25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Արցախի հաղթանակի դեպքում ահաբեկիչների խնդիրը կթուլանա նաև Իրանի համար. իրանագետ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Արցախի հաղթանակի դեպքում ահաբեկիչների խնդիրը կթուլանա նաև Իրանի համար. իրանագետ

Իրանն այն երկիրն է, որը սահմանակից է և Հայաստանին, և Արցախին և Ադրբեջանին: Իրանագետ Գարիկ Միսակյանը NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հակամարտությամբ Իրանն անհանգստացած է իր հյուսիսային շրջանների համար, քանի որ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները համարվել են Իրանի համար խաղաղ սահմաններ` մասնավորապես արցախյան սահմանից որևէ վտանգ երբեք չի զգացել:

Թուրքիան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար Սիրիայից և Լիբիայից ներգրավվել է վարձկաններ: Վարձկանները սուննի իսլամի հետևորդներ են, իսկ Իրանում պետական կրոնը Իսլամի շիա ուղղությունն է: Իրանագետն ընդգծեց, որ Թուրքիայից բերված ահաբեկիչները, որոնք Սիրիայից ու Լիբիայից են, Սիրիայի տարածքում կռվել են նաև Իրանի ուժերի հետ, և Իրանի համար թշնամի կազմավորումներ են համարվում:

Ադրբեջանում բնակչության զգալի մասը ևս շիա իսլամական է, սակայն Գարիկ Միսակյանի խոսքով Ալիևի վարչակարգի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվել շիաական հոսանքների ճնշման ուղղությամբ և նա երբեք թույլ չի տա շիաների գլուխ բարձրացնելը. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը կրոնական պետություն է, և պետական կրոնը Իսլամի շիա ուղղությունն է, ապա Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, և Ալիևի վարչակարգի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվել շիաական հոսանքների ճնշման ուղղությամբ, և նա երբեք թույլ չի տա շիաների գլուխ բարձրացնելը»:

Իրանագետի մեկնաբանմամբ, քանի որ Ալիևը հաշվի չի առել Ադրբեջանի շիական լինելն ու տարածաշրջան է բերել սուննի իսլամի հետևորդ վարձկան ահաբեկիչներին` կարող է նրանց հեռահար նպատակներով օգտագործել տարածաշրջանում` Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հագուրդ տալով. «Ինչու չէ, կարող է նաև ծրագրեր ունենալ Իրանի հետ կապված: Սակայն ներկա փուլում ահաբեկիչներն օգտագործվում են Արցախի հարավային ճակատում»:

Մեր զրուցակիցը հիշատակեց, որ Իրանում անհանգստությունն ահաբեկիչների մասով մեծացավ նրանց ներկայությունը ապացուցող տեսանյութերի հայտնվելուց հետո և Իրանի ոչ միայն նախագահի, այլև Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների մակարդակով հայտարարեցին, որ Իրանը չի հանդուրժի սեփական սահմանների հանդեպ ոտնձգությունը. «Իրանի այս հայտարարությունը կարելի է համարել, որ մեծապես ուղղված էր Թուրքիային, քանի որ Թուրքիային էին նախազգուշացնում սեփական սահմանների հանդեպ ոտնձգությունների փորձչիրականացնելը»:

Օրերս Իրանի քաղաքներից մեկում`Թավրիզում, տեղի ադրբեջանցիները ցույց էին կազմակերպել այս պատերազմում` ի պաշտպանություն Ադրբեջանի` պահանջում էին փակել Իրան-Հայաստան անցակետը, սակայն նրանք ճնշվեցին ոստիկանության կողմից:

Իրանագետի խոսքով` Հյուսիսային Ատրպատականի որոշ քաղաքներում կան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ուղղորդվող պանթուրքիստական խմբավորումներ, և նրանց Արցախյան պատերազմի ընթացքում հակահայկական գործողությունները բավական լուրջ ձևով ճնշվեցին Իրանի ոստիկանության կողմից. «Իրանի կողմից սա օգտագործվեց նաև սեփական երկրի տարածքում պանթուրքիստական ուժի թուլացման համար»:

Գարիկ Միսակյանի դիտարկմամբ` այս պատերազմում Արցախի հաղթանակի դեպքում ահաբեկիչների խնդիրը կթուլանա նաև Իրանի համար: Իրանագետի կարծիքով` Իրանի կողմից երբեմն հնչող Ադրբեջանի տարածքային ամբողջականություն արտահայտությունը կապված է Իրանի ներքին խնդիրների հետ. «Հակամարտության պատմության ընթացքում Իրանը մշտապես փորձել է չեզոք դիրք զբաղեցնել, այսինքն` հայտարարել, որ բանակցային գործընթացով պետք է հակամարտությունը լուծվի նաև շեշտելով տարածքային ամբողջականությունը, որը կապված է Իրանի ներքին խնդիրների հետ: Եվ չնայած Իրանի չեզոք քաղաքականությունը այս պատերազմում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, այնուամենայնիվ Իրանին ձեռնտու է Իրան-Արցախ սահմանի գոյությունն ու ընդլայնումը, որովհետև որևէ վտանգ այնտեղից չի կարող ունենալ»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Իրանի դիրքորոշման կոշտացում կա ուղղված Ադրբեջանին. «Վերջերս Իրանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարութունը, որ զինվորի գլուխ կտրելն ընդունելի չէ ընդհանրապես մարդկության համար` սա ևս մեկ միջնորդավորված հայտարարություն էր ուղղված Ադրբեջանին` ծայրահեղականներին օգտագործելու վերաբերյալ»:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Նատա Հարությունյան

Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ․ ԱՀ ԱԳՆ

Անի Գրիգորյան

Համացանցում լայն տարածում են գտել գերիների տեսանյութեր, որոնք կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ․ ԱԱԾ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին