ռուսներն, իհարկե, մեր սիրուն աչքերի համար չեն մնացել այստեղ։ Բայց մեր՝ հայերիս մեջ չկա էթնիկ ատելություն նրանց հանդեպ, ընդհանրապես ատելությունը մեզ մոտ դժվար է դառնում ազգային որակ։ Պանթյուրքիստները շտապում են հայտարարել ռուսների ու պարսիկների հանդեպ իրենց ատելությունը, ու դա հասկանալի է։ Նրանք են խանգարում, որ թուրքերը Հայաստանը մաքրեն երկրի երեսից։ Այսօր կարծես թե նման հնարավորություն է ստեղծվել։ Ու հիմա նրանք այդ մասին հռչակում են բարձրաձայն։

Այո, Հայաստանը և Արցախը ինքնիշխանության ամրապնդման կռիվ են տալիս այս տարածաշրջանում։ Բայց այս պատերազմը նաև ռուսների դեմ ուղղված պատերազմ է, որովհետև եթե թուրք-ադրբեջանական «եղբայրությունը» որոշակի հաջողության հասնի, ռուսներն այստեղ անելիք չեն ունենա, հնարավոր է նույնիսկ Հայաստանում։ Ավելին, Էրդողանի նպատակը միայն Հայաստանն ու Արցախը չեն։ Պատահական չէ, որ պանթյուրքիստներն ակտիվացել են Իրանի հարավում։ Էրդողանն ուզում է հին հաշիվներ մաքրել նաև Իրանի հետ։ Չմոռանանք, որ Իրանի հարավում խոշոր ադրբեջանական համայնք կա, Արցախի ու Հայաստանի հետ հաշիվները մաքրելուց հետո այդ համայնքին ոտքի հանելը թուրքերի համար մեծ խնդիր չի լինի։

Մենք չէ, որ պետք է Իրանին ու Ռուսաստանին պարզաբանենք իրենց շահերը տարածաշրջանում, ու նրանց ներկայությունն այստեղ անպայման այն մասին չէ, որ Հայաստանն ու Արցախը զոհաբերում են իրենց ինքնիշխանությունը։ Սա մեր պատերազմն է, բայց ժամանակակից աշխարհում ուղղակի երկու ազգի միջև պատերազմ գոյություն չունի, ցանկացած պատերազմ տարածաշրջանային է։ Այս տարածաշրջանում խաղալու փորձ անողներից մեկը՝ Թուրքիան, ցեղասպանի փորձառություն ունի, վտանգավոր է նրա նույնիսկ «քաղաքակրթական» «չեզոքությունը», Իրանը և Ռուսաստանը Հայաստանի վրայով իրար հետ հաշիվ չունեն։ Բացի դրանից Թուրքիան ժամանակ առ ժամանակ կարող է սիրաշահել ռուսներին ու այդպիսի սիրաշահումների բազմաթիվ պատմությունների դաժան վերջաբաններ են հայտնի։ Թուրքիան դաշնակցային հարաբերությունների ճաշակ չունի, նրանը նվաճողականությունն է։ Ահա ինչու այսօր հնարավորինս պետք է ամրացնել Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները։ Այս պատերազմը գուցե վերջինն է նաև Ռուսաստանի համար։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին