21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107340.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Արդյո՞ք Ռուսաստանը կունենա իր վճռական ասելիքը այստեղ եւ հիմա
Գլխավոր Նորություններ

Արդյո՞ք Ռուսաստանը կունենա իր վճռական ասելիքը այստեղ եւ հիմա

Արդեն 10 օր տևող հայ-ադրբեջանական պատերազմը կարծես ավարտի նշաններ է սկսել ցույց տալ: Դրա մեջ կարևոր դերակատարություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի և Ֆրանսիայի ակտիվությունը: Չի կարելի անտեսել նաև այլ բևեռները, տարբեր միջազգային կազմակերպությունների, հարևան և այլ պետությունների կոչերն ու հորդորները: Սակայն դրանց բոլորի մեջ առանձնանում է հենց Ռուսաստանը: Միայն ՌԴ ունի անհրաժեշտ ռեսուրսները, հնարավորություններն ու լծակները ոչ միայն միջամտելու, այլև վճռորոշ դեր խաղալու անվտանգության ապահովման և անգամ՝ անվտանգության երաշխավորման հարցում:

Դրանում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ է, ՌԴ-ին լրացուցիչ լեգիտիմություն է տալիս չեզոքությունը: Եթե հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվան իսկապես իրեն հավասարակշռված չպահեր, ապա հակամարտության կողմերից մեկն անմիջապես հարցականի տակ կդնի միջնորդի իր դերակատարությունը: Նման կեցվածքով է, որ Ռուսաստանը ստանում է լրացուցիչ վստահելիություն և լեգիտիմություն կողմերի մոտ:

Միևնույն ժամանակ, հենց Ռուսաստանն է ամենաշահագրգիռը տարածաշրջանում առկա մեծ ստատուս-քվոն պահպանելու հարցում՝ կողմերից որևէ մեկի անհամաչափ ուժեղանալը, կամ Հարավային Կովկասից դուրս այլ խաղացողների մուտքը չի կարող չանհանգստացնել Մոսկվային:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը միտված էր այդ գլոբալ հավասարակշռությունը փոխելուն՝ նոր խաղացող՝ Թուրքիայի մուտքը ապահովելու և հակամարտության կողմերից մեկի՝ ուժի լեզվով խոսելու ՛՛իրավունքը՛՛ լեգիտիմացնելու: Ընդ որում, այդ փորձերը արվում էին օտարեկրյա վարձկանների, ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ: Արցախն ու Հայաստանը հայտնվեցին գլոբալ այդ փոփոխության դեմը առնելու առաջնագծում: Հաշվի առնելով վերանշյալը՝ ակնհայտ է Հայաստանի և Ռուսաստանի շահերի համընկնումը: Հենց այդ հանգամանքն էլ պետք է ունենա իր վճռորոշ նշանակությունը:

Քաղաքականության և հատկապես արտաքին քաղաքականության մեջ շահերի համընկնումը զարգացումների շարժիչ ուժն է՝ առանց դրա երկրների միջև համագործակցությունը անհնար է: Պարտադիր չէ, որ Հայաստանի իշխանությունը լինի ռուսամետ կամ արևմտամետ՝ այս կամ այն ծրագիրը նախաձեռնելու, ապա իրականացնելու գործում, սակայն նման ճգնաժամային իրավիճակներում այնպայման պետք է օգտագործել շահերի համընկնման հանգամանքը:

Պատերազմի անիվը փորձեցին կանգնացնել մի շարք երկրներ: Խնդիրը նրանում է, որ կոչ անելուց այն կողմ որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն չի գնում: Չի՛ էլ կարող: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը, մասնավորապես, իրեն թույլ է տալիս ոչ միայն արհամարելու նման կոչերը, այլև, ինչպես եղավ Ֆրանսիայի պարագայում՝ անել դա նկատելի արհամարանքով: Ցանկացած զրուցակցի հետ՝ լինի դա ԵՄ նախագահը, կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Վրաստանի թե ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահները, Ալիևը խոսում էր որպես տարածաշրջանի իրողությունները հարգարժան զրուցակիցներին ներկայացնող մի դասախոս: Ա՛յլ է վիճակը Ռուսաստանի պարագայում: Ալիևը չի կարող արհամարել ՌԴ նախագահին և դրա համար կան հստակ պատճառներ:

Եթե կողմերից մեկը ընդունում, կամ նույնիսկ ավելին՝ Մոսկվայի հետ միասին մշակում է հրադադարի և հետագա բանակցությունների պարամետրները/սցենարը՝ նույնիսկ երկրորդ կողմի չընդունելու դեպքում, ստանում է առավելություն: Վճռական առավելություն: Հաշվի առնելով Մոսկվայի խորը ներգրավվածությունը տարածաշրջանում, վերջինիս, առնվազն մատակարարումների տեսքով, որոշակի ներկայությունը ընթացող գործընթաներում, հասկանալի է, որ ՌԴ կոչը չի կարող նույն քաշը ունենալ, ինչպես այլ պետություններինն ու միջազգային կազմակերպություններինը: Հենց այդ հանգամանքն է պետք հաշվի առնել այսօրվա անցուդարձում և Երևանը ճիշտ որոշումներ է կայացրել: Շահերի համընկնումը պետք է նյութականացնել, գտնել հրադադարի հաստատման ճիշտ ճանապարհը, հարկ եղած դեպքում խաղաղության պարտադրելու գործողություններից անմիջապես հետո հայտարարել միջնորդական առաջարկությունը ընդունելու պատրաստակամության մասին:   

Դա ակնհայտ առավելություն կտա հայտնող կողմին, ընդ որում ոչ միայն հոգեբանական: Այս հարցում հապաղելը հազիվ թե շրջահայաց լինելու դրսևորում լինի: Զինադադարը պետք է հաստատվի ցանկացած՝ այդ թվում՝ խաղաղության պարտադրելու գործողությունների արդյունքում: Հատկապես այսօր. մենք հաղթել ենք և մեր դիրքերը ավելի քան ամուր են:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը

Նատա Հարությունյան

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Անի Գրիգորյան

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին