15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » «Առողջական այն վնասը, որ սպառնում է մեզ, ավելի շատ է, քան մեկ դիմակի գինն է»․ Տիգրան Ուլիխանյան
ԱՐԴ

«Առողջական այն վնասը, որ սպառնում է մեզ, ավելի շատ է, քան մեկ դիմակի գինն է»․ Տիգրան Ուլիխանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը

-Պարոն Ուլիխանյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ առաջարկել է ստեղծել հակաճգնաժամային կառավարություն այն իմաստով, որ այդ կառավարությունը պետք է օգնի, որ մենք խուսափենք հումանիտար ճգնաժամից։ Դուք նման կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Ես այդպիսի կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Բայց դա շատ չի էլ հետաքրքրում ինձ։ Ձեր նշած երիտասարդն իրավունք ունի օրենքով չարգելված ցանկացած հայտարարություն անելու, ես շատ մեծ կարևորություն չեմ տալիս, համենայնդեպս հումանիտար աղետի վերաբերյալ մոտ ապագայում մենք այդպիսի կանխատեսումներ չունենք։

-Մոտավորապես նման մի բան առաջարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Նա ընդհանրապես «Իմ քայլը» խմբակցությանն ասում է, որ կարող եք պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա ամեն ինչ քանդում է, ոչնչացնում է, որևէ հաջողության չի հասնում։ Ինչո՞ւ են նրանք ձեռք ձեռքի տված նույն բանն ասում։

-Շատ հատկանշական է, որ այդ երիտասարդին ներկայացնելիս դուք ներկայացրեցիք որպես ինչ-որ մեկի փեսա։ Մարդուն ներկայացնում են որպես փեսա։ Տպավորություն է, որ դա իր միակ արժանիքն է, այդ տպավորությունը ոնց որ թե հաստատվում է։ Կարծում եմ, որ նրանք մարտավարական սխալ են թույլ տվել բացահայտվելով, ինքնաբացահայտվելով, առանց մեր միջամտության, իրենք իրենց ձեռքով ինքնաբացահայտվում են և իրենց անունների հետ կապված միֆերը աստիճանաբար քանդվում են։ Պիտի ազնիվ լինեմ և ասեմ, որ առնվազն իր երկու տեսահոլովակները ես անձամբ նայել եմ։ Ես իրականում չեմ հիշում, որ նա նախկինում շատ երևացած լինի, ես նրան խոսելուց չէի տեսել, չգիտեի՝ կարողանում է խոսել, թե ոչ։ Առնվազն դա իմացանք։ հետո տեսանք, թե ինչեր է խոսում։ Ու դրանով իրենց անվան հետ կապված միֆերը հօդս են ցնդում։ Ու մարդիկ տեսնում են, որ այդ անունների հետևում, հա՞, ասենք՝ Միշիկ, Միշիկ, Միշիկն ա․․․

-Ինչու՞ է նա նման առաջարկով հանդես գալիս իմանալով, որ դեռ այն ժամանակը չէ, որ Փաշինյանը կորցրած լինի իր հեղինակությունը, և նրանից հիասթափված լինեն։

-Ես շատ չեմ ուզի խորանալ, թե ինքն ինչեր է ասում և ինչու։ Կարծում եմ մեկ պատճառ կա, էդ վարքագիծը մեր կողմից կանխատեսված է եղել։ Ես դա համեմատում եմ մկնիկի վարքագծի հետ, որը հայտնվել է անկյունում։ Դուք գիտեք՝ մկնիկները փախչում են այնքան, որքան ճանապարհ ունեն։ Հենց հայտնվում են անկյունում, արդեն անկանոն շարժումներ են անում։ Մենք դա կանխատեսել ենք, և ըստ էության ասելիք չունենք։

-Հնարավոր համարու՞մ եք, որ ինքը «Իմ քայլում» ունենա համախոհներ։

-Ոչ։

-Ինչո՞ւ եմ հարցնում՝ նա կոչ է արել որոշ իմքայլականների, երրորդ անձանց միջոցով իրենց մեսիջներ չուղարկել։

-Եկեք հարգենք մեզ լսողներին և ուրիշ բաներից խոսենք․․․

-Այն իրավիճակը, որ ստեղծվել է կորոնավիրուսի առիթով, ամեն օր ունենալով 200, 300 հիվանդ, կարո՞ղ է պատճառ դառնալ, որ վերադառնանք կարանտինային վիճակին։

-Կարծում եմ, որ կարանտինային վիճակն ընդհանրապես չի էլ դադարեցվել, կարանտինի ձևն է ուղղակի փոխվել։ Որքան գիտեմ նախարարը հայտարարեց, որ վաղվանից սիմպտոմներ չունեցող կամ շատ թեթև սիմպտոմներ ունեցող քաղաքացիները կուղարկվեն տուն։ Այսինքն, առնվազն նրանց համար կարանտինի վայրը կփոխվի։ Հենց այս պահին էլ ես դիմակով եմ, վերջին երկու օրերը ԱԺ-ում մշտապես եղել եմ դիմակով և ձեռնոցով։ Սա էլ կարանտինի ձև է, և մենք այս ձևով պետք է շարունակենք, որպեսզի խուսափենք շատ խիստ միջոցառումներից և ամենախիստ ձևով վերահսկվող տեղաշարժման սահմանափակումներից։ Ես հույս ունեմ, որ դա մեզ հաջողվելու է և սրանում ես տեսնում եմ մեկ տարբերակ՝ բոլորիս անհատական պատասխանատվությունը։ Պետք է օգտագործենք Առողջապահության նախարարության և համապատասխան մարմինների թելադրած կանոնները, որոնք ուղղված են քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը ապահովելուն։ Այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսն առկա է մեր կյանքում, պետք է սովորել նրա հետ շարժվել, քանի որ կորոնավիրուսը կա, այն ռեալ վտանգ է։

-Դուք տպավորություն ունե՞ք, որ մեր քաղաքացիները կորցրել են զգոնությունը։

-Ոչ թե կորցրել են զգոնությունը, այլ տպավորություն կա, որ տարբեր ուժերից հրահրվում է, տարբեր ուժերից ինֆորմացիոն խայծեր են նետվում հասարակությանը, որ նման բան չկա, տարբեր անհեթեթություններ կան։

-Էդպիսի լուրերը չե՞ն նշանակում, որ հասարակությունը, այնուամենայնիվ, շոկային վիճակից դուրս է եկել այն իմաստով, որ խաղում է, դավադրում է։

-Ինֆորմացիայի պակասից է։ Բոլոր տեղերում էլ այդ պակասը կա։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ կորոնավիրուսի ամենամեծ պրոբլեմն այն է, որ բոլորս գիտենք, որ այն ռիսկ է, բայց չգիտենք, թե ինչ չափի ռիսկ է։ Ամբողջական ինֆորմացիա նրա վերաբերյալ չկա։ Եվ քանի որ չկա ամբողջական տեղեկություն, բաց դաշտ է ապահովում տարբեր տեսակի զազրախոսությունների և հավատքի հիման վրա տարբեր մեկնաբանությունների։ Ոչ մի երկրում մարդիկ իրենց գործողությունները չպետք է պայմանավորեն իրենց հավատքով, որովհետև, թե ինչի ես դու հավատում և ինչի չես հավատում, մեծ հաշվով կարևոր չէ և պետք է շարժվել կանոններով, ոչ թե անձնական հավատով։ Հավատը իռացիոնալ երևույթ է և մղում է իռացիոնալ քայլերի և դա չի կարող լինել մարդու վարքագծի հիմքը։ Մեր վարքը չի կարող պայմանավորված լինել նրանով, թե ինչին ենք մենք հավատում, մեր վարքը պետք է պայմանավորված լինի համընդհանուր ընդունված կանոններով, որոնք մեր իրականության մեջ կոչվում են օրենքներ։

-Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վիճակը վատ է։ Հնարավո՞ր է ասել, որ վիճակը վատ է ու ամեն ինչ թողնել նույնը։

-Ոչ, մենք չենք թողնում նույնը։ Այն, որ ասում ենք, որ վիճակը վատ է, տեղեկություն ենք տալիս քաղաքացիներին, որ վիճակը վատ է և ակնկալում ենք ձեր ուշադրությունը։ Մենք ուղղակի չենք ասում ու արձանագրում ու վերջ, համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Խստացնող ռեժիմներ են մտցվում, դիմակների կրումը դարձավ պարտադիր օրենսդրական փոփոխության արդյունքում, տուգանքի սահմանումը բերեցինք այնքան, որպեսզի հնարավոր լինի համատարած կիրառում ապահովել, 100 հազարի դեպքում չէր կարելի դա համատարած կիրառել, հնարավոր էր կիրառել նրանց նկատմամբ, որոնք առերևույթ չարամտորեն խախտում են և համատարած կիրառում չէր լինի։ Իսկ հիմա կլինի։ Սա սահմանված չէ քաղաքացիներին տուգանելու համար։ Սահմանափակումները սահմանվում են քաղաքացիներին ավելի մեծ վտանգից հեռու պահելու համար, քան այդ 10 հազար դրամն է։ Հավատացեք, առողջական այն վնասը, որ սպառնում է մեզ, ավելի շատ է, քան մեկ դիմակի գինն է։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին