30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.   «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:   Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:   Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ: Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայ¬րենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը: ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Ի¬րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ¬ներ ու հազարավոր սպաներ։ Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ: Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:   Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:   Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:   Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»:

Նմանատիպ Հոդվածներ

Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ․ Արայիկ Հարությունյան

Անի Գրիգորյան

Կամավորներն Արցախում ոչնչացրել են թուրք 20 հատուկ ջոկատայինի՝ 2-ին թույլ տալով ճողոպրել՝ տեսածը պատմելու (տեսանյութ)

Անի Գրիգորյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին