6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
117984 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » «Անջատում հանուն փրկության» հիմքով անկախացման օրինակ է Կոսովոն, ինչը կարող է կիրառվել Արցախի դեպքում. միջազգայնագետ
Այլ Լուրեր

«Անջատում հանուն փրկության» հիմքով անկախացման օրինակ է Կոսովոն, ինչը կարող է կիրառվել Արցախի դեպքում. միջազգայնագետ

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է ԱՄՆ-ում բնակվող միջազգայնագետ, միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Զաքարյանը:

— Պարոն Զաքարյան, ԱՄՆի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև, որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի:

— ԱՄՆ պետքարտուղարի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնում հանդիպմանն ընդառաջ ամերիկյան ավելի քան 30 կոնգրեսականների կողմից Ներկայացուցիչների Պալատ ներկայացված այս բանաձևը շատ ողջունելի և կարևոր նախաձեռնություն է: Բանաձևում տեղ են գտել մի շարք կարևոր ձևակերպումներ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի ռազմական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի շարունակվող զինված հարձակման դատապարտման, Ադրբեջանին ամերիկյան կողմից ցուցաբերվող ռազմական օգնության դադարեցման, բանակցային գործընթացին Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ և այլն: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ այս նախաձեռնությանը միացել են ոչ միայն ԱՄՆ դեմոկրատական, այլ նաև իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Նշված բանաձևը պետք է նախ քննարկվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովում, որից հետո դրական եզրակացության դեպքում կարող է դրվել  Պալատի քվեարկությանը: Ներկայացուցիչների պալատում դրա ընդունման համար անհրաժեշտ է լինելու ձայների պարզ մեծամասնությունը (435 ներկայացուցիչներից նվազագույնն անհրաժեշտ է 218 կողմ ձայներ):

— Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի ընդունումը քաղաքական և իրավական ի՞նչ հետևանք կունենա:

— Անհրաժեշտ է ընդգծել, որ նշված բանաձևն օրինագիծ չէ, դասակարգվում է պարզ բանաձևերի շարքին (simple resolution), ներկայացվել է ԱՄՆ երկպալատ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից և չի պահանջում դրա քննարկումը երկրորդ պալատում՝ Սենատում: Նմանատիպ բանաձևը ԱՄՆ նախագահի ստորագրմանը չի ներկայացվելու և օրենքի ուժ չի ստանալու: Այսինքն նման բանաձևի ընդունումը շատ կարևոր քայլ կլինի Արցախի միջազգային ճանաչման գործընթացում, սակայն դեռևս չի նշանակում, թե ամերիկյան կառավարությունը պաշտոնապես ճանաչում է Արցախը:

Եթե Արցախի ճանաչումը լիներ ամերիկյան վարչակազմի քաղաքական օրակարգում, ապա միջազգային իրավական ճանաչման առավել կարճ ճանապարհ կարող էր ընտրվել ինչպես դա եղավ Կոսովոյի պարագայում: Կոսովոյի անկախության հռչակումից ընդամենը մեկ օր անց ԱՄՆ պետքարտուղար Գ.Ռայսը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչման մասին, որին հետևեց ԱՄՆ նախագահի հայտարարությունը լիակատար դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք պետության ճանաչումն առաջին հերթին քաղաքական ակտ է դրանից բխող իրավական հետևանքներով և ցանկացած պետություն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում առաջին հերթին առաջնորդվելու է իր քաղաքական շահով: Այս տեսանկյունից կցանկանայի անդրադառնալ նաև պետության միջազգային իրավական ճանաչման գործընթացին և Արցախի հավանական ճանաչմանն այլ պետությունների կողմից: Ժամանակակից միջազգային իրավունքում պետությունների միջազգային իրավական ճանաչման շուրջ գոյություն ունեն երկու հակադիր տեսություններ՝ հռչակագրային (դեկլարատիվ) և սահմանադիր (կոնստիտուտիվ): Ըստ հռչակագրային տեսության՝ պետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետք է ունենա հետևյալ հիմնական հատկանիշները՝ 1) մշտական բնակչություն, 2) որոշակի տարածք և 3) իշխանություն ու նշված հիմնական հատկանիշներն ամրագրված են 1933թ. փետրվարի 20-ի Մոնտեվիդիոյի կոնվենցիայիով: Ի տարբերություն սահմանադիր տեսության, հռչակագրային տեսությունը ճանաչումը պարտադիր պայման չի համարում և վերոնշյալ երեք հատկանիշների առկայությունն արդեն իսկ բավարար է համարում պետության միջազգային իրավասուբյեկտության համար: Ներկայումս հռչակագրային տեսությունն է առավելապես համապատասխանում պետությունների ճանաչման գոյություն ունեցող միջազգային պրակտիկային և ներկա իրողություններին: Այսինքն, պետության քաղաքական գոյությունն անկախ է այլ պետությունների կողմից ճանաչման հանգամանքից: Սա մենք պարզորոշ տեսնում ենք Արցախի, ինչպես նաև մի շարք այլ չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների պարագայում:

— Պատերազմի վերսկսման օրվանից Արցախի և Հայաստանի ղեկավարները Արցախի անկախությունը ճանաչելու կոչով դիմում են միջազգային հանրությանը: Մի շարք նահանգներ և քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունը: Որքանո՞վ սա կարող է նպաստել Արցախի անկախության ճանաչմանը:

— Արցախի Հանրապետությունն իր գոյության շուրջ 3 տասնամյակների ընթացքում շարունակում է մնալ չճանաչված պետություն, չնայած ունի  պետության հիմնական երեք հատկանիշները՝ տարածք, մշտական բնակչություն, պետական իշխանության ընտրովի մարմիններ: Իհարկե, բացի նշված երեք հատկանիշներից միջազգային ճանաչումը, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը ևս կարևոր հանգամանք է միջազգային լիարժեք իրավասուբյեկտության ապահովման տեսանկյունից: Այս տեսանկյունից և հաշվի առնելով ներկայումս Արցախի Հանրապետության դեմ ծավալված ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիան, Արցախի միջազգային ճանաչման հարցը մեծ կարևորություն է ստացել: Վերջին շրջանում մենք տեսնում ենք Արցախի ճանաչումը տարբեր երկրների քաղաքների, ամերիկյան որոշ նահանգների կողմից: Սա իհարկե ողջունելի գործընթաց է, սակայն նման ճանաչումները միջազգային իրավունքում իրավական հետևանքներ չեն առաջացնում: Հետևաբար, Արցախի միջազգային ճանաչման գործընթացում չափազանց կարևոր է պետությունների կողմից ճանաչվելու հանգամանքը: Կարծում եմ այս հարցում կարող ենք ակնկալել բարեկամ, գործընկեր պետությունների աջակցությունը: Դեռևս 2012թ.-ին նման հնարավորությունը չէր բացառել Արցախ այցելած Ուրուգվայի խորհրդարանականերից մեկը:

Որպես Արցախի անկախության ճանաչման պատճառ նշվում է Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը: Նման պրակտիկա եղե՞լ է նախկինում, այդ հիմքով որևէ երկիր ճանաչվե՞լ է անկախ պետություն։

— Ինքնորոշման իրավունքը ներառում է նաև անջատման և անկախ պետության ստեղծման իրավունքը, եթե ժողովուրդը նման ձևով է տեսնում իր քաղաքական կարգավիճակը, զարգացման ուղին: 1991թ. դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենսդրությանը: Սրա մասին շատ է խոսվել, սակայն հարկ եմ համարում շեշտել Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում և բացի այդ այն ապօրինի կերպով է բռնակցվել Խորհրդային Ադրբեջանին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ: Միջազգային իրավունքի պատմության մեջ այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

ՀՀ ղեկավարության կողմից Արցախյան պատերազմի բռնկմանը զուգահեռ շրջանառության մեջ է դրվել «անջատում հանուն փրկության» գաղափարը: «Անջատում հանուն փրկության» տարբերակը դա ինքնորոշման իրավունքի իրականացման ձևերից մեկն է և իրականացվում է ծայրահեղ դեպքերում, երբ վտանգված է որոշակի տարածքի վրա ապրող ժողովրդի գոյատևումը: Իհարկե անհրաժեշտ է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն իրականացվել է դեռևս երեք տասնամյակ առաջ, սակայն Ադրբեջանի իշխանությունները դեռևս չեն համակերպվում այդ մտքի հետ և ռազմական եղանակով կրկին անգամ փորձ են անում Արցախը բռնակցել Ադրբեջանին: Միջազգային հանրությունը, եթե անգամ մինչև հիմա չէր ըմբռնել Ադրբեջանի իշխանություների ցեղասպան գործելաոճը, ապա կարծում եմ, որ վերջին իրադարձությունները ակնհայտ կերպով ցույց են տալիս Ադրբեջանի իրական նպատակը՝ օկուպացնել և հայաթափել Արցախը, ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելով ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ մեթոդներ: «Անջատում հանուն փրկության» հիմքով պետության անկախացման նախադեպային և դասական օրինակ է Կոսովոն, իհարկե որոշակի զուգահեռներ կարող են տարվել նաև անցյալ դարի 70-ական թվականներին իրականացված Բանգլադեշի անկախացման գործընթացի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում այսօր հրադադար պարտադրելու և Ադրբեջանի ռազմական ագրեսիան դադարեցնելու առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մասնավորապես ամերիկյան կողմի ջանքերը:

— Կցանկանայի ընդգծել, որ Արցախյան հիմնախնդիրը և ԵԱՀԿ Մինսկի խումբն այն բացառիկ  ձևաչափն է, որում ներգրավված են միջազգային ասպարեզում վճռորոշ դերակատարություն ունեցող և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ հանդիսացող երեք պետություններ: Կարծում եմ, որ Արցախյան պատերազմի առաջին օրվանից սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երեք երկրներն էլ ակտիվ աշխատանքներ են ծավալում պատերազմական գործողությունների դադարեցման, հրադադարի հաստատման և հարցը բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ: Սրա վառ վկայությունն է ԱՄՆ-ի, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը և դրանից հետո իրականացված քայլերը: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ նշված երեք պետությունները համակարծիք են որևէ հարցում: Իհարկե շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երեք երկրներն էլ փաստացի ընդունել են ռազմական գործողությունները Ադրբեջանի կողմից սկսելու, դրանում Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ փաստերը: Գաղտնիք չէ, որ Թուրքիան միակ պետությունն է, որը բացահայտորեն աջակցում, քաջալերում է Ադրբեջանին և հրահրում է Արցախի դեմ պատերազմական գործողությունների շարունակումը: ԱՄՆ-ն իր դաշնակից համարվող Թուրքիայի վրա ազդելու բազմաթիվ ռազմական և քաղաքական լծակներ ունի ու այդ տեսանկյունից ԱՄՆ-ի դերակատարությունը Արցախում պատերազմական գործողությունների դադարեցման հարցում վճռորոշ կարող է լինել: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«Թուրքիայի հարցում կարելի է ակնկալել ամերիկյան նոր վարչակազմի առավել կոշտ դիրքորոշման որդեգրում». միջազգայնագետ

Նատա Հարությունյան

ԱՄՆ-ի կողմից Իսրայելի մաս ճանաչված Գոլանի բարձունքների նախադեպը կարող է վճռորոշ դեր խաղալ Արցախի հարցում. միջազգայնագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին