12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 25.10.2020
Գլխավոր » «Այս պատերազմում մեր հաղթանակը պետք է լինի վերջնական»․ Սոս Ավետիսյան
Գլխավոր Նորություններ

«Այս պատերազմում մեր հաղթանակը պետք է լինի վերջնական»․ Սոս Ավետիսյան

NewArmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը

-Ի՞նչ ճակատագիր է սպասվում բանակցությունների գործընթացին: Բանակցությունների հույս կա՞:

-Ընդհանրապես բոլոր պատերազմների վերջում լինում են բանակցություններ կամ քննարկումներ։ Այս պահին մեր ռազմաքաղաքական նպատակն է վերջնականապես ջախջախել թշնամուն ու հետո տեսնել բանակցություններից ի՞նչ է մնում, ինչի՞ մասին ենք խոսում, ինչ խնդիրներ կան տարածաշրջանում։ Մենք պետք է կարողանանք հասնել ռազմաքաղաքական առավելության և մենք այդ ճանապարհին ենք։

-Այսինքն, Ադրբեջանը բլիցկրի՞գ էր ուզում անել, թե իսկապես նախապատրաստվել է լուրջ երկարատև պատերազմի։

-Ադրբեջանն ի սկզբանե տրամադրվել է լուրջ պատերազմի, նրա նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, հետագա սցենարները չենք կարող այս պահին գուշակել, բայց այդքանը հստակ է։ Երկար է պատրաստվել, ուշադիր հետևողները հայկական դաշտում նույնպես նկատել էին որոշակի գործողություններ։ Նրանք այդ բլիցկրիգում պարտվել են, բլիցկրիգը մեթոդական քայլ էր, իսկ ռազմաքաղաքական նպատակն Արցախը հայաթափելն էր։

-ԱԺ բազմաթիվ պատգամավորներ են խոսում Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին: Տրամաբանակա՞ն է, որ մենք ճանաչենք և ի՞նչ վտանգներով է դա հղի:

-Իհարկե, ճանաչումն ունի իր հետևանքները։ Կարծում եմ, որ տրամաբանություն կա այստեղ, հստակ ամրագրում ենք, որ Արցախը հայկական է մնալու։ Դա կլինի Արցախի պետության ճանաչման փաստով, թե, օրինակ, միավորման ճանապարհով, ինչպիսին եղել է Արցախի անկախության դեկլարացիայում։ Դեռ պետք է հասկանալ։ Բայց սա ունենալու է իր հետևանքները և մենք դա էլ պետք է հաշվի առնենք՝ հարցի փակում, հարցի դուրս բերումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունից և այլն։ Սրանք բոլորը դիվանագիտական հաշվարկներ են, որոնք պետք է արվեն։ Եվ դա ենթադրում է հանրային նոր պայմանագիր, այսինքն, դա ունենալու է հետևանքներ, եթե այդ ճանապարհով ենք գնում։ Եվ մենք պետք է մեր քաղաքացիների հետ անկեղծ խոսենք դրա հետևանքները կրելու մասին։ Եվ ես վստահ եմ , որ մեր համաքաղաքացիները դա կկիսեն։ Բայց մենք պետք է հասկանանք, թե որն է Ադրբեջանի նպատակներից մեկը։ Նպատակներից մեկը դիվանագիտական առումով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ֆորմատի փոփոխությունն է ու դա ավելի ակներև է դառնում։ Մի քանի րոպե առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մի սահմռկեցուցիչ հայտարարություն է արել, ըստ որի Լեռնային Ղարաբաղը պետք է ադրբեջանցիներն «ազատագրեն» և միայն այդ կերպ հարցը կլուծվի։ Այսինքն, խաղաքարտերն ավելի պարզ են դառնում։

-Այնուամենայնիվ, Թուրքիայի ներգրավումն այս պատերազմին ի՞նչ է նշանակում, ուզում են անձա՞մբ մասնակցել, թե կբավարարվեն Ադրբեջանին օժանդակելով։

-Թուրքիայի վերջնանպատակն այս հարցով այն է, որ ադրբեջանական գործոնի ուժգնությամբ հնարավորություն ունենան Կովկասում էլ ավելի շատ դիրքեր գրավեն։ Թե ռազամաքաղաքական առումով որ երկրներին այս սցենարը ձեռնտու չէ գոնե Հարավում կամ Հյուսիսում, մեզ համար պարզ է։ Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին անխոս այլ մակարդակի վրա է գտնվում, քան երբևէ նախկինում, մենք արդեն հուլիսից տեսել ենք այդ տենդենցը, Թուրքիան Ադրբեջանին օժանդակել է նաև վարձկանների տրամադրմամբ և տեղեկատվական դաշտի հոսքեր ապահովելով։ մենք նկատեցինք հենց ագրեսիայի սանձազերծման ժամանակ Թուրքիայի լրագրողական թիմը շփման գծում կանգնած էր։ Այսինքն, սա նախօրոք պլանավորված գործողություն էր։ Արցախի նախագահ Արային Հարությունյանի հայտարարությունից մենք արդեն գիտենք, որ Արցախում թուրքական օդուժը՝ F-16-ն է օգտագործվել։ Էստեղ կա շատ լուրջ դիվանագիտական, հետախուզական, իրական վարձկանային օժանդակություն։ Թուրքիան հիմա ուզում է թեզեր պտտել, թե Հայաստանի տարածքում քուրդ զինյալներ կան, բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ սա համաշխարհային սուտ է, և ի տարբերություն իրենց մենք հստակ ապացույցներ ունենք վարձկանների մասնակցությամբ, և մենք պետք է մեր գործընկերներին հստակ, փաստահեն կերպով դա ցույց տանք։ Որովհետև դա ստեղծում է այն ամբողջ ֆոնը, որով այս ամբողջ գործողությունները տեղի են ունենում։ Եվ մենք պետք է հստակ հասկանանք մի բան, որ այս պատերազմում մեր հաղթանակը պետք է լինի վերջնական և ամրագրի այնպիսի մի առավելություն, որ որևէ մի երկրի մտքով չանցնի ՀՀ կամ Արցախի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ և տարածքային ամբողջության նկատմամբ ոտնձգություն կատարել։

-Ապրիլյանի ժամանակ կարծես ուժային կենտրոնները կոնսենսուս ունեին կասեցնելու պատերազմը: Հիմա կարծես թե այդ կոնսենսուսը չկա: Նույնիսկ Դոնալդ Թրամպն էր թեականով խոսում` տեսնենք կարո՞ղ ենք կանգնեցնել պատերազմը: Ինչպե՞ս սա հասկանալ:

-Ես հասկանում եմ, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները հասկացել են, որ հնարավորություն կա այսպիսի պատերազմի։ Այսինքն, նույնիսկ այն պարագայում երբ հստակ էր, որ Ադրբեջանում Պիկապներ են հավաքումքաղաքացիական անձանցից  պատերազմի համար, կամ որ մեդիան է փակվում, այս ամբողջը շատ հստակ բոլոր ուժային կենտրոնները տեսնում են։ Եվ ցավոք սրտի ինչպես միշտ պատմականորեն մարդիկ սպասում են՝ որ կողմը հաղթի, նրա կողմն էլ կբռնեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին