21 Հունվարի, 2020
Գլխավոր » Արա Վարդանյանն իր «քաղաքական» հետապնդման համար շնորհակալություն պետք է հայտնի Լևոն Յոլյանին
Քաղաքականություն

Արա Վարդանյանն իր «քաղաքական» հետապնդման համար շնորհակալություն պետք է հայտնի Լևոն Յոլյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը երեկ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից դուրս գալով՝ լրագրողներին հայտարարեց, թե մեկուսարանում ամեն ինչ «շատ լավ էր, ճոխ ու պատրաստ է վերադառնալ»: Վարդանյանը հայտարարել է, թե որևէ խախտում թույլ չի տվել ու դա կապացուցվի, իսկ իր նկատմամբ հետապնդումը «քաղաքական» է որակել:

Արա Վարդանյանը հիմնադրամը ղեկավարել է 9 տարի շարունակ՝ 2009-2018 թթ.:

2018 թ. հուլիսին նա առաջին անգամ բերման ենթարկվեց յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով, և խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրեց։

Երկրորդ անգամ նրան կալանավորեցին այս տարի հոկտեմբերի 9-ին՝ մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրացման համար։

Նրա փաստաբանների հավաստմամբ՝ մեղադրանքի համար հիմք է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, որի հետ Վարդանյանը, իբր թե, չէր կարող կապ ունենալ:

Արա Վարդանյանը շնորհակալություն պետք է հայտնի Լևոն Յոլյանին

«Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թ. օգոստոսից 2019 թ. սեպտեմբերի ընթացքում ստուգումներ էր իրականացրել Հաշվեքննիչ պալատը՝ ուսումնասիրելով կառույցի 2013-2017 թթ. գործունեությունը: Ըստ հրապարակված եզրակացության՝ հաշվեքննության ընթացքում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող թվով 2 արձանագրություններ ՀՀ հաշվեքննիչ պալատի որոշմամբ ուղարկվել են գլխավոր դատախազություն:

NewArmenia.am-ն արդեն անդրադարձել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ոչ նպատակային, եռակի թանկ ծախսերին:

ՀՊ-ն մի շարք խախտումներ է բացահայտել նաև հիմնադրամի կողմից անապահով ընտանիքների համար ձեռք բերված բնակարանների, կառուցված առանձնատների, կառուցված և հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման համար կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքների գնման գործարքներում: Ըստ այդմ՝ տեխնիկան (հեռուստացույցներ, սառնարաններ, գազօջախներ, օդաքաշ պահարաններ) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «ՎԻ ԷԼ ՎԻ Սենթր» ՍՊԸ-ից 23 մլն 609.1 հազ. դրամով և վաճառել Հիմնադրամին 39 մլն 996.8 հազ. դրամով: Այսինքն՝ հիմնադրամը 16 մլն 387.7 հազ. դրամ ավելի է վճարել այդ գույքի դիմաց:

Նույն սկզբունքով «ՀԱՏՄ» ընկերությունը Ռուսաստանից ներմուծել է աթոռներ և վերավաճառել Հիմնադրամին՝ ավելի քան 80 մլն դրամով ավելի թանկ գնով: Ընդհանուր առմամբ՝ կահույքի տարբեր բաղադրիչների գնային տարբերությունները կազմել են շուրջ 117.1 մլն դրամ: Հիմնադրամն ապրանքները ձեռք չի բերել մրցույթների կազմակերպման միջոցով արտադրողներից կամ ներմուծողներից, փոխարենը՝ կատարել է միջնորդավորված գնումներ, արդյունքում՝ նշված ապրանքները ձեռք են բերվել ավելի թանկ:

Ի դեպ, 1994 թ-ին ստեղծված «ՀԱՏՄ» ընկերության հիմնադիրը, ըստ պետռեգիստրի, ԱՄՆ-ի ՀՀ օգնության հիմնադրամն է:

ՀՊ-ն մասամբ ստուգել է նաև Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի կատարողականը, սակայն անհրաժեշտ և պահանջված տեղեկատվությունը ամբողջական և ճշգրիտ չի եղել: Ըստ այդմ՝ հաշվեքննողներն այդ մասով որևէ եզրակացություն չեն ներկայացրել, քանի որ հնարավոր ոչ բոլոր փաստերն են հետազոտվել, վերահսկվել։ Սակայն այդ մասնակի ուսումնասիրության արդյունքում ևս ուշագրավ փաստեր են բացահայտվել: Մասնավորապես՝ շինանյութերի՝ գուդրոնի, բիտումի և մազութի ձեռքբերման համար հիմնադրամն ավել է վճարել 66 մլն 540.9 հազ. դրամ, իսկ մատակարարված ապրանքների գներն էապես տարբերվում են՝ բարձր են այլ ներմուծող ընկերությունների կողմից կատարված ներմուծումների գներից:

Այսպիսով, ստուգման ընթացքում ի հայտ են եկել կասկածներ, որ հիմնադրամի գործարքներում և մի շարք ընկերությունների հետ կնքված պայմանագրերում առկա են հանցագործության առերևույթ հատկանիշներ, իսկ թե ինչ հանգամանքներում և շարժառիթներով է հիմնադրամը առաջնորդվել, հնարավոր չէ պարզել:

Նկատենք, որ այս բացահայտումների «հեղինակը» Հաշվեքննիչ պալատն է, որի նախագահ Լևոն Յոլյանն իր պաշտոնում ընտրվել է 2017 թ-ին Ազգային ժողովի մեծամասնության կողմից՝ 99 ձայնով: Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո թափուր մնացած Վերահսկիչ պալատի (2018-ի ապրիլից՝ Հաշվեքննիչ պալատ) նախագահի պաշտոնում միակ թեկնածուին առաջադրել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել էր, որ Յոլյանն իրականացնելու է Սահմանադրության և օրենսդրության լիազորությունները: «Կարո՞ղ է պարոն Յոլյանը դա անել: Համոզված եմ՝ այո: Մենք պե՞տք է օգնենք: Կարծում եմ, մենք պետք է օգնենք և օժանդակենք»,- ասել էր Շարմազանովը:

Եվ այժմ, ի հեճուկս Շարմազանովի և Յոլյանի, Արա Վարդանյանը հայտարարում է՝ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Նմանատիպ Հոդվածներ

«Երևանի ՋԷԿ»-ում միլիոններ են փոշիացրել

Diana Amirkhanyan

Առողջապահության նախարարության անարդյունավետ ծախսերը. Հաշվեքննիչ պալատի բացահայտումն ու նախարարության պարզաբանումը

Davit Petrosyan

Ինչ գործունեություն են ծավալում Լևոն Յոլյանի հանքերը․ պարզաբանում է նախարարությունը

Davit Petrosyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին