20 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » Արցախի Ազգային ժողովը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում է անցկացրել
Քաղաքականություն

Արցախի Ազգային ժողովը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում է անցկացրել

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունվարի 20-ին տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում, որին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուքքաղաքի խորհրդի անդամ և Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ և պատասխանատուներ, պետական համակարգի ներկայացուցիչներ և Բաքվի ջարդերը վերապրածներ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով քննարկումը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստին և հանձնաժողովի ընդունած հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը՝ Բաքվի ջարդերի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու ու դրանք դատապարտելու առումով:

Հիմնական բանախոս Աննա Աստվածատուրյան Թերքոթը, խոսելով Բաքվի ջարդերի մասին, ներկայացրել է այն բոլոր խնդիրները, որոնց առնչվել ու առնչվում են փախստականներն առ այսօր:

«Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում: Դա է մեր դժբախտությունը: Ես ամենուր ինձ փախստական եմ զգում»,-ասել է Աննա Աստվածատուրյանը:

Բանախոսը նաև նշել է, որ, ցավոք սրտի, առ այսօր այդ հարցի նկատմամբ չի եղել պետական համապարփակ մոտեցում, և մի քանի օր առաջ ՀՀ-ում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը դրան ուղղված առաջին քայլն էր:

Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, որը կարևորել է Բաքվի ջարդերի մասին տեղեկատվության հանրայնացման և առաջմղման եղանակների որոնումը ու կազմակերպումը: Խոսելով Բաքվի իրադարձությունների մասին՝ նա նշել է, որ հայերի պատմության ընթացքում թե զոհը և թե կատարողը միշտ նույնն է: «Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է»,-ընդգծել է Մանասյանը՝ խոսելով Ադրբեջանի վարած հակահայ քարոզչության մասին: 

Մասնակիցները բանախոսներին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:

Ամփոփելով հանդիպումը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ և΄ Հայաստանում, և΄ Արցախում պետք է պատրաստել 88-90-կան թվականների դեպքերի վերաբերյալ փաթեթ, որը ամենաճիշտ հիմնավորումը կլինի, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում թե΄ սուվերենության և թե΄ իրավազորության առումով:

Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը

Նատա Հարությունյան

Հակառակորդի ևս 12 տանկ է խոցվել. մարտական գործողությունները շարունակվում են

Անի Գրիգորյան

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինը որդի է ունեցել. նրան անվանել են Մոնթե

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին