Գլխավոր » Արմեն Ամիրյան, Միքայել Մինասյան. ովքե՞ր են Նորատուսի ռազմավարական օբյեկտի իրական սեփականատերերը
Գլխավոր Նորություններ

Արմեն Ամիրյան, Միքայել Մինասյան. ովքե՞ր են Նորատուսի ռազմավարական օբյեկտի իրական սեփականատերերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով 2008-2010 թթ-ին ուղղակի վաճառքի ձևով չնչին գնով օտարվել է Հայաստանի ռազմավարական օբյեկտներից մեկը:

Ինչպե՞ս սկսվեց

Դեռևս Խորհրդային միության տարիներին՝ 1965 թվականին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հիմնադրվեց ռադիոհեռարձակման հզոր կայան։ Արտերկրի համար նախատեսված ԽՍՀՄ բոլոր ռադիոհաղորդումներն այդ կայանի միջոցով սփռվում էին տարբեր ուղղություններով՝ Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, Հարավային Ամերիկա և այլն։ Վայրը՝ Նորատուսը, հատուկ էր ընտրվել, քանի որ Սևանա լճի հայելին թույլ էր տալիս ռադիոհաճախականություններով ավելի հստակ ալիքներ ուղարկել։

Հայաստանի անկախացումից հետո կայանը ստանում է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ, կոչվում «Ռադիո» ՀՆՊՁ և շարունակում գործունեությունը ՀՀ կապի նախարարության ենթակայության ներքո։ Եվ քանի որ ԽՍՀՄ տարածքում նման հզորության այլ կայաններ չկային, այն վարձակալության է տրվում ռուսական ռադիոընկերություններին, որոնք հեռարձակում են արտերկիր, մասնավորապես՝«Ռադիո Ռոսիի» ընկերությանը, որը տասնյակ լեզուներով հաղորդումներ ունի, միջազգային «Արփի» ռադիոկայանը դրա միջոցով ամերիկյան ավետարանչական եկեղեցու քարոզն է հեռարձակում, և այլն։ Կայանի ծառայություններից օգտվում է նաև Հայաստանի հանրային ռադիոն՝ հայկական սփյուռքի համար նախատեսված ծրագրերը, նաև քրդերեն, թուրքերեն լեզուներով հաղորդումները հեռարձակելու համար։

Հետագայում ձեռնարկության կարգավիճակը փոխվում է, այն դառնում է փակ բաժնետիրական ընկերություն և ընգրկվում պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի ցանկում։ Ընկերության բաժնետոմսերն այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետի 17.07.2008թ-ի թիվ 771-Ն որոշմամբ ներկայացվել են մասնավորեցման՝ մցույթով։ Դեռևս 2007 թ-ին կատարված գնահատմամբ՝ նվազագույն գինը սահմանվել է 1 մլրդ 194 մլն 814 հազար դրամ: Մրցույթը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով՝ դրա անցկացման մասին տեղեկությունները հրապարակվել են «Ազգ» օրաթերթի 08.11.2008 թ-ի թիվ 207 համարում։ Սակայն, ինչպես NewArmenia.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, 12.12.2008 թ-ին անցկացված մրցույթը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով։

Եվ ահա, 2 տարի անց, ՀՀ կառավարության 02.10.2010 թ. թիվ 1571-Ն որոշմամբ ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են «Եվրո Պրեսս Գրուպ» ՍՊԸ-ին՝ ընդամենը 587 մլն 606 հազար դրամով։ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 28-ին, կնքվել է առքուվաճառքի թիվ 864-Ու պայմանագիրը։ Գումարը գնորդը պետք է վճարեր 7 տարիների ընթացքում:

Ընդ որում՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են ընկերության բաժնետոմսերը, իսկ անշարժ գույքը, ինչպես նաև հողամասը՝ ոչ։ Նախքան առքուվաճառքի պայմանագրի կնքումը դրանք ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է ընկերությանը՝ երկարաժամկետ վարձակալությամբ։

Գնորդը պարտավորվել էր առաջին տարում ներդնել 40 մլն դրամ և ապահովել 1800 աշխատատեղ՝ 100 հազար դրամ ամսական աշխատավարձով, երկրորդ տարում՝ ևս 60 մլն դրամ ներդնել, իսկ 10 տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը՝ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների պատվերով ռադիոծրագրերի հեռարձակումը նախապես համաձայնեցնելով ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ:

Այս պարտավորությունները, ինչպես և սպասելի էր, չեն կատարվել: Ընկերության գույքը չի թարմացվել, իսկ աշխատակիցներն այս տարվա սեպտեմբերի դրությամբ ընդամենը 80-ն են:

Ո՞վ է գնորդը

«Եվրո Պրեսս Գրուպ» ՍՊԸ-ի մասին որևէ տեղեկություն անհնար է գտնել համացանցում: Այն ՀՀ ռեզիդենտ չէ՝ գրանցված չէ պետական ռեգիստրում: Համանուն ընկերություն գործում է Ֆինլանդիայում, սակայն բոլորովին կապ չունի «մեր» ընկերության հետ:

NewArmenia.am-ի տեղեկություններով՝ այս «Եվրո Պրեսս Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրները հավասար բաժնեմասերով Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը և ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն են, իսկ նրանց 3-րդ գործընկերը այլ անվան տակ Միքայել Մինասյանն է՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան, Վենետիկում ՀՀ նախկին դեսպանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի տարի առաջ փորձ է արվել այդ համալիրը վաճառել 20 մլն դոլարով որևէ արտասահմանյան ներդրողի, բայց, կարծես, գնորդ դեռևս չի գտնվել։

Նորատուսում կայանը հսկայական տարածք է զբաղեցնում՝ 20 հազար 592.3քմ, և աշխատում է հատուկ հաղորդակներով: Օրինակ՝ եթե Երևանում FM  տիրույթում կայանները հիմնականում 1 կվտ-անոց հաղորդիչներով են հեռարձակում, ապա «Ռադիո» ՓԲԸ-ն 500 անգամ ավելի հզոր՝ 500կվտ-անոց հաղորդիչներով, որոնք նաև շատ էլեկտրաէներգիա են օգտագործում: Եթե անգամ այժմ դրա տեխնոլոգիաները մի քիչ հնացած են, սակայն կայանը բավականին մեծ հնարավորություններ է տալիս միջին կամ երկար ալիքներ հեռարձակելու համար: Աշխարհի բոլոր երկրներում նման կայանները ռազմավարական օբյեկտներ են, սակայն ոչ բոլոր պետություններն ունեն այդպիսիք։

Եվ նման ռազմավարական օբյեկտի օտարումն այլ պետության ռեզիդենտի, պարզապես անթույլատրելի է:

ՀՀ գլխավոր դատախազությանը

«Ռադիո» ՓԲ ընկերության հաշվետվությունները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, թե ընկերությունն էական շահույթ չի ապահովել, նույնիսկ վնասով է աշխատել: Թեև իրականում անցած տարիների ընթացքում իր հաճախորդներին շատ բարձր գնով է ծառայություններ մատուցել: Օրինակ՝ միայն Հայաստանի հանրային ռադիոն 2017 թ-ին տարեկան մոտ 60 մլն դրամ է վճարել ընկերությանը՝ միջին և կարճ ռադիոհաճախականություններով հեռարձակման համար: Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ ներկայումս ընկերությունը միջին ռադիոհաճախականությամբ հեռարձակման համար վճարում է տարեկան շուրջ 12 մլն դրամ։ Խումարյանը գնային փոփոխությունը պայմանավորեց կարճ ալիքով հաղորդումների հեռարձակման դադարեցմամբ, սակայն պարզ է, որ 5 անգամ էժանացման հիմքը միայն դա չէ:

Գ.Խումարյանը նաև նշել է, որ պայմանագրի վերջին փոփոխությամբ փոխվել է միջին ռադիոհաճախականությամբ հեռարձակող հաղորդակը, որը, չնայած նվազ հզորության, ապահովում է աշխարհագրական առավել արդյունավետ ծածկույթ։

Կարելի է ենթադրել, որ օտարերկրյա ընկերություններին «Ռադիո» ՓԲԸ-ն ավելի մեծ գնով է ծառայություն մատուցել, այսինքն՝ զգալի շահույթ է ապահովել իր սեփականատերերի համար: Իսկ թե ինչու չեն կատարվել ներդրումային պարտավորությունները և ուր է գնացել այդ շահույթը, սրանով, թերևս, պետք է զբաղվեն իրավապահները։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին