
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը 1 մնլ դրամ պարգևավճար չի ստացել։ Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզպետարանից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը։ Նրանց խոսքով՝ Գարիկ Սարգսյանն ու փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը պարգևավճարներ չեն ստացել:
«Հերթական ապատեղեկատվությունը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի անվան շուրջ: Մենք հերքում ենք այս լուրը։ Արարատի մարզպետարանի անբողջ աշխատակազմը՝ բացի մարզպետ Գարիկ Սարգսյանից, փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանից, աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյանից և ևս 3 հոգուց, ստացել են պարգևատրումներ»,- պարզաբանեցին մարզպետարանից։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում կրկին սկսեցին ակտիվորեն գրել պետական կառույցների աշխատողների պարգևատրումների մասին: Ամենաակտիվը քննարկվեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի «ստացած պարգևավճարները»: Ըստ մամուլի՝ մարզպետը օրեր առաջ հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում է դուրս գրել։ Գրում են նաև, որ մարզպետի կարգադրությամբ 100 տոկոսով պարգևատրվել է նաև փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը: