19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107644.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Արկածախնդրություն թիկունքում
Գլխավոր Նորություններ

Արկածախնդրություն թիկունքում

«Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․»

Այստեղ ընդհատենք հին հեքիաթը, քանի որ հինգ ու վեց հոգու փոխարեն գործ ունենք 14-ի հետ։ Հայոց քաղաքական երկնակամարի 14 ուժեր, երբեմնի անհատներ, հանդես են եկել հայտարարությամբ։ Ելնելով պատերազմական դրության պարկեշտության չգրված կանոններից` չէինք անդրադառնա այս մառազմատիկ իրողությանը, եթե այն իր մեջ չպարունակեր լրջագույն վտանգներ։ Սա այն դեպքն է, երբ զավեշտն ու ողբերգությունը միաձույլ են։ Իրավիճակի դրամատիզմն ամբողջանում է, երբ կարդում ես կուսակցությունների ցանկը։ Որևէ մեկին չնեղացնելու համար, այդ ցանկին անձնապես չենք անդրադառնա, բայց որոշ բացառություններ կանենք։

Ի՞նչ է ցանկանում 14-ի խմբակը։ Առաջարկում են «հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով»։

Եթե այս առաջարկությունը թարգմանենք արդի հայերեն՝ մատչելի լեզվով ասած, պետությանն անվանում են «ֆուֆլո», թքած ունեն Սահմանադրության վրա, նշանակում է, որ ռազմաքաղաքական ղեկավարությանը չեն ընդունում, իսկ ամենասարսափելին հայկական պետության 30-ամյա գոյության մոռացումն է։ Իսկ եթե այն թարգմանենք հայտարարությունը լայն զանգվածներին ներկայացրած կուսակցության լեզվով, ապա կստացվի, որ առաջարկում են ստեղծել Հայրենիքի փրկության կոմիտե։ Պատմությանը քիչ թե շատ ծանոթ մեկը շատ լավ հիշում է շուրջ 100 տարի առաջ ստեղծված այդ կոմիտեի գործունեությունը և դրա հետևանքները։ 100 տարի անց, երբ Հայաստանն անկախ պետականություն է, ունի բանակ, Սահմանադրություն, լեգիտիմ իշխանություն, պարզվում է, որոշ շրջանակներ չեն հարմարվում դրա հետ։ Նրանք պատմությունից ոչինչ չեն սովորում։ Բացառապես ոչինչ։ Պետականության բացակայության ժամանակ անգամ ձախողված օրինակների վերակենդանացումը մի փուլում, երբ ունես պետականություն, ասվածի վառ օրինակն է։

Բայց եկեք ընդունենք, որ նրանք բավականին համեստ են եղել։ Կարող էին չէ՞ առաջարկել Զարուհի Փոստանջյանին նշանակել հարավային կողմաց բդեշխ, իսկ պատվարժան Արամ Սարգսյանին՝ արքունական դրանիկների հարյուրապետ։ Չեն արել։ Նույնիսկ չեն առաջարկել գեներալիսիմուս կինոյի տղուն նշանակել ռազմաօդային ուժերի վաթս-ափփի գաղտնալսման հրահանգիչ և Չեչնիայի գծով գլխավոր բանակցող։

Իսկ ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր կուսակցություն այս փուլում, անկախ այն հանգամանքից մարդ-կուսակցություն է, թե ունի հազարավոր անդամներ։ Աշխատի թիկունքում, կատարի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ հրահանգները, խոսի իր միջազգային գործընկերների հետ ու նեղ քաղաքական շահեր չհետապնդի։ Մենք չափազանց լավ ենք ճանաչում ձեզ,  պարոնա՛յք։ 1990-ականների սկիզբը վկա։

Խմբագրի խոսք

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին