9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115545.6 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ
Այլ Լուրեր

Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրվա առթիվ նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ տիկին Ֆոր,
Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանզի հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.): Այս երկու փաստաթղթերը հիմնված են մարդկության կարևոր առաքելության վրա` անվերապահորեն պաշտպանելու երեխաների իրավունքները ցանկացած իրավիճակում` երաշխավորելով նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանները:
Ցավոք, այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) երեխաները զրկված են իրենց իրավունքներից, այդ թվում ՝ երեխաների կյանքի, առողջության իրավունքից, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքից, անձնային զարգացման ու պաշտպանության իրավունքից, կրթության իրավունքից և մի շարք այլ հիմնարար իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և չտարբերակված հարվածների է ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ: Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 50 զոհ և 163 վիրավոր, ներառյալ՝ 1 զոհված և 9 վիրավոր երեխա:
Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաներն իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով առավել անվտանգ վայրերում՝ Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում:
Դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ:
Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն՝ զրկվելով իրենց իրավունքներից և անհոգ մանկությունից: Բազմաթիվ երեխաներ կորցրել են իրենց հայրիկներին ու հարազատներին, ականատես են եղել հրետակոծությունների, ինչը հանգեցրել է ծանր հոգեբանական տրավմաների և զարգացմանը խոչընդոտող այլ հետևանքների:
Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ ես պատրաստել եմ արտահերթ զեկույց, որում փաստագրել և վերլուծել եմ Ադրբեջանի կողմից Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները:
Առաջնահերթ համարելով ցանկացած հանգամանքներում երեխաների իրավունքների պաշտպանությունը և ակնկալելով աշխարհի բոլոր երեխաների պաշտպանը լինելու Ձեր վճռական հանձնառությունը՝ Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ զեկույցը և խնդրում պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Նմանատիպ Հոդվածներ

Արտակ Բեգլարյանի կոչը Ստեփանակերտի այն թաղամասից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել են տարեց կինն ու նրա երկու թոռները

Նատա Հարությունյան

Ադրբեջանի զինուժի գործողությունների հետևանքով Արցախում մինչ օրս առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել

Նատա Հարությունյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը. ուղիղ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին