Գլխավոր » «Առաջին ալիք»-«ՊանԱրմ Ինք» պայմանագիրը առկախվա՞ծ է, թե՞ վերակնքվել է
Քաղաքականություն

«Առաջին ալիք»-«ՊանԱրմ Ինք» պայմանագիրը առկախվա՞ծ է, թե՞ վերակնքվել է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս տարվա սեպտեմբերին Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարեց, թե երկարաձգվել է ԱՄՆ տարածքում «Առաջին ալիքի» վերահեռարձակման մասին «ՊանԱրմ ինք» ընկերության հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր 2019 թ. նոյեմբերի 1-ին։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը «ՊանԱրմ Ինք» ընկերության հետ պայմանագրի երկարաձգման հիմք նշել էր ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը, Առաջին ալիքի հեռարձակման գոտու մեծացումը։

Սակայն, NewArmenia.am-ի տեղեկություններով, պայմանագիրն առկախված էր և նոյեմբերի 25-ի դրությամբ չէր երկարաձգվել։

Տեղեկությունը ճշտելու նպատակով հարցում ուղարկեցինք Մարգարիտա Գրիգորյանին՝ խնդրելով մեկնաբանել լուրը և պարզաբանել, թե ի՞նչն է խնդիրը, հնարավո՞ր է այլ ընկերության հետ պայմանագիր կնքվի կամ գինը վերանայվի, և ինչո՞ւ է բացառում, որ մրցույթի դեպքում ավելի լավ առաջարկներ կարող էին լինել, հետևաբար՝ ինչո՞ւ մրցույթ չի անցկացվել, որտեղի՞ց ինֆորմացիան, որ «ՊանԱրմ Ինք» ընկերության սփռման դաշտն ամենամեծն է, ի՞նչ որակով են ԱՄՆ-ում սփռվում Առաջին ալիքի հաղորդումները, պայմանագրում դա նշվա՞ծ է, եթե ոչ, ինչո՞ւ նշված չի։

Ի պատասխան մեր հարցման՝ Հանրային հեռուստաընկերությունից վստահեցրեցին, որ «ՊանԱրմ Ինք» ընկերության հետ վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագիրը կրկին 5 տարի ժամկետով վերակնքվել է սույն թվականի նոյեմբերի 1-ին:

«Հանրային հեռուստաընկերության և «ՊանԱրմ Ինք» ընկերության միջև պայմանագրի ժամկետը լրացել է 2019 թ. նոյեմբերի 1-ին: Հանրային հեռուստաընկերությունն օգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավական հնարավորություններից, Հանրային հեռուստաընկերության խորհրդի համաձայնությամբ որոշում է ընդունել «ՊանԱրմ Ինք» ընկերության հետ կրկին 5 տարի ժամկետով վերակնքել վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագիրը սույն թվականի նոյեմբերի 1-ին: Վերակնքված պայմանագրով գինը վերանայվել է  և անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են  հետագայում նույնպես վերանայել գնային քաղաքականությունը»,- ասված է ՀԸ պատասխանում։

Ընկերությունից նաև նշել են, որ վերահեռարձակման իրավունքի տրամադրման մասով ոլորտը կարգավորող իրավական ակտերով մրցույթ անցկացնելու պահանջ չի նախատեսվում, հետևաբար, Հանրային հեռուստաընկերությունը չի կրում այդպիսի մրցույթ անցկացնելու օրենսդրական պարտավորություն:

«Միևնույն ժամանակ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյանը մամուլում հայտնել է ԱՄՆ-ում Առաջին ալիքի վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու մասին: Դրանից հետո երեք ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը չի ստացել ոչ մի գրավոր պաշտոնական առաջարկ։ Դրա մասին հայտարարվել է նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այս ընթացքում «ՊանԱրմ Ինք» ընկերությունը բարեխղճորեն կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչպես նաև Առաջին ալիքի արտադրանքը անվճար հիմունքներով հասանելի է դարձրել Հարավային Կալիֆոռնիայի հայ հեռուստադիտողին: Հաշվի առնելով վերոնշյալը, Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել վերակնքել պայմանագիրը  «ՊանԱրմ Ինք» ընկերության հետ: Այս պահի դրությամբ Առաջին ալիքը վերահեռարձակվում է առանց գովազադային ընդմիջումների:

«ՊանԱրմ Ինք» ընկերության վերահեռարձակումն իրականացվում է ամերիկյան Spectrum (Charter, TimeWarner) մալուխային համակարգի միջոցով, որտեղ գտնվում են նաև այլ հայկական հեռուստաալիքներ: Վերահեռարձակումն իրականցնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հայաշատ համայնքներում բացառիկ իրավունքով: Հանրային հեռուստաընկերությունը երբեք չի հայտնել դիրքորոշում, որ «ՊամնԱրմ Ինք» ընկերության սփռման դաշտն ամենամեծն է:

Ըստ պայմանագրի, հեռարձակման բոլոր ծախսերը կատարում  է «ՊանԱրմ Ինք» ընկերությունը, հեռարձակման տեխնոլոգիաները և սփռման տարածքները ընտրվում են ընկերության կողմից։ Ներկայումս Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է Spectrum մալուխային համակարգում SD ֆորմատով (ինչպես նաև նույն համակարգում հեռարձակվող բոլոր մյուս հայկական հեռուստաալիքները), քանի որ հայկական հեռուստաալիքների վերահեռարձակման համար Spectrum-ը տրամադրում է միայն SD ֆորմատով հեռարձակման ալիք»,- նշված է գրությունում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին