Գլխավոր » Այս պրովոկացիաներն արվում է նրա համար, որպեսզի նսեմացնեն նոր իշխանություններին. Մ. Պողոսյան
Գլխավոր Նորություններ

Այս պրովոկացիաներն արվում է նրա համար, որպեսզի նսեմացնեն նոր իշխանություններին. Մ. Պողոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրավապաշտպան, Մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցիչ ներգրավված Մարինա Պողոսյանը Newarmenia.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան ընկերներից մեկն իրեն ուղարկել է Կորյուն Գրիգորյանի գրառումը, որում կան իր հասցեին արված անվայելուչ ու վիրավորական արտահայտություններ։ Նշենք, որ սույն անձնավորությանը հաճախ կարելի է տեսնել ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի անցկացվող ակցիաների ժամանակ։ Մարինա Պողոսյանը նշեց, որ նրա  լուսանկարներում տեսել է, որ վերջինս «Լուսավոր Հայաստանի» հետ դաշինքով ընտրությունների է գնացել և երևի թե ՀՀԿ-ից է եղել։

«Սա ինձ համար նորություն չի, որովհետև օրեր առաջ ես ներգրավվել եմ մարտի 1-ի գործում, որպես տուժողի ներկայացուցիչ։ Եվ միայն դրա հետ չեմ կապում։ Տարիներ շարունակ պարզ է եղել իմ դիրքորոշումը ռեժիմի նկատմամբ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ես խոսել եմ այն ժամանակ, երբ որ շատերը դեռ բավականին լուռ էին, ինչի պատճառով ես հալածանքների եմ ենթարկվել շարունակաբար։ Արդեն շարունակական բնույթ է կրում, շուրջ 7-8 ամիս է՝ անխնա վնասում են իմ ավտոմեքենան, որի մասին հաղորդում եմ տվել։ Սպառնալիքներ էր հնչում, որ ոտքերս կջարդեն, հետո վերջերս շատ ավելի կեղտոտ բնույթի հայհոյանքներ կային դրված քոմմենթներում, և ոչ միայն հայհոյանքներ, այլև սպառնալիք էր պարունակում»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Նա նշեց, որ շատ ցավում է, որ մեր երկրում այսօր նման ատելության խոսք կա, եթե մարդիկ որևէ բան կարողանան ասել  իրավական տիրույթում, փաստերով, դա կլինի ուրիշ, բայց եթե հասել ենք մի վիճակի, որ ամենաառաջինը քրիստոնեություն ընդունած ագզը, բարձր մշակույթի տեր ազգը, Արամ Խաչատրյան, Օրբելի եղբայրներ տված ազգի արական սեռի ներկայացուցիչները կնոջը կարող են ասել մարմնավաճառ, սա իրավապաշտպանի մոտ այդ մարդկանց վերաբերյալ հոգեբանական առողջության առումով մեծ կասկածներ է առաջացնում։

«Որովհետև Ֆրեյդ կարդալ է պետք, քանի որ բոլոր տղամարդիկ կնոջն ընդունում են այնպես, ինչպես իրենց ծնող մորն են տեսել։ Եվ սա շատ կարևոր բան է և այդ նույն նախատիպով իրենք շարունակում են վերաբերվել բոլոր կանանց։ Սա կարող է  բերել մանիակալ ատելության և բոլոր մանյակները, բոլոր այլասերվածները միշտ ունեցել են նման վերաբերմունք։ Սա պետք է ահազանգ լինի ոստիկանության  համար»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Վերջինս այս հարցով կդիմի և՛ ոստիկանություն, և՛ դատարան՝ պատիվ, արժանապատվության պահանջով։

«Բայց անընդհատ փող վերցնել մի կտոր պիցցայի համար, լափել, կնոջը մարմնավաճառ անվանել՝ այդ անգրագետ տեքստերով, ինձ համար սա անընդունելի է։ Սա ատելության խոսքի տարածում է, եթե մենք սրա դեմը չառնենք, սա շատ վատ հետևանքների է բերելու, սա բերելու է տարատեսակ, ռազբորկաների,  սպանությունների, և այլ հանցագործությունների, որովհետև մարդկային համբերությունն ի վերջո սահման ունի, և ինչ-որ մի պահի մեկի  համբերությունը կարող է չհերիքել։ Այս պրովոկացիաներն արվում է նրա համար, որպեսզի նսեմացնեն նոր իշխանություններին»,- եզրափակեց Մարինա Պողոսյանը։

Այս առնչությամբ NewArmenia.am-ը զրուցեց նաև Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ, որի հասցեին նույնպես նմանատիպ վիրավորանքներ են հնչեցվել։ Նա նշեց, որ եթե մի քիչ ժամանակ ունենան, արժի ամեն անգամ իրենց արածների համար դատարան դիմել։

«Եվ  ցանկալի է, որ Քոչարյանի այսպես ասած չակերտավոր գիտակից խավը վերջապես հասկանա, որ այդ մեթոդով ավելի շատ հակաժողովրդական վերաբերմունք է առաջանում Քոչարյանի հանդեպ, մյուսների հանդեպ, այդ անպատժելիության զգացումը, որ իրենք դեռ այսօր էլ ապրում են, ժողովրդի մոտ ավելի շատ վրդովմունքի ալիք է առաջացնում և իրենց ասած հաշտության մթնոլորտ երբեք չի լինի, եթե իրենք իրենց սանձը չքաշեն։ Եվ այդ սանձը քաշելու մեխանիզմն էլ այն է, որ արդեն քրեական գործեր կան, տեսանք՝ ինչպիսի վերաբերմունք ունեին, իսկ պատիվ արժանապատվության հետ կապված, զրպարտանքի հետ կապված, բացառապես դեպքի քաղաքացիական դաշտ է տեղափոխվում։ Կողմ եմ, որ կատարվածին վերաբերմունք արտահայտվի։ Եթե օրենքին ենք դիմում, օրենքով էլ պիտի այդ խնդիրների առաջն առնել, քանի որ ինչքան թույլ ես տալիս, որ մարսեն դա, այդքան ոգևորվում են ու կարծում են, որ դրանով դու ինչ-որ բան ընդունում ես»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Նա ասաց, որ եթե Մարինա Պողոսյանը դատարան դիմի, ճիշտ կանի, արդարացի պատվի վերականգնման, արդարացի փոխհատուցման  բոլոր տարբերակները պիտի կիրառել տալ:

Խնդրի վերաբերյալ NewArmenia.am-ը զրուցել է նաև Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ, ով մասնավորապես նշէլ է. «Եվ  հատկապես այդ ատելության խոսքը հնչում է այսօրվա Հայաստանում ոչ թե մեր իշխանության մոտեցումները պաշտպանող, այլ հակառակ թևին պաշտպանող իրավապաշտպանների նկատմամբ։ Ընդհանրապես իմ մոտեցումը ատելության խոսքին և թշնամանքին՝ անկախ նրանից, թե ում դեմ է ուղղված, բացասական եղել է և շարունակում է բացասական մնալ»։

Այն դիտարկմանը, որ Մարինա Պողոսյանը վերջերս է ներգրավվել Մարտի 1-ի գործում որպես տուժողի ներկայացուցիչ և տպավորություն կա, որ հենց  այդ պատճառով էլ իրեն թիրախավորել են, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ  չի կարծում, թե նշած գործում ներգրավվելու հանգամանքը այնպես է առանձնացնում իրավապաշտպաններին, որ մենք կարող ենք նրանց պաշտպանության հատուկ հանգամանքներով օժտել։ Նա կարծում է, որ այս խնդիրը շատ ավելի խորքային է և որևէ առնչություն չունի  նշված քրեական գործի հետ։

«Ես կարծում եմ, որ սա առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրվա քաղաքական իշխանություններն իրենց խոսքում, իրենց գորրծողություններում հեռու են հանդուրժողականություն քարոզելուց և հակառակը՝ անհանդուրժողականության քարոզի որոշակի դրսևորումներ են ներկայացնում, որն ունենում է  նաև հակառակ էֆֆեկտ նաև նրանց մոտեցումները պաշտպանող անձանց նկատմամբ։ Այսինքն՝ առհասարակ խնդիրն առկա է, շատ խորքային է և իմ պատկերացմամբ դրա պատճառների մեջ ամենաէական դերն ունի իշխող քաղաքական ուժը։ Առհասարակ իշխող քաղաքական ուժը, այս պահին, կամ  երկու տարի առաջ, կամ երկու տարի հետո կամ ցանկացած ժամանակ, թիվ մեկ պատասխանատուն է՝  հասարակության մթնոլորտի համար, դա իմ համոզմունքն է»,- հավելեց Ռուբեն Մելիքյանը։   

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին