27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » «Արաբական, աֆրիկյան շուկաները հետաքրքրված են մեր զենքով»․ Հակոբ Արշակյան
Այլ Լուրեր

«Արաբական, աֆրիկյան շուկաները հետաքրքրված են մեր զենքով»․ Հակոբ Արշակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի հյուրն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը

-Համավարակն ինչո՞վ է հարվածել ձեր ոլորտին, եթե հաշվի առնենք, որ ձեր ոլորտը կարող է զարգանալ նույնիսկ կատարյալ մեկուսացվածության պայմաններում։

-Այո, ճիշտ է։ Այսինքն, կարելի է հեռավար աշխատել, որոշ դեպքերում, իհարկե։ Այնտեղ որտեղ արտադրամասեր, արտադրություններ կան, ավելի սարքաշինական մասով է, այնտեղ իհարկե ֆիզիկական նույնպես աշխատանք կա։ Բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ամբողջ աշխարհի տնտեսությունն է դանդաղել։ Եվ դա, իհարկե, արդյունաբերության բոլոր ճյուղերին է վերաբերվում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը։ Պետք է արձանագրել, որ ամեն դեպքում հարվածն այնպես չէ, ինչպես, օրինակ, սպասարկման ոլորտին կամ տուրիզմին հասած հարվածն է։ Մենք հարցումներ ենք արել, և կեսից ավելիի մոտ իրականում զգացվում էր պլանավորվածից ավելի ցածր եկամտաբերություն, բիզնեսն այն տեմպերով չէր աճում, ինչպես պլանավորում էին։ Մենք, իհարկե, քայլեր ձեռնարկում ենք։ Հիմնականում կապված է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի շուկաների դանդաղության հետ։

-Դուք ոլորտն ինչպե՞ս ընդունեցիք, ես նկատի ունեմ մինչև 2018 թվականը։ Եվ այս պահին ի՞նչ եք արել, որը հնարավոր չէր անել մինչև հեղափոխությունը։

-Իրականում մեծ բաները, որոնց մասին կարող եմ ասել, տեղի ունեցան նախորդ տարի։ Առաջինն արվեցին աշխարհին ներկայանալու քայլերը։ Դրանք առաջին հերթին էքսպոների տեսքով արված քայլերն էին՝ Ռուսաստանում, Սինգապուրում, արաբական աշխարհում, Ուզբեկստանում ունեցած մեր հայկական տաղավարներն էին, որտեղ մենք բաց և թափանցիկ կերպով ներկայացրեցինք հայկական արտադրանքը։ Դրանք երկու ուղղությամբ ազդեցություն ունեցան՝ առաջին՝ Հայաստանը ճանաչվեց բարձր տեխնոլոգիական երկիր, որովհետև դրանք աշխարհի ամենահայտնի էքսպոներն էին։ Ես Փարիզը չնշեցի, Փարիզում նույնպես ունեցանք հայկական տաղավար։ Եվ երկրորդը, դա արդեն բիզնեսի է վերածվում։ Մենք արդեն ունենք արձանագրված կես միլիոն դոլարից ավելի պատվերներ, որոնց միայն հարկային մասը այդ էքսպոների մասնակցության մասը ծախսածածկում է։ Էլ չասած, որ շուրջ 10 միլիոն դոլարի արդեն պայմանավորվածություն կա, որոնց մի մասն, իհարկե, չի դառնա կոնտրակտ, բայց մյուս մասը կդառնա։ Դրանք գումարած մենք նաև ունեցանք Համաշխարհային Կոնգրեսը Հայաստանում անցկացված, ունեցանք Դիջիթեքը, որտեղ պետությունը մասնակցությամբ ունեցավ տաղավարներ։ Օրինակ, Կոնգրեսի ժամանակ մենք 20 երկրից ավելի պաշտոնական պատվիրակություններ ունեցանք, նախարարներ, փոխվարչապետեր մասնակցեցին, և նրանք իհարկե այս ամբողջ ցուցադրությունը տարան, Բրազիլիայից մինչև աֆրիկյան երկրներ, արևելաեվրոպական երկրներ նախարարների մակարդակով մասնակցեցին։ Դրան գումարած այն ծրագրերը, որոնք կառուցվեցին այս տարվա համար, որովհետև նախորդ տարի կարճ ժամանակի պատճառով հնարավոր չէր էմպլեմենտացնել։ Դրանք իրենց շարունակությունն են ունենանում այս տարի։ Գումարած վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ բավականին լուրջ արձագանք գտավ, դա պետական մակարդակով հայտարարություն էր, որ քայլ ենք անում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու համար։ Հայաստանի ոչ մի ղեկավար չի այցելել Սիլիկոնյան հովիտ երկար տարիներ։ Մենք հուշագիր ստորագրեցինք Հայկական Բարեգործական ընկերության հետ, Դրեյթերի համալսարանի հետ։ Ես նույնպես այցելեցի, նախարարական պատվիրակությունը հանդիպեց 19 կազմակերպությունների հետ։ Դրան գումարած մենք ռազմաարդյունաբերության ոլորտում 30 տոկոսով ավելացրեցինք ֆինանսավորումը ընթացիկ տարում, ընդ որում չպլանավորված։ 1 միլիարդ դրամ հավելյալ ներարկեցինք ոլորտ, որն իր շարունակությունը կունենա այս տարի։ մենք արդեն փաթեթավորված 10 միլիարդ դրամի հասնող ծրագրեր ունենք։ Ես ուզում եմ ասել, որ այնպես չէ, որ գումարը կարելի է հատկացնել, ու ոլորտը կզարգանա։ Մանավանդ ռազմաարդյունաբերական ոլորտում անհրաժեշտ է գտնել այն թիմը, որը կցանկանա իր ներուժը դնել, որովհետև այդպիսի թիմը ցանկացած այլ տեղ կարող է աշխատել։ Իրենց պոտենցիալը թույլ է տալիս դա։ Սրանք բոլորը քայլեր է, որոնց վրա մենք ջանք ու եռանդ չենք խնայել։

-2019-ին Դուք արձանագրել էիք, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում 30 տոկոս աճ եք ունեցել։ Այս տարի ինչքանի՞ հույս ունեք։

-Մենք առաջին եռամսյակում 25-30 տոկոսի աճ ունեինք։ Այնուամենայնիվ, համավարակը կխփի մեր ոլորտին։ Եկեք թվեր չհրապարակեմ, որովհետև անկանխատեսելի է, թե ինչքան կլինի։ Բայց ես հուսով եմ, որ կունենանք պոզիտիվ աճ, մենք ամեն ինչ կանենք։ Բայց հաշվի պետք է առնել, որ մեր ոլորտը շուրջ 80 տոկոսով կախված է արտաքին շուկայից, որտեղ մենք լուրջ շարժեր ենք տեսնում։

-Մի քանի օր առաջ Դուք հրապարակեցիք Ֆեյսբուքում Հայաստանում արտադրված ականանետեր ու ականներ և ասացիք, որ շուտով մեր ռազմական արտադրանքը կարող է դուրս գալ միջազգային շուկա։ Այդ առաջիկան ե՞րբ է։

-Շատ կարևոր հարց է։ Մի բան է, երբ մենք արտադրում ենք և անցնում ենք սերիական արտադրության, մեկ այլ բան է, երբ արտահանում ենք։ Եվ դրսի վաճառքի համար շատ սպեցիֆիկ ոլորտ է ռազմաարդյունաբերությունը, և այնտեղ իսկապես պետական մակարդակով անհրաժեշտություն կա որոշակի գործողություններ կատարել։ Այդ ուղղությամբ մենք պլանավորում ենք այս տարի արդեն ունենալ մարմին, որը դրանով կզբաղվի պրոֆեսիոնալ կերպով թե՛ մեր դիվանագիտական ներկայացուցիչների, թե՛ մեր սփյուռքի հետ։ Այս առումով կարող եմ ասել, որ իմ այցերի ընթացքում բազմիցս իմ կոլեգաների հետ քննարկել եմ մեր ռազմաարդյունաբերական պոտենցիալը։ Հետաքրքրություններ կան թե՛ համատեղ ներդրումներ կատարել Հայաստանում, և՛ թե այդ ներդրումների արդյունքում ունեցած արտադրանքը վաճառել այդ երկրներին։ Եկեք չթվարկեմ և անուններ չհնեցնեմ, որովհետև այս ոլորտի մի սպեցիֆիկան էլ այն է, որ ամեն ինչ արձանագրում են և դրանց հետևից գնում են, որպեսզի փակեն խոչընդոտեն։

-Այսինքն, Դուք չեք կարող ասել, թե որ երկրները կարող են լինել մեր զենքի գնորդը։

-Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ շուկաներ կան, որոնք կարող են հետաքրքրություն ունենալ, դրանք արաբական շուկաներն են, աֆրիկյան շուկաները, ինչպես նաև այլ շուկաներ։ Բայց եկեք պայմանավորվածությունների և հանդիպումների մասով չմանրամասնենք, բայց ինստիտուցիոնալ առումով այս տարի որոշակիություն կլինի։

-Մենք մտադիր ենք դառնալ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության երկիր, տարածաշրջանային իմաստով մենք ո՞ր երկրների համեմատ կարող ենք լինել առաջատար։

-Երբ մենք ասում ենք բարձր տեխնոլոգիական երկիր, նկատի ունենք մեր տնտեսության մեջ ավելի ու ավելի պիտի շատացնել բարձր տեխնոլոգիական ուղղվածությունը, ռազմաարդյունաբերական ուղղությունը։ Ինչպե՞ս դրան հասնել՝ նախ այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, միտված են մեր ավելի ու ավելի տաղանդավոր սպեկտրի քաղաքացիներին ուղղել դեպի ռազմարդյունաբերական ոլորտ։ Ինչ վերաբերվում է մեր հարևանների նկատմամբ ունեցած առավելություններին, մի առավելությունը, որը կարող եմ նշել, մեր ինժեներների ընդունակությունն է առանց կասկածի տակ դնելու մեր բարեկամ երկրների տաղանդը։ Այնուամենայնիվ, մենք ունենք կենտրոնացում։ մենք ունենք տասնյակ ինստիտուտներ գիտահետազոտական, ունենք համալսարաններ, մեկը պոլիտեխնիկականն է։ Ասեմ ձեզ, դրանք մեծ հարստություն են, մեզ նման ոչ բոլոր երկրներն են, որոնք ունեն նման ինստիտուտներ ռադիոֆիզիկայի ոլորտում, միկրոէլեկրոնիկայի ոլորտում։ Ու այդ ամենը մենք ժառանգել ենք իհարկե։ Եվ այդ հիմքի վրա է, որ պիտի կայացնենք այս ոլորտը, և այդ հիմքի վրա է, որ 30 տոկոսանոց աճեր ենք ունենում։ Այս առումով, կարծում եմ, որ համեմատվելիս մենք պիտի ասենք, թե որոնք են մեր ուժեղ կողմերը։ Մեկը կենտրոնացված, գիտելիքահեն ինստիտուտների առկայությունն է, երկրորդ ուժեղ կողմը մեր սփյուռքն է, որը նույնպես ներգրաված է այստեղ։ Նույն դպրոցի պատճառով, նույն գիելիքի պատճառով։ Մեր սփյուռքը շատ հայաստանամետ սփյուռք է, էնպես չի, որ գնում են ու մոռանում Հայաստանը։ Նույնիսկ երրորդ, չորրորդ սերունդները գիտեն, որ հայ են, ցանկանում են օգնել։ Եվ մենք կարող ենք իրենց ներուժն օգտագործել։ Եվ այդ «Վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որ այս տարի արդեն իրականացնում ենք, նույնպես դրան է միտված, որ այստեղի սկսնակ ընկերություններին կապենք սփյուռքի մեր հայրենակիցներին, որ շուկա ապահովենք։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Ֆորբսի ամսագրի ուշադրության կենտրոնում․ Հակոբ Արշակյան

Սերինե

Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան

Սերինե

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել․ Հակոբ Արշակյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին