-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115881.6 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքների մասին հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ
Այլ Լուրեր

Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքների մասին հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպման մասնակիցներին համապարփակ զեկույց ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր  թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։

Արտակ Բեգլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակի վրա և ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի:

Պաշտպանը ներկաներին իրազեկեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայի հարթակներում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։

Իր զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:     

Արման Թաթոյանն անդրադարձավ նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների կետերում կատարում են իրավապաշտպան՝ իրականությունը ներկայացնելու ֆունկցիա, և այդ գործառույթներին խոչընդոտելու և Արցախում պատերազմի արդար լուաբանումը լռեցնելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտ սպառնալիքներից և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ անցել է լրագրողներին ուղղակի թիրախավորելուն և կյանքին ու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու գործելակերպին: Արման Թաթոյանն այս գործելաոճը որակեց որպես  հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:             

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր խոսքում ներկայացրեց Արցախի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված քաղաքացիական բնակչության վրա ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելուն, մասնավորապես խաղաղ բնակչության պաշտպանության, ժամանակավոր տեղահանվածներին ապաստան տրամադրելու և առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հետ կապված: Նա ընդգծեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և մասնավորապես՝ մարդասիրական մասնագիտացված կառույցների ուղղակի ներգրավվումը:

Մասիս Մայիլյանը շեշտեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գերժամանակակից զինատեսակների օգտագործմամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան, որը զուգակցվում է միջազգային իրավունքի և մարտական գործողություններ վարելու ընդունված նորմերի կոպտագույն խախտումներով, Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք է, ինչին հակազդելու համար միակ գործուն միջոց կարող է լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից:    

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նախապես ծրագրավորված այս ագրեսիան տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախի ժողովրդին մեկուսացնելու և իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության շարունակական դրսևորումն է: Նա հավելեց, որ ադրբեջանական ագրեսիան այսպիսի ծավալներ չէր ընդունի, եթե հակամարտությանն անմիջականորեն չներգրավվեր Թուրքիան իր քաղաքական և ռազմատեխնիկական  ներուժով՝ այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայման տեսքով, ինչը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչության կյանքին և կենսագործունեությանը սպառնացող լրջագույն վտանգ է:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Նատա Հարությունյան

Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ․ ԱՀ ԱԳՆ

Անի Գրիգորյան

Համացանցում լայն տարածում են գտել գերիների տեսանյութեր, որոնք կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ․ ԱԱԾ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին