Գլխավոր » Առողջության հարկ բոլորի՞, թե՞ աշխատողների ապահովագրության համար. Թորոսյանը ներկայացրեց սցենարները
Քաղաքականություն

Առողջության հարկ բոլորի՞, թե՞ աշխատողների ապահովագրության համար. Թորոսյանը ներկայացրեց սցենարները

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացված առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում փոփոխությունների գրեթե ոչ մի սցենար չի բացառում: Առողջության նախատեսվող հարկը հնարավոր է սկզբում ուղղվի միայն աշխատող քաղաքացիների, ապա տարիների ընթացքում նաև չաշխատողների ապահովագրությանը, հարկի չափի փոփոխությունները ևս քննարկելի են: Լրագրողների հետ կազմակերպված սեմինար-դասընթացի շրջանակում անցկացված ասուլիսում շրջանառության մեջ գտնվող առողջության համապարփակ ներդրման հայեցակարգի մասին խոսեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչպե՞ս առաջացավ առողջության հարկի գաղափարը, ինչո՞ւ ներկայացվեց 6 տոկոսի տարբերակը.

«Առողջապահության վրա գումար, այսպես թե այնպես  ծախսվում է, ոմանք դա անում են իրենց տները, մեքենաները վաճառելով, վարկ կամ պարտք վերցնելով, ոմանք չեն կարողանում դա անել և պահպանել իրենց առողջությունը: Եվ պետությունը խնդիր ունի գումարների հավաքման ու բաշխման նոր մեխանիզմներ ներդնելու: Այդ մեխանիզմներից մեկը հայտնի է որպես առողջության ապահովագրություն: Մեր գծածն այնքան ընդգրկուն փաթեթ է, որով չծածկվող գրեթե ոչ մի ծառայություն չի մնում: Դրանում օրինակ ներառված չեն ատամնաբուժության թանկարժեք ծառայությունները, սակայն երեխաների համար կա առողջական ատամնաբուժություն»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց՝ այդ փաթեթի համար բնակչության թվի հաշվարկներով ստացել են թիվ՝ մոտ 250 մլրդ դրամ, սակայն իրենց առկա բյուջեն ընդամենը 110 մլրդ է: «Հարց ծագեց՝ որտեղից մեզ հավելյալ 140 մլրդ դրամ, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիներին ընդգրկենք: Հաշվարկների արդյունքում ստացանք 6 տոկոսը»,-նշեց նախարարը:

Թորոսյանը նկատեց՝ ներկայում առողջապահության ոլորտում պետությունը վճարում է որոշակի խմբերի անձանց համար, իսկ մնացածի համար չի վճարում ոչինչ: «Մնացած քաղաքացիները վճարում են իրենց գրպանից, առողջապահության տնտեսագիտության մեջ դա կոչվում է գրպանից կատարվող վճարում: Եվ այդ ցուցանիշը նկարագրում է տվյալ երկրի բնակչության առողջապահությունում ֆինանսական պաշտպանվածությունը: Եվ մենք այդ ցուցանիշով աշխարհի վատագույն տասնյակում ենք: Մեր առողջապահությունում կատարվող ծախսերի 85 տոկոսը կատարվում է մարդու գրպանից, մնացած 15 տոկոսը վճարվում է պետության կողմից: Մենք մեր առաջ խնդիր ունենք այդ բալանսը փոխելու»,-ասաց Թորոսյանն ու օրինակ բերեց Դանիայում գործող համակարգը, որում 85 տոկոս վճարումը կատարվում է պետական կամ ոչ պետական ֆոնդերից, և ընդամենը 15 տոկոսը՝ մարդկանց գրպանից:

Փաթեթի, հարկի չափի փոփոխման հնարավոր սցենարները.

Նախարարը նշեց՝ այդ փաթեթի ձևավորման հիմքում դրված պայմանները փոխելու դեպքում կփոխվի նաև նախատեսվող հարկի տոկոսը: Թորոսյանը չբացառեց, որ կարող են ավելի թեթև փաթեթ ձևավորել, որը կարող է ներառել ավելի քիչ ծառայություններ: Փոփոխության սցենարներից մեկով կարող են ապահովագրել միայն աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքում նախարարության նախնական հաշվարկներով 6 տոկոսի փոխարեն հարկը կկազմի 1.5-2 տոկոս: Նախարարը նշեց՝ կարող են առողջության ապահովագրության 100 տոկոսանոց ծածկույթ ապահովել նաև աստիճանաբար: «Հնարավոր է, որ լինի 1.5 տոկոս հարկ որոշ աշխատող քաղաքացիների համար, հետո մի 2 տարի օգտվելուց հետո, երբ ձևավորվի հանրային պահանջ, կարող են ներգրավվել նաև չաշխատող քաղաքացիները՝ տոկոսն ավելացնելով: Կարող ենք 100 տոկոսանոց ծածկույթի գնալ ոչ թե միանգամից, այլ օրինակ 10 կամ 20 տարում»,-նշեց Թորոսյանը:

Նախարարը հիշեց՝ նման համակարգեր ունեցող շատ երկրներ, որոնք ունեն առողջության ապահովագրության 97-98 տոկոս ծածկույթ, դրան հասել են տարիների ընթացքում: Նախագիծը ներկայում ներկայացել է 6 տոկոս հարկի տարբերակով՝ ենթադրելով, որ բոլոր քաղաքացիներին միանգամից են ընդգրկելու: Թորոսյանը ներկայացրեց բոլոր քաղաքացիներին առողջության ապահովագրության մեջ միանգամից ընդգրկելու դրական կողմերը: Նա նշեց՝  կա միավոր գնի խնդիր, երբ ընդգրկում ես միանգամից շատ մարդու, ծառայության միավորի գինը էժան է ստացվում: Նախարարը նաև նկատեց՝ աշխատողները այս պահին քիչ թե շատ գոնե ամենապաշտպանվածն են, որովհետև եկամուտ ունեն, իսկ չաշխատողները, չունենալով եկամուտներ, ամենախոցելին են: Նա նաև շեշտեց՝ եթե պետբյուջեում ունենայինք այդ 250 մլրդ դրամը, ապա առողջության հարկ չէր լինի: Նախարարն ասաց՝ եթե բյուջեի կազմման ընթացքում կարողանա կառավարությանը համոզել հավելյալ 20 մլրդ դրամ ոլորտին հատկացնելու համար, ապա կկարողանան ապահովագրել Հայաստանի բոլոր կենսաթոշակառուներին: Պարզապես, եթե հասնենք այդ 3 միլիոնի ծածկույթին, կարող է 20 տարի անցնել: Նախարարը նաև քննարկելի է համարում աստիճանաբար բյուջեի ավելացման միջոցով ապահովագրության անցնելու տարբերակը: Նախարարությունը պատրաստ է փաթեթում փոփոխությունների:

Ինչո՞ւ պետք է աշխատող քաղաքացիները վճարեն չաշխատողների համար.

Թորոսյանը նշեց՝ հարցը պետք է դիտարկել անկախ ապահովագրական համակարգի լինել-չլինելուց: «Դրա մասին կարելի է երկար բանավիճել, կան տարբեր մոդելներ: Եվ մենք պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք մեր հասարակությունը լինի ներառական և բոլորը լավ ապրեն, թե՞ չենք ուզում»,-ասաց նախարարն ու բերեց եկամտահարկի օրինակը. եկամտահարկ վճարում են միայն աշխատող քաղաքացիները, սակայն այդ հարկից գոյացած պետական բյուջեով կատարվում են ծախսեր բոլորի համար:

«Ես անկեղծ ասում եմ՝ վստահ չեմ, որ այս համակարգը կներդրվի, կամ կներդրվի մոտակա 3-4 տարիների ընթացքում: Եթե ներդրվի, ապա սա կլինի անկախությունից ի վեր առողջապահության ամենակարևոր ռեֆորմը:  Մենք առնվազն պետք է սրա մասին մտածենք, քննարկենք, հաշվենք»,-ասաց Թորոսյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին