14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Աշխատակարգային նիստին ընդառաջ. ովքեր են հավակնելու ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններին
Այլ Լուրեր

Աշխատակարգային նիստին ընդառաջ. ովքեր են հավակնելու ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններին

Սահմանադրական դատարանի դատավորները պնդում են՝ վերջնական որոշում չկա, թե ովքեր են ընտրվելու Դատարանի նախագահի և փոխնախագահի պաշտոններում: Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստին ընդառաջ մեկնաբանություններով են հանդես եկել դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արևիկ Պետրոսյանը:

ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնում ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունի: «Քննարկում չի եղել, այդ քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Դիտարկմանը, թե Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվել և ՍԴ է եկել երաշխիքով, որ ընտրվելու է Սահմանադրական դատարանի նախագահ, Խունդկարյանը պատասխանեց. «Այս հարցը ևս մեկ անգամ հնչել է, և ես պատասխանել եմ: Չեն կարող այդպիսի երաշխիքներ լինել, և նման քննարկում չի եղել: Որպեսզի դատական ատյանի որևէ դատավոր դառնա ՍԴ դատավոր, նախ պետք է դատավորների ընդհանուր ժողովն ընտրի նրան, երկրորդ՝ պետք է ԱԺ-ն ընտրի և երրորդ՝ պետք է ՍԴ դատավորները ընտրեն: Որևէ մեկը նման երաշխիք չէր կարող տալ, և որևէ մեկը նման երաշխիք չի տվել»,- նշեց Երվանդ Խունդկարյանը:

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանն ընդգծում է, որ Դատարանի նախագահի և փոխնախագահի պաշտոնին տեսականորեն կարող են հավակնել բոլոր 9 դատավորները: «Տարբեր անուններ են շրջանառվում: Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում: Հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում: Թե ով կլինի Սահմանադրական դատարանի նախագահը, որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե նախագահի, թե փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ, գաղտնի քվեարկության արդյունքում»,- ասաց նա:

Հարցին, ինքը հավակնում է ՍԴ նախագահի պաշտոնին, Շաթիրյանը պատասխանեց.

«Թույլ տվեք այս պահին չպատասխանել: Ես պատահական չասացի անձնային հարթության մեջ չդիտարկենք: Աշխատակարգային նիստը կմեկնարկի, կլինեն առաջադրումներ, միգուցե, ինքնաառաջադրումներ: Ըստ այդմ, արդեն քննարկումների արդյունքներով պարզ կլինի»:  

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էլ նշեց, որ մինչև նիստի ավարտ մեկնաբանություն չի տալու: Նա անդրադարձավ խոսակցություններին, թե ՍԴ նախագահի պաշտոնում քննարկվել է Երվանդ Խունդկարյանի  թեկնածությունը. «Մեր մեջ դեռ չի քննարկվել»,- նշեց Գրիգորյանը:  

Արևիկ Պետրոսյանն էլ հայտնեց, որ ինքը որևէ մեկի թեկնածությունը չի առաջադրելու, չի ինքնաառաջադրվելու:  Թե ում կտա նախապատվությունը, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց.

«Տեսնենք ովքեր կառաջադրեն, ինչ ելույթներ կունենան, ինչ տեսլական ունեն, ինչ գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, ըստ այդմ՝ կլինի որոշում»:

Լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ նաև ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ կա՞ թեկնախու, որ իր սրտով է. Թովմասյանը պատասխանեց. «Ինչո՞ւ եք որոշել, որ բոլորից առաջ պետք է իմանաք այդ ամենի մասին: Մի երեք-չորս ժամ սպասեք, ամեն ինչ կիմանաք»: 

Այլ հարցերի Թովմասյանը չպատասխանեց: 

ՍԴ նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին: Ընտրությունը լինելու է փակ գաղտնի քվեարկությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ նախագահի նոր ընտրությունները կկազմակերպվեն սահմանված ժամկետներում. Շաթիրյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին