24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Արցախի ներկայիս ղեկավարության ու Սամվել Բաբայանի միակ տարաձայնությունը իշխանությունը գրավելն էր․ հիմա Բաբայանը պաշտոն կստանա․ Վ․ Բադասյան
Այլ Լուրեր

Արցախի ներկայիս ղեկավարության ու Սամվել Բաբայանի միակ տարաձայնությունը իշխանությունը գրավելն էր․ հիմա Բաբայանը պաշտոն կստանա․ Վ․ Բադասյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդ Վահան Բադասյանի հետ։

— Պարո՛ն Բադասյան, Արցախն արդեն նոր նախագահ ու խորհրդարան ունի։ Հիմա քաղաքական ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Արցախի քաղաքական խճանկարում։

— Արցախում քաղաքական իրավիճակը լի է ամեն ինչով՝ իր վտանգներով, իր հիասթափություններով և այլն, որովհետև ժողովրդի տրամադրությունները չի արտացոլվում խորհրդարանում։ Այսինքն՝ այս ժողովուրդը փոփոխություն է ուզում,  բայց ՀՀ իշխանությունները, իմանալով հանդերձ, որ Արցախի ժողովուրդը փոփոխություն է ուզում, օգնեցին Արցախի իշխանություններին 2 տարի պատրաստվել ժողովրդին խաբելուն։ Ասպարեզ նետեցին դեսանտային ուժերի՝ կեղծ ընդդիմադիրների, կեղծ թեկնածուների, ովքեր իրականության մեջ քաղաքական աղբ են։ Ես նրանց վաղուց եմ քաղաքական աղբ համարել, շատերը վիրավորվել էին, բայց հիմա վերջնականապես ապացուցեցին, որ, իրոք, քաղաքական աղբ են, որովհետև ասպարեզ նետված բոլոր դեսանտայինները ցանկացել են գրավել ընդդիմության դերը։

— Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ։ Ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին՝ հաշվի առնելով Բաբայանի քաղաքական անցյալը։

— Ասացի չէ, որ իրականությունն այն է, որ շատերը ոչ թե ընդդիմություն էին, այլ նախկին իշխանություն էին, նախկին թալանչիներն էին։ Կոնկրետ Սամվել Բաբայանն ո՞վ է՝ նախկին իշխանավոր, թալանչի, երկիր թալանած, նշված երևույթներով քրեական գործով դատապարտված, նախագահի դեմ տեռոր արած, բայց ինքը հանդես եկավ որպես ընդդիմություն։Ինչ-որ մի պահ ՀՀ նախկին իշխանություններին ինքը դեմ էր, նա հետապնդվեց ու ձերբակալվեց, այդ պահն օգտագործեցին Արցախի իշխանությունները, օգտագործեց նաև Սամվել Բաբայանը։ Նա եկավ այստեղ, մեծ գումարներ ծախսեց՝ Ռոբերտ Քոչարյանի ու այլ մարդկանց հովանավորությամբ, գրասենյակներ հիմնադրեց, աշխատողներ ընդունեց, կողմնակիցներ հավաքեց և այլն  ու գրավեց ընդդիմության տեղը։ Ու նա ամբողջովին վերցրեց ընդդիմության ձայները։Ժողովրդի հետ անմիջապես շփվել եմ թե՛ որպես նախագահի թեկնածու, թե՛ որպես քաղաքական կուսակցություն ու տեսա, որ  ասում են, որ չեն ցանկանում իրենց ձայները փոշիացնել, այլ ուզում են ձայները տալ ընդդիմադիր թեկնածուին՝ Մասիս Մալիյանին, ընդդիմադիր կուսակցությանը։ Պարզվում է, որ մարդիկ իրականության մեջ զբաղված են քաղաքական առևտրով, ջատագովն են եղել ու ամեն ինչ արել են, որ հին իշխանությունները վերարտադրվեն և արդյունքի հասան։ Զարմանալու որևէ բան չկա, պարզապես կա փաստ, որը պետք է արձանագրել՝ դիմակները հանեցին և անցան իրենց հիմնական գործին, այսինքն՝ ամեն գնով ստանալ պաշտոն։

— Կարծում եք՝ Սամվել Բաբայանը պաշտո՞ն կստանա՝ հաշվի առնելով այն, որ նա ու Արայիկ Հարությունյանը նախինում տարաձայնություններ ունեին։

-Իհարկե, չեմ ասում, որ Արցախի ներկայիս իշխանությունների ու Սամվել Բաբայանի միջև չկան  տարաձայնություններ, բայց այդ տարաձայնությունը մեկն է՝ գրավել իշխանությունը։ Չի կարողացել Բաբայանը գրավի իշխանությունն, ուրեմն նա կհամագործակցի ու պաշտոն կունենա, այլ հարց է՝ իշխանության վերարտադրած քաղաքական ուժերը՝ կոնկրետ նախագահը կգնա այդ քային, թե՝ ոչ։Բայց  փաստն այն է, որ հուշագիր ստորագրել են։ Մենք սրան սպասում էինք, զարմացած չենք, հիմա պարզապես բացահատվեց ամեն ինչ։ Արդեն իսկ պարզ է, որ այս ամենը եղել է մանիպուլացիա ու քաղաքական խաղ, որ թույլ չտան խորհրդարան մտնել որևէ քաղաքական ընդդիմադիր ուժի։

— Ասացիք՝ Արցախում վտանգավոր իրավիճակ է։ Հնարավո՞ր է՝ ընդդիմությունը կոնսոլիդացվի, ու քաղաքական պայքար սկսվի։

— Առայժմ ոչ, որովհետև պարզ չէ այսօր, թե ով է ընդդիմությունը։ Նույնիսկ Սամվել Բաբայանի թիմից մարդիկ կան, որոնք քննադատում են Սամվել Բաբայանին։ Բայց ինչո՞ւ են քննադատում, որովհետև մանիպուլիստներ են, նրանք էլի քաղաքական աղբեր են, նրանք պետք է ներողություն խնդրեն ու փախչեն ասպարեզից, օրինակ՝ նման մեկը կար, որ հասարակությունից ներողություն խնդրեց, որ պաշտպանել է Մասիս Մայիլյանին ու եղել նրա թիմում, բայց կան մարդիկ, որոնք շարունակում են խաղալ, որովհետև իրենց դրել են, որ խաղան։  Նրանք հայտնի դեսանտայիններ են՝ այպես կոչված ընդդիմադիրները, որոնք դեսանտի պես իջեցվել են քաղաքական դաշտ։  Շատերն ինձ հարցնում են, թե ինչու չեմ միանում փողոց դուրս եկած այս կամ ուժերի։ Միանալը պետք է միանալ, բայց ես ո՞ւմ միանամ, ես պետք է միանամ ընդդիմադիրին, բայց հարց է՝ նա ընդդիմադի՞ր է, նա ծրագիր ունի՞, ո՞ւմ դրածոն է, ի՞նչ է անում։  Այսպիսի պայմաններում հնարավոր չէ միավորվել, որովհետև Արցախում մի քաղաքական մշակույթ է առաջացել, որը ժողովրդական մի խոսքով է լավ բնութագրվում՝ «շունը տիրոջը չի ճանաչում»։ Մարդիկ այսօր չեն իմանում,թե ով է իրական ընդդիմադիրը, ով է ժողովրդի մասին մտածում,  ով է միայն իր մասին մտածում։

— Այդ դեպքում ի՞նչ վտանգների մասին էիք ակնարկում։

— Վտանգավոր չէ նրանով, որ հեղափոխություն պետք է լինի, քանի որ հեղափոխություն ասվածը նույնպես վարկաբեկված է, քանի որՀՀ-ում հեղափոխություն եղավ, բայց հեղափոխությունը ՀՀ-ում չիրացվեց, միայն մարդիկ փոխվեցին, իհարկե, որոշ բաներ, կարելի է ասել՝ շատ բաներ փոխվեց, բայց էական հեղափոխությունը չիրացվեց։ Հիմա Արցախում հեղափոխությունը հնարավոր չէ, քանի որ չկա այդ լավ օրինակը, մոտիվացիա չկա, որ մարդիկ կանգնեն։ Այստեղ հեղափոխություն կլիներ երկու տարի առաջ ՝ՀՀ-ից  հետո։ Մենք դա պետք է անեինք, սակայն Նիկոլ Փաշինյանը հորդորեց մեզ բավարավել միայն ուժային կառույցների փոփոխությամբ, մենք վստահում էինք ՀՀ նոր իշխանություններին, սակայն կամաց-կամաց սկսեց ու հայտնաբերվեց, որ նրանք դաշնակցում են Արցախի հին իշխանությունների հետ։ Վտանգն այն է, որ այս խորհրդարանն ու կառավարությունը կարող են ձախողել ու հնարավոր է, որ չկարողանան երկիրը ղեկավարել, քանի որ ճգնաժամ է սկսվում։ Բան այն է, որ մարդիկ այսօր չեն ցանկանալու հին ձևով ապրել, բայց այս իշխանությունները կառավարման նոր ձև չունեն ու հին ձևով պետք է կառավարեն։ Այսինքն՝երկրի ընդերքը, ունեցվածքը, ՀԷԿ-երն, անտառներն ու գետերը, ջրերը նույն մարդկանց ձեռքում է գտնվելու, նույն մարդիկ շահագործելու են։ Կորոնավիրուսի պայմաններում մարդկանց տնտեսությունը փլուզվելու է, առաջնագծում լարվածությունը մեծանալու է, ու չգիտենք՝ այս կառավարությունը կարող է դիմակալել, թե՝ ոչ։ Վտանգները կան, իսկ մեզ մնում է լինել զգոն, որ պետք եղած ժամանակ, գոնե, տեր կանգնենք այս երկրին։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին