21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107337.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Այս պատերազմը կրոնական չէ
Գլխավոր Նորություններ

Այս պատերազմը կրոնական չէ

Վերջին օրերին որոշ շրջանակներ փորձում են կրոնական երանգներ հաղորդել ընթացող պատերազմին։ Թերևս հասկանալ կարող ենք մի պարզ պատճառով` մոլորության հիմքում ընկած է իսլամիստ ահաբեկիչների ներառումն Ադրբեջանի կողմից։ Իրականում, սակայն, այս պատերազմին հաղորդել կրոնական երանգներ խիստ վտանգավոր է։ Եթե անգամ պատերազմը քաղաքակրթական է՝ պայքար քաղաքակրթության և միջնադարյան վանդալիզմի «վերածննդի» միջև, այն հաստատապես  կրոնական չէ։

Մեր պատերազմը հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի է։ Հանուն Արցախի ժողովրդի գոյատևման և ապրելու անքակտելի իրավունքի։ Իրողություն, որի հետ հաշվի չի ուզում նստել Ադրբեջանը։ Իրողություն, որի հակադարության մեջ են նրանք կառուցել իրենց էթնիկ էության զգալի մասը։

1990–ականների սկզբին Ադրբեջանն ամեն ինչ անում էր պատերազմին կրոնական երանգներ հաղորդելու և իսլամիստ ծայրահեղականներին ներառելու համար։ Մեր դիվանագիտությունը վերմարդկային ջանքեր գործադրեց դրանից խուսափելու և մոջահեդների մուտքը կանխելու համար։

Մենք մեկ անգամ արդեն վրիպել ենք այս հարցում՝ վարչապետի մակարդակով։ Դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանը, 2007թ–ին The Los Angeles Times թերթին տված հարցազրույցում խոսել էր կրոնական գործոնի մասին․  «Ոչ միայն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների, այլ նաև հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված մենք երկար ժամանակ խուսափում էինք խոսել այս գործոնի մասին և հաշվի առնել այն: Սակայն, անկախ մեր ցանկությունից այս գործոնը գոյություն ունի, և այդ գործոնը շատ մեծ է: Գործոնն այնքան մեծ է, որ  մենք այն կարող ենք շարունակել  խորացնել  հազարավոր տարիների և դարերի ընթացքում,  թերևս սա է մեր հակամարտության միակ պատճառը: Մեզնից Արևելք չկան քրիստոնյաներ: Եթե ես կարող եմ օգտագործել այս արտահայտությունը՝ մենք Քրիստոնեության սահմանին ենք: Սակայն այդ սահմանն ամորտիզացիայի խնդիրներ ունի: Եվ մենք հազարամյակներով հյուծվում ենք դրանից»։

Հետագայում Վարդան Օսկանյանից մեծ ջանքեր պահանջվեցին իրավիճակը շտկելու համար։

Իսլամական աշխարհը միաշերտ ու միաբան չէ։ Այն շատ ավելի բազմաշերտ ու շղարշային է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Վիրավորել այդ աշխարհին ընդհանրապես չի կարելի՝ կրոնական նկատառումներից ելնելով, առավելապես։ Պատմությունը ցույց է տալիս, որ չի կարելի նաև այդ աշխարհի հետ մտնել հակամարտության մեջ կրոնական հիմքերով։ Սա մենք հասկացել ենք ու հասկանում ենք։  Հասկանում ենք նաև, որ իսլամական աշխարհում ունենք բարեկամ պետություններ կան բազմաթիվ չեզոք պետություններ, որոնց Ադրբեջանը կուզենար ներքաշել գործընթացների մեջ, թեկուզ կրոնական գործոնով պայմանավորված։ Հեռու չգնանք՝ մեր կարևորագույն հարևան Իրանը։

Սա Ադրբեջանի վաղեմի երազանքներից է` խեղաթյուրել խնդրի էությունը, ինքնորոշման իրավունքը փոխարինել կրոնական խնդրով և հասնել առավելության, նաև հավատակիցների աշխարհում։

Իսլամական աշխարհը չի կարելի նույնացնել ծայրահեղական ահաբեկիչների և վարձկանների հետ։

Այս մոլորությանը տրվել չենք կարող։

Խմբագրի խոսք

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին