15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Ապոկալիպտիկ մարդը կամ քայլող ֆեյքը
Գլխավոր Նորություններ

Ապոկալիպտիկ մարդը կամ քայլող ֆեյքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհը մտնում է «էսթետիկ» ուրիշ դարաշրջան: Այդ դարաշրջանից վերանում է սովորական մարդը: Բոլորը կորցնում են իրենց դեմքը, դա նրանց մղելու է ավելի շատ տեսնել առավել հանրահայտ դեմքերի, քանի որ մնացած բոլոր դեմքերն ամենուր լինելու են դիմակով:

Մարդը կորցնելու է դիմային բոլոր խաղերը: Մնում են միայն աչքերը, որոնք միշտ նույն դիմակի տակ միշտ չէ, որ կկարողանան առանձնանալ: Դիմակների տակից հնչելու են ձայներ, որոնք պարզ չէ, թե դեմքի ինչ արտահայտությամբ են ասվելու: Մարդը դառնում է ռադիո: Առայժմ, իհարկե, խաղացող աչքերով: Պատմության մեջ առաջին անգամ մարդ տեսնելու համար հեռուստացույցն ավելի մեծ դեր կխաղա, քան՝ տրանսպորտում մեր կողքին նստած մեկը: Մարդն իր դեմքը թաքցնում է: Սա այն է, ինչը մահմեդական հասարակությունում պահանջվում էր կանանցից: Կորոնավիրուսը բոլորին սեռից անկախ դարձնում է մահմեդական կին, նույնիսկ՝ արևմտյան մշակույթում իր «առաջին քայլերն» անող երրորդ սեռին:

Այս ամենը հետաքրքիր է նաև նրանով, որ մարդը դառնում է քայլող ֆեյք այն տարբերությամբ, որ հնարավոր է նայել նրա աչքերի մեջ: Պատկերացրեք երկուսի զրույցը երրորդի մասին: Ինչպե՞ս է նա նկարագրելու այդ երրորդին: Բնավ ոչ դիմակի գույնով: Թերևս նա մի քիչ շատախոսի աչքերի մասին: Գուցե նաև նկատի, որ նրա ձայնը թավշյա էր: Կամ՝ փոքր ինչ կրքոտ: Բոլոր դեպքերում առանց դեմքի արտահայտության մարդը պատմելու մեծ բան չէ: Չխոսենք նաև այն մասին, որ այդպիսի մարդուն վստահելու մեր զինանոցն աղքատանում է շատ «զենքերով»:

Կորոնավիրուսը, ինչպես ասում են, հավասարեցրել է բոլորին, իսկ ոմանց, հիշելով Օրվելին, ավելի է հավասարեցրել: Դրանք քաղաքական առաջնորդներն են, որոնք ավելի են ընդգծելու իրենց տարբերությունը մյուսներից: Բոլորն ունեն մեկ դեմք, իսկ առաջնորդները՝ ուրիշ դեմք: Արևմտյան մշակույթում և փիլիսոփայությունում այդքան կարևորվող անհատականությունը մտնում է մեկ դիմակի տակ: Սա, ըստ էության, պահմտոցի է առանց իրարից թաքնվելու: Մարդը ծարավ է լինելու ամբողջական դեմքի: Կորոնավիրուսը մարդուն դարձնելու է պակաս էսթետիկ դեմքով մեկը հենց այն պատճառով, որ ոչ մեկն ամբողջական դեմքի ներկայացուցիչ չի լինի:

Էսթետիկ կիսատությունը առավել ծիծաղելի է դարձնելու սոցիալապես ավելի վատ վիճակում գտնվողներին, որոնք դիմակներ չունենալու պատճառով վերջնականապես դուրս կմղվեն սովորական փողոցից, նրանցով ոստիկանություններն ավելի լուրջ կզբաղվեն ցույց տալով իրենց տեղը, որտեղ կարող են առանց դիմակի միմյանց վարակել ինչքան ուզում են: Աղքատների այն խավը, որը դեռ կարող է դիմակ ձեռք բերել, կհայտնվի «էսթետիկ» առումով ավելի ծիծաղելի վիճակում: Ցանկացած աղքատի կամ միջին խավի խնդիրը իր առօրեական գումարի խնայողությունն է: Այդ գումարով նա պետք է գնի սնունդ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Դրանց ավելանում են դիմակն ու ձեռնոցները: Կիսաաղքատն իրեն չի կարող թույլ տալ օրը երկու երեք անգամ դիմակ գնելու ճոխությունը: Իսկ դիմակ չունենալը տուգանք է: Հետևաբար նա կամ փողոց է դուրս գալու կեղտոտ դիմակով կամ անընդհատ լվացվող դիմակով:

Դիմակ չկրելը նոր դարաշրջանում ընկալվելու է իբրև հաց չուտելուն հավասար մի բան: Երկու դեպքում էլ մեռնելու հավանականությունը մեծ է: Կորոնավիրուսը պակասեցրել է կյանքի գործիքները: Հիմա մահը մի զենքով ավելի է մտել կյանքի մեջ: Եվ գուցե այսուհետև առանց այն էլ խաղ ու պար չեղած կյանքում, որում կորոնավիրուսի և դիմակների պատճառով շատանում է սթրեսը, ընդհանրապես դժվարանա ապրելը:

Ի՞նչ անի մարդը: Առաջին անգամ կյանքը հնարավորության «խաղի կանոններ» է սահմանում ոչ թե իր գործիքներով, այլ մարդու գործիքներով: Եղել են ժամանակներ, երբ հնարավոր էր ապրել առանց հագուստի, հիմա էլ կան այդպիսի մարդիկ, որոնք ոչ մի հագուստ չեն կրում, մարդը կարող է ապրել առանց անկողնու, որը նույնպես մարդու հնարածն է, առանց բնակարան, նույնիսկ առանց բժշկին դիմելու կարելի է ապրել, կարելի է ապրել հիգիենայի բոլոր կանոններին ի հեճուկս: Բայց հնարավոր չէ ապրել առանց հացի, որը կյանքի գործիք է և… դիմակի, որը մարդու գործիք է:

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

Սերինե

Կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս. կառավարության կոչը՝ երևանյան բակերում

Աշխեն

Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստին դիմակ չկրելու համար ստացավ նախազգուշացում․ հաջորդիվ նա կհեռացվի նիստերի դահլիճից

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին